Անհավասար պայմաններ ու վարձատրություն. ինչո՞ւ են բողոքում բուժաշխատողները
VERELQ-ը շարունակում է բողոքներ ստանալ մասնավոր ԲԿ-ների բուժաշխատողներից, որոնք ահազանգում են, որ առողջապահական համակարգը պատրաստ չէ վճարման միասնական մոտեցում ցուցաբերել համավարակի օրերին ծանրաբեռնված ռեժիմով աշխատող բուժաշխատողների նկատմամբ:
Պարզվեց, որ նրանք, ովքեր մարտից սկսած աշխատել են օրական 24 ժամ, շաբաթներով տուն չեն գնացել ծանրաբեռնվածության պատճառով աշխատավարձ ստանալիս չեն գնահատվել ըստ արժանվույն, իսկ ոմանք ընդհանրապես չեն վճարվել հարկադիր պարապուրդի պատճառով:
Բայց, ահազանգում է մեր զրուցակիցը, քանի որ խոսքը մասնավոր բուժհաստատությունների մասին է, ապաև Առողջապահության նախարարությունը իրավասու չէ միջամտել գործատու-աշխատակից հարաբերություններին. «Փաստացի բուժաշխատողները իրենց խնդիրների հետ մնացել են միայնակ ու անօգնական վիճակում»,- նշեց նա:
Կան դեպքեր, երբ, հակառակը, պարգեվավճարները բաժանվել են նաև նրանց, ովքեր այս օրերին չեն աշխատել, ընդ որում՝ հավասարության սկզբունքով: Մեր զրուցակիցը նշեց, որ նման դեպք է եղել երևանյան պոլիկլինիկաներից մեկում, երբ տնօրենի կամայական որոշմամբ պարգևավճարները հավասարապես են բաշխվել և՛ այս օրերին ծանրաբեռնված աշխատածների, թե՛ արձակուրդը նախընտրած բուժաշխատողների միջև:
Ահազանգում են նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մի խումբ օրդինատորներ՝ նշելով, որ բարերարների հանգանակած գումարներն անարդարացի են բաշխվում բուժաշխատողների միջև: Մասնավորապես՝ Վարդանյան եղբայրների հանգանակած գումարները, որոնք բաժանվել են միայն ավագ բուժանձնակազմի միջև, մինչդեռ օրդինատորները ոչ պակաս ծանրաբեռնվածությամբ են աշխատել ու աշխատում:
VERELQ-ը հաջորդիվ կանդրադառնա այս խնդրին: