24.11.2024
Կառավարության կողմից ձեռնարկված սոցիալական միջոցառումները բավարար չեն. Ղուկասյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Պատգամավորները դժգոհ են. «սոցիալապես անապահովները» պարգևավճարից չեն հրաժարվել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում «Իմ քայլը» նոր փորձության առջեւ է կանգնել. մարտ ամսվա պարգեւավճարները սրտի մրմուռով փոխանցել են կորոնավիրուսի ֆոնդին, բայց պատերի տակ դժգոհում են․ «Արսեն Թորոսյանն իր ընկերներին փայ-բաժին հանի, մենք պարգեւատրումից զրկվենք»։ Ընդ որում, «Իմ քայլի» մի քանի «անապահով» պատգամավորներ չեն փոխանցել այդ գումարը, ինչը մյուսների մոտ զայրույթ է առաջացրել, եւ նրանք պատրաստվում են Արարատ Միրզոյանի առջեւ հարց բարձրացնել. «Կա՛մ փոխանցում ենք բոլորս, կա՛մ` ոչ մեկը, էդ փողը մեզ էլ ա պետք»: Իսկ այս օրերին խորհրդարանում պատրաստվում են 3 ամսվա պարգեւավճարները եւս փոխանցել կորոնավիրուսի ֆոնդին: «Որեւէ ներքին ըմբոստություն չկա, մի քանի հոգի ասել են, որ սոցիալապես ի վիճակի չեն փոխանցել, մեկ թե երկու հոգի էլ` կեսն են փոխանցել»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Ի՞նչ են անում, որ «սոցիալապես անապահով» են։ «Մենք, ի տարբերություն նախկինների, օլիգարխների իշխանություն չենք, ոնց 2 տարի առաջ աղքատ եղել ենք, հիմա եւս շատ մարդիկ էդ վիճակում են»: 600-700 հազար դրամը չի՞ բավարարում, երկրում նվազագույն աշխատավարձը 68 հազար է, էլ չենք ասում արտակարգ ռեժիմի ու օրավարձով աշխատողների մասին, որոնց այսօր պետությունը չի կարողանում օգնել։ «Որպեսզի դուք, մնացյալը կարողանան բարձր աշխատավարձ ստանալ, երկրի, որեւէ ֆիրմայի կառավարումը պետք է իրականացնեն արհեստավարժ մարդիկ, եւ որ պառլամենտական երկրի պատգամավորը ստանում է ընդամենը 800-900 դոլար, ես կարծում եմ` լուրջ մտածելու տեղիք պետք է տա»:


«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունում մեծացել են ներքին դժգոհությունները։ Ե՛վ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, եւ՛ կառավարությունում շատերը նկատում են, որ համավարակի ավարտից հետո այս իշխանության գլխին սեւ ամպեր են կուտակվելու։ Մեր տեղեկություններով, այս անհանգստությունը նաեւ այլ ձեւով է արտահայտվում. ոմանք փորձում են նախկին «մնացորդների» հետ իրենց դժգոհությամբ կիսվել (հավանաբար ապագայում արդարացումներ ունենալու համար) եւ նշել, թե Փաշինյանն այլեւս չի կարող իրավիճակը վերահսկել ու հանրային դժգոհությունները սանձել։ Անշուշտ, ոմանց պարագայում այս «դավադրությունը» աննկատ չի անցնում։ Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանին լուրեր են հասել, թե իր թիկունքում որոշ մարդիկ խաղեր են տալիս։ ՈՒ ամենեւին պատահական չէր, որ նախօրեին նա բավական նյարդային ուղիղ եթեր մտավ ու սպառնաց բոլորին «самосуд»-ի ենթարկել»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները պետական ապարատում նոր «չիստկա» են սկսելու։ Սա կապված է Նիկոլ Փաշինյանի կողմից օրերս հայտարարած «խաչակրաց արշավանքի» հետ, երբ նա իր «լայվերից» մեկում հայտարարեց, որ հեղափոխության նոր ալիք է սկսվում, որի շրջանակներում պետք է ողջ պետական համակարգը «մաքրել Սերժի մնացորդներից»։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, «Սերժի մնացորդներից» մաքրելու նպատակով վարչապետի աշխատակազմն արդեն իսկ Փաշինյանին է ներկայացրել պետական համակարգում աշխատողների ամբողջական ցուցակը, որտեղ հանգամանալից ներկայացված է, թե յուրաքանչյուր աշխատակից ինչ քաղաքական թիմի անդամ է եւ երբ է ընդունվել աշխատանքի։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանության համար «անցանկալի» կադրերը գլխավորապես միջին օղակի պաշտոնյաներ են, որոնք առաջիկայում հրաժեշտ կտան իրենց զբաղեցրած պաշտոններին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ Պետական վերահսկողական ծառայությունը, հատկապես Դավիթ Սանասարյանից հետո, համալրվում է նախկին կադրերով, բազմիցս գրել ենք։ Այդ կառույց հիմնականում գնում են ՊԵԿ-ից, ովքեր նախկինների նշանակածներն են։ Վերջերս ՊՎԾ-ում ևս մեկ ուշագրավ նշանակում է կատարվել։ Կրթության տեսչության աշխատակցուհի Գայանե Արզումանյանը նշանակվել է ՊՎԾ ընդհանուր բաժնի պետ։ Այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթի 5 մասնակիցներից հենց նա է ընտրվել։ Կրթության տեսչությունը Սասուն Համբարձումյանի կողմից լքելուց հետո Գայանե Արզումանյանը պետք է դառնար վարչության պետ, բայց վերջինս նախընտրեց երկրի կարևորագույն վերահսկողական ծառայությունը։ Արզումանյանը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մտերիմներից է։ Փաստորեն, Սերժի մնացորդները ոչ միայն պետական համակարգից չեն հեռացվում, այլև շատ հարմար տեղավորվում են այնտեղ»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը, որը բազմիցս հայտարարել է, որ նախկին իշխանության օրոք իրեն կեղեքել են, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ տեղեկություններ է հայտնել: Նա ասել է, որ «Կենտրոնական բանկի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանն է մեղավոր, որ նախորդ իշխանության ձեռքին գործիք էր դարձել և կազմակերպեց իմ գույքերը վերցնելու օպերացիան: Աղաղակող փաստեր կան… Կենտրոնական բանկը բացի գրավոր խոստանալուց, ուրիշ քայլ չձեռնարկեց և 6 մլն դոլարի կորցրած իրավունքը չփորձեց վերականգնել: Ես էլ բնականաբար հրաժարվեցի 5,6 մլն դոլարը փոխանցել: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը լկտիաբար դիմեց դատարան, ու դատարանը ակհայտ ապօրինի դատական ակտ կայացրեց այդ գումարն ինձանից բռնագանձելու մասին»: Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, այսօր Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում գործարարի հայտարարությունների մասով հարուցված է քրեական գործ և քննություն է ընթանում: Թե ինչ արդյունք կունենանք, ժամանակը ցույց կտա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրանում և պահանջում է վերջապես հայտնաբերել «նախկինների» թալանածը, ՊԵԿ-ը ինչ-որ աղմկոտ ակտ է կազմում, որը հետագայում ինքն էլ «ջրում» է։ Օրինակ՝ անցած տարի Քոչարյաններին պատկանող «Նաիրի ինշուրանսի» դեպքում հայտարարվեց հանցավոր սխեմաներ հայտնաբերելու մասին, սակայն փաստ է, որ 2016թ. հետո Լևոն Քոչարյանի հիմնարկում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, ժողովրդի լեզվով ասած՝ հարկային ստուգում չի իրականացվել։ Թերևս այստեղ իր դերը խաղում է ՊԵԿ-ից «Նաիրի ինշուրանսում» կատարված համալրումը, երբ Արաբկիրի հարկայինի պետը տեղափոխվեց Քոչարյանների կայսրություն որպես տնօրենների խորհրդի անդամ՝ ըստ էության, նրանց ապահովագրելով տարբեր «արհավիրքներից»»։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանից իր բիզնեսը Ռուսաստան և Գերմանիա է տեղափոխում X գրուպ ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը: Մինչև հեղափոխությունը Խաչատրյանը վայելում էր նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հովանավորությունը, ինչից նա ներկայումս զրկվել է, իսկ դա նշանակում է, որ ստիպված է աշխատել օրինական դաշտում: Օրերս հայտնի դարձավ նաև, որ Խաչատրյանին պատկանող որոշ ձեռնարկությունների աշխատակիցների ստիպել են հետ վերադարձնել նրանց քարտային հաշիվներին փոխանցված աշխատավարձերը, քանի որ այդ ընկերությունները արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված չեն աշխատել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպում են նախատեսում, ինչի մասին խոսվել է Մնացականյան-Մամեդյարով տեսակապի ժամանակ։ «Սպասում են կորոնավիրուսի հնարավոր թուլացմանը, հանդիպման հարցում առավել շահագրգիռ է ռուսաստանյան համանախագահությունը, որը կողմերին առավել բաց խաղի մարտահրավեր է նետել»,- ասաց մեր աղբյուրը: Իսկ եթե կորոնավիրուսի հետ կապված պրոցեսը երկարի, հնարավո՞ր է այս անգամ եւս հանդիպումը հեռակապով տեղի ունենա։ «Չեմ կարծում. մանավանդ որ Թրամփն ասել է` արեւը «տանում» է կորոնան, առջեւում ամառ է»: Խնդրո առնչությամբ մենք հարցում չկատարեցինք ԱԳՆ-ից, որովհետեւ հնչելու էր ծանոթ ֆրազը. «Հանդիպման մասին տեղյակ կպահվի ըստ անհրաժեշտության` փոխհամաձայնեցված կարգով»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, երեկ տեղի է ունեցել ԱԺ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։ Գրել էինք, որ մինչ հանձնաժողովի գործողության ժամկետի ավարտը, կլսեն ՊԲ ներկայացուցիչներին։ Եվ ահա երեկ հանձնաժողովի դռնփակ նիստին մասնակցում էր Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արտակարգ իրավիճակների նախարար Լեւոն Մնացականյանը: Նկատենք, որ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մնացականյանը նշել է, թե ՝ իրենց հաշվարկով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է մինչեւ 400 հեկտար: Հիշո՞ւմ եք` ապրիլյան պատերազմից հետո նախկին նախագահ Սերժ Սարգսյանը եւս խոսել էր 800 հեկտարի կորստի մասին, սակայն վերջերս խմբագրեց իր ասածը` հայտարարելով 400 հեկտարի մասին։


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նիստի ընթացքում այս հարցը գլխավորներից մեկն է եղել եւ հանձնաժողովի անդամները փորձել են եւ ցանկացել են հենց նախկին նախարարից իմանալ՝ ի վերջո կորուստը քանի հեկտար է եղել եւ արդյոք Սերժ Սարգսյանը ստել է։ Ընդ որում, նրանք Մնացականյանին հիմնականում տվել են այն հարցերը, որոնք պետք է տային ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին, սակայն չեն կարողացել։ Այս անգամ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստն այնքան էլ երկար չի տեւել, ինչպես օրինակ Սերժ Սարգսյանի ժամանակ, սակայն կրկին բավական ակտիվ է անցել եւ յուրաքանչյուր պատգամավոր մի քանի հարց է տվել նախկին նախարարին։ Իսկ Մնացականյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հիմնականում պատմել է այն, ինչ 5-րդ հեռուստաալիքի նկարահանած հայտնի ֆիլմում է ասել: Նկատենք, որ շուտով հանձնաժողովի աշխատանքներն ավարտվելու են եւ մինչեւ այդ կփորձեն լսել ՊԲ եւս երեք ներկայացուցչի հետ։ Չի բացառվում հրավիրվի նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Սահմանադրական դատարանը հետաձգեց Արմեն Սարգսյանի դիմումի քննության օրը։ Ինչպես հայտնի է, խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» եւ դրան փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների սահմանադրականությունը պարզելուն։ Եվ այսօր պետք է բանավոր ընթացակարգով սկսվեր գործի դատաքննությունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի օրը տեղափոխվել է և կկայանա հունիսի 16-ին։ Որրպես հիմնավորում ՍԴ- ն նշում է, թե լրացուցիչ ուսումնասիրություններ անելու անհրաժեշտություն կա։ Նշենք, որ այս նախագծերը խորհրդարանի կողմից ընդունվել էին դեռ հունվարի 22-ին, սակայն կարգավորումներում ՀՀ նախագահն ըստ էության խնդիրներ է տեսել։ Նշենք, որ մինչ օրս գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված էին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկության ստացման հնարավորությամբ: Օրենքով թույլատրված էր ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները։ Նոր օրենքով քննություն իրականացնող մարմիններին հնարավորություն է տրվում բացել նաև հիշյալ անձանց հետ փոխկապակցված անձանց հաշիվները։ Նկատենք, որ չնայած այս դիմումի առկայությանը, խորհրդարանում քննարկվում է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» նախագիծը, որն իր մեջ եւս նման կարգավորումներ է պարունակում»։


«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին, երբ մարդիկ հազիվ են գլուխ հանում, թե կառավարության ծրագրերից որի շահառու կարող են լինել, անգամ պետական գերատեսչություններում աշխատող մարդկանց են դիմում, որ մարդկային լեզվով իրենց բացատրեն, կառավարությունն էլ ավելի է մոլորեցնում մարդկանց։ Պարզվում է, որ այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի երկու նախարար ունենք՝ Արտեմ Ասատրյան եւ Զարուհի Բաթոյան։ Քաղաքացին չգիտի` որ մեկին դիմի, որովհետեւ, եթե հետեւում ենք այս նախարարության պաշտոնական լրահոսին, այն է՝ կայքին, ստացվում է՝ այս նախարարությունը մի ոտքով նախկին, «հին» իշխանությանն է պատկանում, մյուսով՝ նոր։ Այս հասցեով քաղաքացիներին կողջունի, անգամ ուղերձ կհղի Արտեմ Ասատրյանը, իսկ այս հասցեով, Զարուհի Բաթոյանը։ Նախարարությունը երկու կայք է միաժամանակ պահում։ Քավ լիցի, որքան կայք ուզում են թող գործարկեն, բայց քաղաքացուն գոնե ասեն, թե որն է դրանցից պաշտոնականը, այսինքն՝ լսել Արտեմ Ասատրյանի՞ն, թե՞ Զարուհի Բաթոյանին։ Բավական զավեշտալի է հետեւել մի գերատեսչության աշխատանքին, որտեղ երկու նախարար է աշխատում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրամանով Շուշանիկ Սուլիկոյի Շուշանյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման (կադրերի) վարչության պետի պաշտոնում: Շուշանյանը Շողակաթ (նախկինում՝ Շորժա) համայնքի ՀՀԿ-ական երկարամյա գյուղապետի դուստրն է։ Համայնքապետը Զարեհ Սարգսյանի՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանի հոր ընկերն է։ Ճիշտ է, այս պաշտոնը համալրվում է մրցույթի միջոցով, բայց հայրը խոստովանեց, որ նրան առաջարկել են։ Շուշանյանը նախկինում զբաղեցրել է Սոցիալական ապահովության պետական ծառայության անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը, հայրն ասաց․ «Ընդեղ ա կռեր իրա աշխատանքային կենսագրությունը»։ Իսկ ծառայության պետը ժամանակին եղել է Զ․Սարգսյանը։ Հարցին, թե աղջիկն ինչպես որոշեց թողնել այդ լավ պաշտոնը եւ տեղափոխվել ԱԺ, ասաց․ «Էդ արդեն ինքը չի որոշել, առաջարկություն ա եղել, ինքը սկզբից չէր համաձայնում, հետո երեւի համոզել են»։ Ո՞վ է առաջարկել՝ Սարգսյաննե՞րը։ «Բացարձակ՝ ոչ»։ «Դուք ո՞ր Սարգսյաններին նկատի ունեք»։ «Որին Դուք ունեք»։ Մտերի՞մ եք Սարգսյանների հետ։ «Իրանք (երկվորյակ եղբայրներին նկատի ունի) ինձ շատ մոտիկ մարդիկ են՝ ծնված օրվանից, համագյուղացիներ ենք, իրենք որ ծնվել են՝ 1992 թվականի օգոստոսի 8-ին, իրենց հայրիկն Արծվաշենի ճակատում շրջափակման մեջ էր, մենք կռվում էինք, հետո պայքարեց, պատվով դուրս եկավ, տեսավ զույգ տղա ա ունեցել։ Բայց էս գործը հաստատ իրանց հետ կապ չունի»։ Ի դեպ, ԱԺ կադրերի պետի պաշտոնը թափուր էր անցած տարվա ապրիլից, երբ ԱԺ ղեկավարությունը որոշեց ատեստավորում անցկացնել, այդ ժամանակ ինքնակամ հրաժարական տվեց այդ պաշտոնում մոտ 10 տարի աշխատած Հերմինե Ղազարյանը՝ «Տաշիրի» Կարեն Կարապետյանի կնոջ բարեկամուհին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ քաղաքապետարանում տեղի է ունեցել «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթը։ Վեց թեկնածուներից մրցույթը հաղթել են երկու մասնակիցներ՝ Արա Աղայանը եւ Դավիթ Մելքումյանը։ Արդեն նրանցից մեկին պետք է ընտրի Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ եռօրյա ժամկետում նշանակելով տնօրեն։ Տարածված տեղեկությունների համաձայն, Արա Աղայանը քաղաքապետի նախկին խորհրդական, այսօր արդեն դատավոր Կարեն Համբարձումյանի ընկերն է։ Սակայն, պարզվում է, ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել, որքան կարող ենք պատկերացնել։ Նախ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զզրույցում մի քանի խնդրի մասին բարձրաձայնեց։ «Դիմումներ եղան, որ նախորդ մրցույցների մասնակիցները չեն կարողացել այս մրցույթին մասնակցել, քանի որ իրազեկման խնդիր է եղել։ Նրանք քաղաքապետարան դիմումներ են մուտք արել, բայց միեւնույն է՝ մրցույթը չչեղարկվեց։ Նշեմ, որ մրցույթի համար իրենք պետք է միայն օրենքներն ուսումնասիրեին, հարցերն օրենքից էին եւ ոչ մի զարգացման ծրագիր չեն ներկայացնում։ Այսինքն՝ չենք կարող իմանալ՝ ինչպիսի մենեջեր նրանք կլինեն», – նկատեց Անի Խաչատրյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության շատ գործիչներ այսօր խոսում են արդարությունից, արդարադատությունից ու քննադատում գործող իշխանության կադրերին` թերևս մոռանալով, թե մարդկային ինչ ռեսուրսի էր տիրապետում ՀՀԿ-ն, ում վրա էր հենվում: ՀՀԿ-ի պատվիրակը՝ Աջափնյակի ֆիզիկա կառույցի ղեկավար Մկրտիչ Առաքելյանը, մարդասպանության մեջ է մեղադրվել և ժամանակին ցուցմունք տվել Վանո Սիրադեղյանի դեմ։ Խոսքը վերաբերում է «Վանո Սիրադեղյան-Վահան Հարությունյան գումարած մյուսներ» քրեական գործին։ 2000 թվականի օգոստոսի 30-ին դատարանի դահլիճից ազատ էին արձակվել սույն գործով 5 մեղադրյալներ՝ Հայկ Աղաջանյան, Երանոս Մելքոնյան, Մուրադ Դաշտոյան, Մկրտիչ Առաքելյան և Գագիկ Պետրոսյան: Նրանց համար որպես վերջնական պատիժ դատարանը նշանակել էր 2,5 տարի ազատազրկում, ապա կիրառելով համաներում՝ հիշյալ անձինք ազատ արձակվեցին դատարանի դահլիճից: Թվարկվածներից նույն Մկրտիչ Առաքելյանն էլ հենց ՀՀԿ-ի պատվիրակն է։ Մկրտիչ Առաքելյանը մեղադրվում էր երկուսի՝ Ա. Հովհաննիսյանի և Կ. Ռաֆայելյանի դիակները թաքցնելու և սպանությանը մասնակցելու մեջ։ Նա ըստ էության այդպիսի մեղմ պատժի արժանացավ այն բանի համար, որ ցուցմունքներ է տվել Վանո Սիրադեղյանի դեմ։ Իսկ հետագայում արդեն ՀՀԿ իշխանության մեջ տաքուկ տեղավորվել էր»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, անցած շաբաթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել իր պաշտոնից: Այս օրերին ակտիվորեն քննարկվում է ապագա տնօրենի հարցը:«Փաստ» թերթի տեղեկություններով, հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում իշխանական օղակներում ակտիվորեն շրջանառվում է Վազգեն Ավետյանի անունը։ Վերջինս երկար տարիներ ղեկավարել է ոլորտային GfK եւ Nielsen միջազգային կազմակերպությունները, մատուցել է խորհրդատվական ծառայություններ մեդիա ընկերություններին եւ հեռուստաալիքներին։ Այս թեկնածությունը առավել ուշագրավ է դառնում վերջերս ընդունված օրենսդրական փոփոխությունների համատեքստում։ Հիշեցնենք, որ, ըստ օրենքի, Հ1-ին վերադարձվում է գովազդ հեռարձակելու իրավունքը։ Այսկերպ իշխանությունները նպատակ են հետապնդում նվազեցնել մասնավոր հեռուստաալիքներին ուղղվող ֆինանսական ահռելի միջոցները։  Հեռուստաշուկայի ներքին խոհանոցին տիրապետող անձի նշանակումը փաստացի մրցակցային առավելություն կտրամադրի գովազդային դաշտի վերաբաշխման գործընթացում։  Իհարկե, տնօրենին մրցութային կարգով ընտրելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, սակայն ակնհայտ է, որ նման պատասխանատու պաշտոնի նշանակումը չի կարող իրականացվել առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավանության»:


«Իրատես» թերթը գրում է. «Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը ջղայնացել է լրագրողների վրա ու որոշել բոլորիս գրողի ծոցն ուղարկել, ինչ է թե իրեն անհանգստացնում ենք: Իշխանություններին բնորոշ անզուգական մուննաթով բացատրում է՝ ժամանակը ոսկի է, հարցազրույց տալ չի ցանկանում:  Հավաստիացնում է՝ կորոնավիրուսի օջախ դարձած քաղաքում ավելի կարեւոր գործով են զբաղված, քան լրագրողների զանգերին պատասխանելն է: Սպորտսմեն քաղաքապետի՝ լրագրողներիս ուղղված «ձոնն» առանց խմբագրման ենք ներկայացնում. «Հարգելի լրատվամիջոցներ, մեր շտաբը զբաղված է էլ ավելի կարեւոր հարցերով, այլ ոչ թե պատասխանել ձեր զանգերին: Ոչ վաղ անցյալում մի շարք լռագրողներ, որ հայտնում էին, թե ցանկացած ծանր պահին ձեր կողքին ենք լինելու, ցավոք, ապրիլի 17-ից սկսած ոչ մի լրագրող Վարդենիս չի մտել: Նստեք ձեր շքեղ տնակներում եւ եղեք առողջ»:


Պարոնը, ըստ երեւույթին, ոգեւորվել է վերադասի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրագրողներին «կատաղած» անվանելու «լայվից» ու որոշել հետ չմնալ «թրենդից»: Ավելի շուտ՝ վարչապետի աչքին բարձրանալու համար վերահաստատել է նրա խոսքերը: Լրագրողներս, իհարկե, սովոր ենք տարատեսակ մեկնաբանությունների ու պիտակավորումների, բոլոր ժամանակներում էլ իշխանությունը թշնամիներ է որոնել մեր շարքերում, բայց, անկախ քաղաքական գործիչների սեթեւեթանքներից, ուրախ ու ջղային պահերից, նյարդային վայրիվերումներից, մեր աշխատանքն ենք անում ու շարունակելու ենք անել: Ինչքան էլ Փաշինյանը մեզ «կատաղած», իսկ Վարդենիսի քաղաքապետը՝ «դղյակների բնակիչ» որակավորումը տա, միեւնույն է, դրանից չենք ընկճվելու: Լրագրողն ու լրատվամիջոցն են որոշում՝ ինչպես ներկայացնել իրադարձությունը կամ խնդիրը, հետեւաբար, պարոն քաղաքապետ, վերանայեք Ձեր ոչ բարենպաստ աշխատաոճն ու առանց պիտակավորումների համագործակցեք լրատվամիջոցների հետ: Տնից դուրս գալով, թե առանց դրա, հեռախոսազանգով, թե նամակագրությամբ կկազմակերպենք մեր աշխատանքը, դա Ձեր մտահոգվելու խնդիրը չէ: Ձեր իսկ ոճով ասած՝ հանգիստ Ձեր գործին անցեք՝ զերծ մնալով մեզ լրագրության «մաստեր-կլասներ» տալու մոլուցքից. Ձեր ամենավերադասը՝ Փաշինյանը, դա լավագույնս է անում»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ռուսաստանը պատրաստվում է ոչ միայն Հայաստանի մի շարք դատավորների, որոնց որոշումներում իրավականի փոխարեն քաղաքական մոտիվացիան է գերակշռել (տրվում են Արմեն Դանիելյանի, Աննա Դանիբեկյանի, Արտուշ Գաբրիելյանի անունները) նկատմամբ սանկցիաներ կիրառել` կապված Ռուսաստանում նրանց գույքային, ֆինանսական շարժերի հետ, ընդհուպ մինչեւ Ռուսաստանի մուտքի արգելափակում, այլեւ նույնական սանկցիաներ են կիրառվելու այն դատախազների եւ քննիչների մասով, որոնք հիմնականում «զբաղված» են եղել մարտի մեկի գործով: Ի դեպ, խնդիրը միայն նրանց չի առնչվելու, վերդիկտը տարածվելու է նաեւ նրանց բարեկամ-հարազատների` Ռուսաստանում ունեցած ֆինանսական շարժերի, կապերի վրա։ Դրանք եւս վերցվելու են «կոնտրոլի» տակ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը պետք է մարտի 23-ին ռեկտոր ընտրեր անորոշ ժամանակով հետաձգվել է։ Առերեւույթ՝ պատճառը արտակարգ դրությունն է։ Ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանն ասում է․ «Քանի որ արտակարգ դրության պատճառով հավաքները արգելված են»։ Սակայն լուրեր կան, որ ընտրությունը որոշել են հետաձգել մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր։ Նախ, որովհետեւ իշխանությունը հարմար թեկնածու չի գտնում, եւ մի խանգարող հանգամանք էլ կա․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների լիազորություններն ավարտվել են՝ նոր անդամներ պետք է նշանակվեն։ Իսկ արտակարգ դրությունը չի խանգարել, որ ԿԳՄՍ-ն Կրթության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի տնօրեն ընտրի»:


«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ այս օրերին Հայաստանի ոստիկաններն աշխատում են գերագույն ծանրաբեռնվածությամբ՝ իրենց ընթացիկ պարտականություններից զատ ապահովելով նաեւ պարետատան կողմից կայացվող որոշումների կատարման գործընթացը: Սակայն, այս ամենից զատ, նրանք նաեւ իրենց ֆինանսական ներդրումն են ունեցել համավարակի հաղթահարման գործում: «Փաստ» թերթի տեղեկություններով, կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու եւ հաղթահարելու համար գանձապետարանում բացված հատուկ հաշվեհամարին գումար է փոխանցվել նաեւ ՀՀ ոստիկանության կողմից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը շուրջ 33 միլիոն դրամի մասին է, որը հավաքվել է միջին ու բարձր սպայական կազմի կողմից՝ կամավորության սկզբունքով»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-մարտ ամիսներին 4 տոկոսով աճել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 9.4 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-մարտ ամիսներին աճը կազմել է 0.2 տոկոս, իսկ մատուցած ծառայությունների ծավալն ավելացել է 5.5 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-մարտին աճել է 9.2 տոկոսով՝ կազմելով 190 հազար 136 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 10.5 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 7.7 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 4 տոկոսով: Սակայն արտահանումն աճել է 0.2 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 6.2 տոկոսով»: