Գերմանիան Հայաստանին մինչև 2027թվականը 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի ռազմավարական համագործակցության ոլորտներում: 2025թ. hոկտեմբերի 31-ին Գերմանիան և Հայաստանը հաջողությամբ ավարտեցին երկրորդ միջկառավարական բանակցությունները։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։
Գերմանական պատվիրակության ղեկավար և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պետքարտուղար Նիլս Անենը նշել է. «Հայաստանի հետ համագործակցության մեջ մեր գերակա քաղաքական խնդիրը հետայսու ևս լինելու է այն աջակցությունը, որ ցուցաբերում ենք ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումներին և սոցիալական առումով ներառական, բնապահպանական առումով հավասարակշռված տնտեսական զարգացմանը՝ առաջնորդվելով քաղաքական կայունությանը և խաղաղությանը միտված Կենսակայուն զարգացման նպատակներով (Sustainable Development Goals)։ Դրա էական բաղադրիչն է, որ, կարևորելով ԵՄ-Հայաստան գործընկերության խորացումը, խթանենք ԵՄ նորմերին և չափանիշներին Հայաստանի համապատասխանեցումը։ Ավելին՝ բարեփոխումներին ուղղված բոլոր ջանքերը պետք է իրենց անմիջական նպաստը բերեն հայ ժողովրդին։ Միայն այս հիմքով է հնարավոր, որ խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը և սահմանների հնարավոր բացումը կայուն ու հարատև լինեն Հայաստանի ողջ հանրության համար»։
Գերմանիան և Հայաստանը առաջիկա երկու տարիների համար համաձայնության են եկել հետևյալ ռազմավարական ոլորտների շուրջ․
Մասնավոր հատվածի զարգացման, ինչպես նաև միջին-մասնագիտական կրթության ու վերապատրաստման, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների և հասարակության խոցելի խմբերի աջակցության նպատակով կտրամադրվի 75 միլիոն եվրո․ աջակցությունը կուղղվի հատկապես գյուղական վայրերին։ Կենտրոնական բանկի Գերմանահայկական ֆոնդին (GAF) տրամադրվելիք նոր վարկի շնորհիվ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններն ավելի լայն հասանելիություն կունենան տեղական արժույթով վարկերին՝ արդիականացնելու իրենց ձեռնարկությունները, ամրապնդելու իրենց մրցունակությունն ու արտահանման հնարավորությունները, միաժամանակ երաշխավորելու աշխատատեղերի կայունությունն ու ստեղծելու նոր աշխատատեղեր։ Վարկը կուղղվի նաև կանանց ղեկավարությամբ գործող տնտեսություններին, գյուղական վայրերում գործող ձեռնարկություններին, ինչպես նաև տեղահանված անձանց կողմից բացված ձեռնարկություններին։ Գերմանիան Հայաստանի տնտեսությանը կաջակցի նաև կանաչ և թվային խելացի լուծումներով, շրջանաձև և կանաչ բիզնես մոդելներով, ինչպես նաև կօգնի զարգացնել ձեռնարկատիրական հմտություններ՝ խթանելով հատկապես կանանց ձեռներեցությունը։ Տեխնիկական և մասնագիտական վերապատրաստման շրջանակում քոլեջների ուսումնական ծրագրերի մշակումը խստորեն կհամապատասխանեցվի մասնավոր հատվածի կարիքներին։ Դա կնպաստի Հայաստանի երիտասարդ սերնդի համար բարեկեցիկ աշխատանքային հնարավորությունների ստեղծմանը և հայկական ընկերությունների համալրմանը որակավորված մասնագետներով։
Արդար անցման (just transition), էներգարդյունավետության և վերականգնվող էներգակիրների ոլորտներին հատկացվող ընդհանուր 66 միլիոն եվրո վարկերով և դրամաշնորհներով Գերմանիան Գերմանահայկական ֆոնդի միջոցով նոր վարկեր կտրամադրի մասնավոր հատվածին՝ ապագայի համար պատասխանատու էներգարդյունավետ մեքենաների և համակարգերի, վերականգնվող էներգետիկ լուծումների, ինչպես նաև մարտկոցային կուտակիչ համակարգերի ոլորտներում ներդրումներ կատարելու համար: Գերմանիան Հայաստանի գյուղական համայնքներին կօգնի նաև հանրային շենքերում և տնային տնտեսություններում կիրառել կայուն, ծախսարդյունավետ և կլիմայի առումով դիմակայուն էներգետիկ լուծումներ, որոնք կծառայեն բնակչության հրատապ կարիքներին։
Արդյունավետ կառավարման և համայնքային ինտեգրված զարգացման շրջանակում Գերմանական տեխնիկական համագործակցությունը լրացուցիչ 5,6 միլիոն եվրո կուղղի հանրային կառավարման բարեփոխումներին, այդ թվում՝ արդյունավետ ֆինանսական կառավարմանը, կառավարության ռազմավարական բարեփոխումներին և ապակենտրոնացման բարեփոխմանը, մասնավորապես՝ գյուղական համայնքների պատասխանատվության ու դերի ամրապնդմանը և մասնակցային բյուջետավորման բարելավմանը: Սեփական համայնքներում որոշումներ կայացնելու գործում Հայաստանի քաղաքացիների դերը խթանելու նպատակով միջոցներ կարող են հատկացվել այն խնդիրների համար, որոնք առավել հրատապ են համայնքի անդամների տեսանկյունից․ դա կնպաստի ժողովրդավարության ամրապնդմանը։
Բեռլինյան բանակցություններում քաղաքական ազդեցիկ երկխոսության առարկա է դարձել նաև ջրային տնտեսության և ջրահեռացման թեման։ Հատկացնելով 4 միլիոն եվրո դրամաշնորհ՝ Գերմանիան կշարունակի աջակցություն ցուցաբերել ջրային կառավարման ոլորտին և համապատասխան իրավակարգավորումների մշակմանը՝ ջրահեռացման ադապտացված լուծումներ առաջարկելով հատկապես գյուղական համայնքներում։
Գերմանիան Հայաստանի կարևոր գործընկերը կլինի նաև 2026 թվականին սպասվող քաղաքական կարևորագույն իրադարձությունների առումով։ Լրացուցիչ աջակցություն կտրամադրվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և քաղաքացիական հասարակությանը՝ ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ գալիք հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության #COP 17 համաժողովի համար։
Գերմանական պատվիրակությունը բաղկացած էր Արտաքին գործերի նախարարության, Էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության, Շրջակա միջավայրի, կլիմայի պաշտպանության և միջուկային անվտանգության նախարարության, ինչպես նաև կատարող գործընկեր կազմակերպություններ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և KfW զարգացման բանկի ներկայացուցիչներից։
Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պատվիրակությունը գլխավորում էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․ պատվիրակության կազմում ընդգրկված էին կարևորագույն գործընկեր նախարարություններ՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Շրջակա միջավայրի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարների։ Հայկական կողմից բանակցություններին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի գրասենյակի, ինչպես նաև Ֆինանսների և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ։