«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն են առաջարկում պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը եւ Նարեկ Ղահրամանյանը: Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Հեղինակներն առաջարկում են «Պետական տուրքի մասին» գործող օրենքի 19.6-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզիայի տրամադրման պետական տուրքը բազային տուրքի 29-ապատիկի փոխարեն սահմանել 55-ապատիկի չափով:
Հիմնական զեկուցող Նարեկ Ղահրամանյանը պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է մետաղական ամրանների մասով ներմուծման համար սահմանված տուրքին: Այս պահին ներկրման տուրքը 29.000 դրամ է: Իրանա-իսրայելական հակամարտությունից հետո պայմանավորված իրանական արժույթի անկմամբ՝ իրանական շուկայում կտրուկ նվազել են ամրանների գները (մոտ 35 հազ. դրամով մեկ տոննայի համար): Այդ պատճառով անհավասար պայմաններ են ստեղծվել ներկրողների եւ տեղում արտադրողների համար:
Հարակից զեկույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը նշել է, որ Կառավարության քաղաքականության արդյունքում վերջին տարիներին ՀՀ-ում սեւ մետալուրգիայի ոլորտում ստեղծվել է մի քանի ձեռնարկություն, որոնիցից առնվազն 3-ը զբաղվում է նաեւ ամրանների արտադրությամբ եւ եւս մի քանիսը՝ մինչամրանային պատրաստուկների: Փոխնախարարը ներկայացրել է իրենց գերատեսչության հաշվարկը, որը պայմանավորված է ոչ թե հարեւան երկրի արժույթի արժեզրկմամբ, այլեւ մրցակցության վրա ազդող դեմպինգային գործոններով: Հաշվարկի արդյունքում ստացվել է 45.000 դրամի սահմանում: «Մեր հաշվարկներում չենք ներառել հարեւան երկրում արժույթի արժեզրկումը, քանի որ դա փոփոխական իրողություն է եւ կարող է որոշ ժամանակ անց փոխվել: Դրա համար դեմպինգային գործոններով ենք առաջնորդվել ու փորձել հավասար մրցակցային դաշտ ստեղծել թե՛ ներմուծողների, թե՛ արտադրողների համար»,- նշել է Էդգար Ղազարյանը:
Հարցուպատասխանի ու ելույթների ձեւաչափում անդրադարձ է եղել սպառողի շահերի իրավունքների պաշտպանությանը, գնաճային հնարավոր տատանումներին, բյուջեի մուտքերի ավելացման ռիսկերին, ոլորտի պետական աջակցությանը եւ այլ հարցերի: Նշվել է, որ մեկ շաբաթ առաջվա տվյալներով 24.000 տոննայի լիցենզիա տրվել է:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադեւոս Ավետիսյանի պնդմամբ տեղական արտադրողի համար երկարաժամկետ զարգացման հնարավորություններ պետք է ստեղծվեն, այդ թվում՝ տարածաշրջանային շուկայում, որ անընդհատ հարկը բարձրացնելու կամ իջեցնելու անհրաժեշտություն չլինի:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գնահատմամբ կարգավորումը վերաբերում է երկար արտադրական ու տնտեսական շղթաներին: Այս ճանապարհով գնալու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով շուկայի փաստացի իրողությունները եւ արտադրողների իրական մտահոգությունները: Նշվել է, որ առաջարկը 55-60 հազար դրամի սահմաններում է եղել եւ քննարկումների արդյունքում մեկ կիլոգրամի համար չափը սահմանվել է 45 դրամ: Ընդգծելով, որ տեղական արտադրողին պաշտպանելու հրատապ անհրաժեշտություն կա՝ Բաբկեն Թունյանը կարեւորել է օր առաջ այս կարգավորումների ընդունումը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում լրամշակումների արդյունքում պետական տուրքը բազային տուրքի 55-ապատիկի փոխարեն կառաջարկվի սահմանել 45-ապատիկ:
Քննարկումների արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: