24.11.2024
Մամուլ. Պատգամավորները դժգոհ են. «սոցիալապես անապահովները» պարգևավճարից չեն հրաժարվել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գագիկ Ծառուկյանը խիստ վրդովված է, ԲՀԿ-ն դառնում է արմատական ընդդիմություն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը խիստ վրդովված է Սեդրակ Առուստամյանի քրեական գործից, բայց չի պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանի «դուռը», որ նրան ազատի։ Նա նեղ շրջանակում ասել է․«Ոչինչ, թող մի քանի ամիս էլ նստի, մեկ է՝ մեղադրանքը չի ապացուցվելու, էդ փողը տվել էր, որ Ամերիկայում տուն առնեն Գագոյի տղերքը՝ նորոգեն, ոչ մի հանցանք չի արել, ո՞ւմ ինչ գործն է՝ տոկոսը հե՞տ ա ուզել, թե՞ չէ»։ Նա, ճիշտ է, չի պատրաստվում բացահայտ առճակատման գնալ իշխանությունների հետ, բայց ե՛ւ իր, ե՛ւ թիմի համբերության բաժակն արդեն լցվել է։ Մանավանդ՝ Ծառուկյանի բոլոր բիզնես-ձեռնարկները կա՛մ կանգնած են, կա՛մ՝ սնանկացման ճանապարհին, եւ մեծ թվով հիմնարկներում կրճատումներ են գնում։ ԲՀԿ-ում զարմանում են՝ իշխանությունը խոսում է տնտեսական ճգնաժամի, աշխատատեղերի կրճատման, մարդկանց վատ վիճակի մասին, բայց Ծառուկյանին չեն թողնում, որ հիմնարկներն աշխատեցնի, մարդկանց փող տա, նոր ծրագրեր անի։ «Դրսից էժան փող էր բերում Ծառուկյանը՝ 1 տոկոսով, չթողեցին։ Աբովյանում բնակելի համալիր էր կառուցում, քրեական գործ հարուցեցին քաղաքապետի դեմ։ Շեյխերին չթողեցին ներդրումներ անեն մեր երկրում։ Էս երկրի տնտեսությանը Փաշինյանն ու իր թիմն են վնասում, ուրիշ ոչ մեկը»,- ասաց ԲՀԿ-ականներից մեկը՝ ակնարկելով, որ իրենք արմատական ընդդիմություն դառնալու ճանապարհին են»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ զարհուրելի սպանություններ հաջորդեցին մեկը մյուսին Գեղարքունիքի մարզում: Գավառի եւ Նորատուսի երիտասարդ բնակիչները արդեն անհիշելի պատճատներով վիճաբանել էին, որին խառնվեցին մեծերը` հայրիկները: Արդյունքում կրակոցներից մահացան երկու հոգի, վիրավորվեցին մի քանիսը, իսկ ավելի ուշ ոստիկանների եւ ոստիկանապետ Արման Սարգսյանի աչալուրջ հսկողության պայմաններում մեկ տասնյակից ավել մարդիկ` նախնական տեղեկություններով նորատուսցիներ, ներխուժեցին Գավառի հիվանդանոց եւ կտրեցին հիվանդասենյակում գտնվող երկու վիրավորների վզերը: ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն այդպես էլ չտարածեց` իմանայինք ով ինչի համար կրակեց, իրականում քանի զոհ ու վիրավորներ կային: Միայն դեպքից 8 ժամ անց մի հաղորդագրություն տարածելու փորձ արվեց` այն էլ ոչ թե ինֆորմացիա հաղորդելու նպատակով, այլ փորձ էր արվում փրկել ոստիկանապետ Արման Սարգսյանի դեմքը` հայտնելով, թե նա եղել է դեպքի վայրում` այլ ոչ թե հվանդանոցում: Հիշեցնենք` դեպքի վայրը փողոցն է եղել` Գավառի Ազատության փողոցը:


Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հակառակն են պնդում. Նա հիվանդանոցում է եղել ոստիկանների հետ, բայց նույնիսկ եթե ընդունենք, որ ՀՀ ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել: Նրան շտապ զեկուցել են չէ՞` հիվանդանոց ներխուժելու եւ մարդկանց «մորթելու» մասին, այդ ժամանակ ինչո՞ւ չի շտապել «նոր դեպքի վայր»` իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու: Ումից է կաշկանդվել կամ վախեցել. Հարց է, որ շարունակ հնչում է օդում: Ու բացի այդ, եթե ոստիկանական ուժերը հիվանդանոցի տարածքը հսկելիս են եղել, ինչու չեն կրակել` թեկուզ օդ, ներխուժող նորատուսցիների մուտքը խափանելու համար: Համաձայնեք` դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ ոստիկանապետի կամ ոստիկանի ներկայությամբ մի խումբ մարդիկ կարող են ներխուժել, մորթել ու անվնաս հեռանալ: Գուցե ոստիկաններին այլեւս զենք պետք չէ՞: Այս երեւույթը խորը վերլուծության եւ մասնագիտական արժանապատվության տեսանկյունից մեկ հստակ պահանջ է առաջ քաշում. ՀՀ ոստիկանապետն ու մի քանի բարձրաստիճան ոստիկանները պետք է հեռանան իրենց պաշտոններից: Հ. Գ. Հավելենք, որ երեկ ողջ գիշեր ՀՀ ուժային կառույցների ներկայացուցիչները հսկել են Գավառը եւ Նորատուսը` փորձելով կանխել հնարավոր արյունահեղությունը: Բանն այն է, որ սպանվածների հարազատները շարունակել են մինչ ուշ գիշեր փնտրել մեղավորներ` պատժելու համար: Իրավապահներն անգամ սպասում էին, որ կգնան եւ մեկը մյուսի տները կսկսեն հրդեհել: Իրավիճակը շարունակում է դեռ պայթյունավտանգ մնալ` հաշվի առնելով կողմերի տաքարյունությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Քննիչ հանձնաժողովում կարծես ինչ-որ բան այն չէ՝ իմքայլականների «փուշը» մի տեսակ թողել է, չկա «աղջիկ վախտվա էնտուզիազմը»․ ճի՞շտ ենք նկատել՝ հարցրինք ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամին։ «Կա նման բան՝ երեւի պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողով գալով։ Հույսներն այն էր, որ չի գա, ու «գործունեության լայն դաշտ կբացվի իրենց համար», ինչպես ասում են` «իրավիճակ ա փոխվել»։ Ի դեպ, երեկ քննիչ հանձնաժողով եկած Լեւոն Մնացականյանը պետք է Սերժից առաջ գար՝ ըստ նախնական ցուցակի։ Իսկ Սերժ Սարգսյանը պետք է հանձնաժողով գար ամենավերջում, բայց որոշեցին հետուառաջ անել»: Ինչո՞ւ։ «Կդժվարանամ ասել՝ երեւի ցանկանում էին Նիկոլ Փաշինյանի համար փիար ապահովել, այլ բան ստացվեց»: Հաջորդը կանչելու եք ԼՂ նախագահ Բակո Սահակյանի՞ն։ «Դեռ որոշված չէ»: Կգա՞ Բակո Սահակյանը՝ հարցրինք ղարաբաղյան մեր աղբյուրին։ «Կարծում եմ` որեւէ իմաստ չկա իրեն հրավիրելու»: Սերժ Սարգսյանին հրավիրում են, իրեն էլ կարող են հրավիրել։ «Սերժ Սարգսյանը Գերագույն գլխավոր հրամանատարն էր, ինքն էր ի պաշտոնե պատասխանատուն»: Եթե հրավիրեն, կասի` ո՞չ։ «Կդժվարանամ ասել, պարզապես հրավիրելու իմաստն է անհասկանալի»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ի իրականացրած մի ստուգում միջգերատեսչական բախման պատճառ կարող է դառնալ։ Մասնավորապես՝ նախկին ՏԿՆ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառուցվածքում գտնվող «Վարչատնտեսական» ՓԲԸ-ում ՊԵԿ-ը հայտնաբերել է չարաշահումներ, որը վերաբերում է բառացիորեն «նախորդ դարին»։ Ստուգմամբ առկա է եղել մոտ 80 միլիոն դրամի անհամապատասխանություն։ Այդ կառույցի ղեկավարը եղել է ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եղբայրը։ Մեր տեղեկություններով՝ ՊԵԿ-ի իրականացրած ստուգումներից հետո բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը գրավոր առարկություն է ուղարկել Դավիթ Անանյանին և գանգատարկել ակտը, քանի որ եթե անգամ այդ 80 միլիոնի անհամապատասխանությունը իրականում կա, ապա վաղուց անցել է 3 տարի վաղեմության ժամկետը, իսկ առերևույթ խախտումից անցել է 20 տարի։ Եվ հետո յուրացման փաստը հատատվելու դեպքում պատասխանատվության կենթարկվի մեկ այլ նախարարի եղբայր՝ պետությանը առանձնապես խոշոր չափի վնաս հասցնելու համար»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հին Երեւանի» մասին մեր հրապարակումից հետո դատախազությունն ուսումնասիրություն է կատարել եւ հաղորդագրություն տարածել, որ «քաղաքային իշխանությունների դրսեւորած անգործության կամ թողտվության պատճառով խախտումներով իրականացվելու հանգամանքը չի հիմնավորվել»։ Դուք բավարարվա՞ծ եք՝ հարցրինք Դավիթ Խաժակյանին, որը կարծում է, որ Հայկ Մարությանի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվի առանց փաստաթղթերի շինարարության իրականացման համար. «Իշխանությունն այս հարցում առաջնորդվում է տապոռային մեթոդով, քանզի, եթե կա ապօրինի շինարարություն, գերխնդիրն այն կանգնեցնելն է։ Քաղաքապետարանը պարտավոր էր 1 տարի առաջ կասեցնել «Հին Երեւանի» շինարարությունը, օրինականացնել, սակայն աչք է փակել, հիմա էլ փորձում է քրեական գործ հարուցելու ճանապարհով հարցը լուծել՝ դա հեռացնելով իրենից, ըստ էության վնասելով կառուցապատողին ու ներդրումային ծրագիրը»: Իսկ որեւէ մեկը կպատժվի՞։ «Ես տեղեկություն եմ ստացել, որ կառուցապատողը մշտապես փորձել է Մարությանից թույլտվություն ստանալ, սակայն վերջիններս աչք են փակել, բայց երբ հասկացել են, որ աղմուկ է բարձրանում, սկսել են վարչարարություն իրականացնել` դիմել դատախազություն։ Արդյունքում ստեղծվել է իրավական կազուս․ կա կառուցված շենք՝ չկա թույլտվություն»: Լուծումը ո՞րն է։ «Պետք է լինի կառավարության որոշում եւ կառավարչական պատասխանատվություն»: Ո՞վ է հասցեատերը։ «Հայկ Մարությանը` ժամանակին թույլտվություն չտալու, ապօրինի շինարարությունը թույլ տալու համար»: Ի՞նչ պատիժ է հասնում։ «Քաղաքացիական պարսավանք․․․ իրավական հետեւանքներ լինել չեն կարող»: Ինչպե՞ս. Աբովյանի քաղաքապետի դեմ գործ հարուցեցին, Մարությանին` պարսավա՞նք։ «Այո, փաստացի երկակի ստանդարտներ են կիրառվում»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վաղը՝ ապրիլի 30-ին, ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կգա Ազգային ժողով։ Նա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պետք է ներկայացնի Գլխավոր դատախազության 2019 թվականի գործունեության արդյունքներն ու պատասխանի նաև պատգամավորների հարցերին։ Արդեն մայիսի 5-ին մեկնարկելու է ԱԺ հերթական քառօրյան եւ հաղորդումն, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2019 թվականի գործունեությունը, կքննարկվեն հենց այդ օրը։ «Ժողովուրդ» օրաթերթը մանրամասներ ներկայացրել էր Արթուր Դավթյանի հաշվետվությունից, որը ներկայացված է եղել դեռ մարտի 30-ին։ Ըստ այդմ, հաղորդման մեջ տեղ է հատկացված կոռուպցիայի դեմ պայքարին։ 2019 թվականին ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 2083 (2018թ․-1988) նյութ, որից 1399-ով (2018թ․-1469) հարուցվել են քրեական գործեր, 655-ով (2018թ․-451)՝ քրեական գործ հարուցելը մերժվել է, որից 603-ը (2018թ․-410)՝ արդարացման, 52-ը (2018թ․-41)՝ ոչ արդարացման հիմքով: 2019թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի թվով 100 նախապատրաստված և ավարտված նյութերով ու քննված և ավարտված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված գույքային վնասը կազմել է 2011559889 (2018թ. – 4629549320) ՀՀ դրամ: Պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 1.003.689.227 (2018թ. – 3.938.873.757) ՀՀ դրամ»:


«Փաստ» թերթը գրում է. «Շատ ուրախալի եւ հաճելի է, որ արագորեն լուծվում են վարչապետի կողմից «մուննաթի» արժանացած կուրթանցի Մեխակի, ապրիլի 24-ին սահմանափակումների մասին անտեղյակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալ փորձող եւ կեսգիշերից երկու ժամ անց «պաշտոնական» ուղեկցությամբ ծաղիկ խոնարհած Արտուշ պապի, վարչապետին նամակ գրած եւ անձնագրայինի հետ խնդիր ունեցող տիկնոջ խնդիրները: Գուցե նման մեկ-երկու դեպք էլ հնարավոր լինի հիշել, որ անցած երկու տարում որեւէ անհատի հարց է կարգավորվել: Շնորհակալ ու դրվատանքի արժանի գործ է արվել, անշուշտ: Ցավն այն է, որ մեր հասարակության մեջ Մեխակի, Արտուշ պապի կամ հիշյալ տիկնոջ նման քաղաքացիները չափազանց շատ են, նրանք էլ ունեն ապրուստի, օրվա հացի խնդիր, նրանք էլ ունեն աշխատանքի խնդիր, նրանք էլ պետական մարմինների հետ անընդհատ խնդիրներ են ունենում, նրանք էլ բազմաթիվ նամակներ են ուղարկում տարբեր պաշտոնյաների կամ հենց վարչապետին: Սակայն այդ մարդկանց հարցերը չեն լուծվում, չեն կարգավորվում, նրանց նամակները կա՛մ մնում են անպատասխան, կամ այնպիսի պատասխան են ստանում, որ հավասար է անպատասխանի: Կարեւոր չէ, թե այն օրինակները, որոնց պարագայում հարցի լուծում է տրվում, որքանով են տեղավորվում երջանիկ պատահականության, կամ, ինչպես «չար լեզուներն» են նշում, շոուի շրջանակներում: Կարեւորն այն է, թե ի՞նչ պիտի անեն նրանք, որոնց խնդիրները ոչ մի կերպ լուծում չեն ստանում, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկեն՝ ուշադրության արժանանալու, աղմուկի պատճառ դառնալու համար: Ոչինչ, թող լուծվեն թեկուզ տեղեկատվական ինտենսիվ թմբկահարման գնով, երբ իշխանությունն իր պարտականությունների կատարման մեկ-երկու դրվագն ամբողջ ուժով լուսաբանում է, իսկ մշտապես մարդկանց կողքին կանգնած գործարարների բարեգործությանը «անուն կպցնում»: Կարեւորը՝ ոչ թե մի քանիսի, այլ շատշատերի խնդիրները լուծվեն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վաղը լրանում է հայտարարգրման ենթակա պաշտոնյաների ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային շտեմարանում լրացնելու ժամկետը, որը ապրիլի 20-ից երկարաձգվել էր մինչև 30-ը։ Ինչպես հայտնի է, 2020 թվականի ապրիլի 13-ից գործարկվել է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը, և մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը։ Եվ մինչև վաղը պետք է պաշտոնյաները հաստատեն ընտանիքի անդամների տվյալները և սա բոլորի համար պարտադիր կարգավորում է։ Իսկ ահա հայտարարագրերի լրացման վերջնաժամկետը թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ ընտանիքի անդամների համար 2020 թվականի մայիսի 31-ն է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդհանուր առմամբ հայտարարգրման ենթակա բոլոր պաշտոնյաներն արդեն կատարել են անհրաժշտ գործողությունները։ Ընդ որում, մեր տեղեկություններով, արդեն կան պաշտոնյաներ, որոնք արդեն իսկ հայտարարագրեր են ներկայացրել»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ թեժ քննարկվեց և ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Սահմանվել է, որ անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված գրավոր կամ բանավոր կարգադրությամբ: Եվ պատգամավորների առաջարկների հիման վրա վերոնշյալ դրույթն առաջինից երկրորդ ընթերցում փոփոխության կենթարկվի. անձի ազատությունը կսահմանափակվի գրավոր կարգադրության հիման վրա, իսկ եթե հանգամանքներից ելնելով հնարավոր չէ ապահովել տվյալ պահին գրավոր ձեւակերպումը, ապա բանավոր կարգադրությամբ` պայմանով, որ սեղմ ժամկետում կհետեւի գրավոր կարգադրությունը: 


Նշենք, որ բանավոր կարգավորման հարցը ամենաքննադատվողներից է եւ անգամ բացասական է եղել արձագանքը ԱԺ պետաիրավական փորձաքննության բաժնի կողմից։ Նրանք եզրակացության մեջ նշել էին, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կարող է ընդունվել միայն գրավոր վարչական ակտ: Երեկ խորհրդարանում օրենքն ընդունվեց 82 կողմ, 13 եւ ձեռնպահ 14 ձայներով։ Ուշագրավ է, որ եղել են իշխող խմբակցության պատգամավորներ, որոնք այս նախագծի քվեարկությանը չեն մասնակցել։ Նրանք են՝ Սոնա Ղազարյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Հրաչյա Հակոբյանը, Տաթևիկ Գասպարյանը։ ԼՀԿ-ն դեմ է քվեարկել, իսկ ԲՀԿ-ականները որոշեցին ձեռնպահ մնալ՝ սպասելով իրենց առաջարկները ընդունմանը։ Եվ չնայած երեկ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց և այսօր պետք է փոփոխություններ լինեն, սակայն ընդդիմադիր ուժեր ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել, սակայն դրանք փոփոխված տարբերակում այդպես էլ տեղ չեն գտել»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Էրեբունի» բժշկական կենտրոնի մի քանի տասնյակ աշխատակիցների վարակվելուց հետո «Նաիրի» ԲԿ-ում երեկ որոշել են երկու բուժհիմնարկներում՝ «Էրեբունիում» եւ «Նաիրիում», համատեղության կարգով աշխատողներին թույլ չտալ աշխատանքի ներկայանալ՝ առնվազն 2 շաբաթ, որի ընթացքում պարզ կդառնա՝ նրանք վարակվե՞լ են կորոնավիրուսով, թե՞ ոչ: Իսկ «Էրեբունիում» բուժաշխատողները վարակվել են մեկ այլ բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված հիվանդ պացիենտից: Տեղեկացանք, որ 200 բուժաշխատող կա մեկուսացված, որից 23-ը՝ բժիշկ։ Մեկուսացվածների մեջ նաեւ հղի բուժաշխատող կա»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ ՀՀ ամենամեծ պետական բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչը», որը ներկայումս վերապրոֆիլավորվել է միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար, արտակարգ դրությունից հետո մասնավորեցվելու է: Հիվանդանոցի մեր աղբյուրները եւս չհերքեցին լուրերը՝ ասելով, որ նրանց ականջներին եւս նման շշուկներ են հասել»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ տնտեսության մոտ 35 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը, եւ մոտ 600 հազար մարդ զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով։ Նախորդ տարեսկզբին Հայաստանի նոր իշխանությունները օպտիմալացման քաղաքականության շրջանակներում կրճատեցին նախարարությունների թիվը, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարությունը, որը միավորվեց էկոնոմիկայի նախարարության հետ։ Սա ոլորտի բազմաթիվ մասնագետների սուր քննադատության պատճառ դարձավ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում կառավարությունում առավել ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում գյուղատնտեսությանն առավել մեծ ուշադրություն դարձնելու, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկման է դրված գյուղնախարարությունը, որպես առանձին միավոր, վերականգնելու հնարավորությունը, քանի որ հատկապես այս փուլում պարենային անվտանգության հարցը կենսական է, ու ոլորտում անհրաժեշտ են կոնկրետ կարգավորումներ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում: Ըստ նոր կարգավորման՝ Առողջապահական և աշխատանքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրավունք կունենա ստուգումներ իրականացնել հյուրանոցներում, թատրոններում, կինոթատրոններում, հանրային սննդի օբյեկտներում, և եթե դրանց զուգարանների հիգիենիկ վիճակը համարվի ոչ բավարար, ապա այդ օբյեկտների գործունեությունը անմիջապես կդադարեցվի: Օբյեկտը կսկսի աշխատել միայն այն դեպքում, երբ տեսչական մարմինը կհամարի, որ բացթողումը վերացված է»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայփոստն» ազգայնացնելու և կառավարումը բարձր տեխնոլոգիաների նախարարությանը վերադարձնելու լուրից հետո «Հայփոստի» թիվ 36 բաժանմունքի աշխատակիցներն ու Աջափնյակի հսկայական «Ֆիզիկայի թաղամաս» կոչվող տարածքի բնակիչները լիահույս են, որ այս փոփոխության արդյունքում ի թիվս այլ հարցերի՝ կվերականգնվի նաև օրինականությունը։ Բանն այն է, որ տարիներ առաջ թիվ 36 բաժանմունքի աշխատակիցները հերթական անգամ ներկայանալով աշխատանքի՝ հայտնաբերել էին, որ փոստի տարածքի մի մասը գիշերով քանդվել և բռնակցվել է հարևան բնակարանին։ «Ապահով Հայաստանի» ստրատեգիական նշանակության «Հայփոստի» տարածքը սանհանգույցով հանդերձ անպատիժ կերպով զավթել էր նախկին ԺԷԿ-ի պետ Ռուբեն Գուլոյանը։ Այդ ժամանակ կատարվածին որևէ գնահատական, այդ թվում՝ իրավական չէր տրվել։ Նա անպատիժ կերպով շարունակել էր իր հակաօրինական գործողությունները։ Աջափնյակի նշված թաղամասի բնակիչները ներկայումս լիահույս են, որ գոնե հիմա օրինականություն կհաստատվի»։