Աննա Վարդապետյանը հանդիպել է Իտալիայի զինվորական դատախազի հետ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 6-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկի հետ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, որպես Հայաստանում 2024 թվականին ձեռք բերված պայմանավորվածության արդյունք, կարևորել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի զինվորական գլխավոր դատախազության միջև Համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
«Զինվորական դատախազության արդյունավետ աշխատանքը բացառիկ նշանակություն ունի ժողովրդավարական հասարակությունում: Մենք միջոցներ ենք ձեռնարկում զինվորական դատախազների հմտությունների ամրապնդման և կատարելագործման ուղղությամբ: Պարբերաբար վերապատրաստման դասընթացներ ենք իրականացնում Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելում) հոդվածների, ինչպես նաև 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածների շուրջ: Այս հոդվածներով ամրագրված իրավունքների արդյունավետ պաշտպանությունն առավելապես կարևոր է զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդման տեսանկյունից», - նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու կարևորել կառուցողական մասնագիտական երկխոսություններն ու զինվորական դատախազների մասնագիտական փոխգործակցությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ զինվորական արդարադատության և կարգապահության, զինվորական գործերի քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության իրականացման առանձնահատկությունները:
Աննա Վարդապետյանը նաև շնորհակալություն է հայտնել Իտալիայի գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին՝ Հայաստանի Հանրապետության դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմում ներգրավվելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցություն ուղղությունները խորացնելու վերաբերյալ մի շարք հարցեր: