Արտակարգ դրության ժամանակ դպրոցական տեխնիկան կտրամադրվի ուսուցիչներին. նախարար
Հայաստանում հեռավար կրություն իրականացնելու տեսանկյունից անցած մեկ շաբաթվա ընթացքում նախարարությանը հաջողվեց հիմնականում ապահովել հարթակներ և համագործակցություն: Այս մասին, ելույթ ունենալով, Ազգային ժողովում մարտի 24-ին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Մենք հիմա ամփոփում ենք՝ ինչ ծավալների է եղել ներգրավվածութունը», - ասաց նախարարը՝ նշելով, որ անցած շաբաթ մարզերից մեկից ստացվել է «հետաքրքիր տվյալ»: «Հեռավար կրությանը մասնակցությունը եղել է 88 տոկոս: Սա ուրախացնում է», - ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանը տեղյակ է, որ կան խնդիրներ և առաջիկա օրերին փորձելու են դրանց լուծումներ տալ: «Տեխնիկայի ու հարթակների հետ կապված խնդիրները գույքագրվում են: Ըստ էության, հիմա տեխնոլոգիական խնդիրներ չունենք հեռավար կրության իրականացման համար: Կան տասնյակ հարթակներ, որոնք հաջողությամբ օգտագործվում են», - նշեց նա:
Միևնույն ժամանակ առկա են տեխնիկական խնդիրներ այդ հարթակներից օգտվելու համար: «Մարզերում և Երևանում ունենք ուսուցիչներ, որոնց համար հասանելի չեն այդ հարթակները համապատասխան սարքերի բացակայության պատճառով: Փորձելու ենք լուծել այդ հարցը՝ դպրոցների համապատասխան տեխնիկան իրենց տներ տեղափոխլով և ժամանակավոր օգտագործման հնարավորություն տալով», - ասաց նախարարը:
Պաշտոնյայի խոսքով բուհերն արդեն հաջողությամբ անցել են հեռավար կրթության իրականացմանը: «Մինչև արտակարգ դրություն հայտարարելը ռեկտորները հավաք իրականացրեցին և որոշում կայացրեցին իրենց վրա պատասխանատվություն վերցնել այդ համակարգի գործարկման համար: Սա կարծես թե ստացվում է», - ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով բուհերին և ուսուցիչներին «այս ծանր աշխատանքը կատարելու համար»:
Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսով վարակվածության հաստատված 235 դեպք: Ապաքինվել է 2 պացիենտ: Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: