24.11.2024
Յոթ օր աշխատելու են միայն առաջնային ծառայությունները, խանութները և դեղատները. Ավինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում առցանց առևտրի ծավալներն աճել են արտակարգ դրության պայմաններում

Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առցանց առեւտրի ծավալներն աճել են՝ որոշ դեպքերում մինչեւ 50 տոկոսով՝ հատկապես պարենամթերքի, միրգ-բանջարեղենի առաքումների դեպքում: Այս մասին հայտարարվել է շուրջ մեկ տասնյակ առցանց առեւտրով զբաղվող ընկերությունների ղեկավարների և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հանդիպմանը:


Ընկերությունների ներկայացուցիչները նաեւ վստահեցրել են, որ առկա ռեսուրսներով կարողանում են լիարժեք սպասարկել ստացված պատվերները, որոշ դեպքերում՝ նաեւ մարզերում:


Ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են հարկման ժամանակակից էլեկտրոնային համակարգերի ներդրման եւ կայքերի լոկալիզացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտության մասին, ներկայացրել առաջարկներ այդ ուղղություններով:


Քննարկվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության հնարավոր եզրերը․ նշված գործընթացներում ընկերության մարզային ցանցի օգտագործման միջոցով առաքումների իրականացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաեւ առցանց առեւտրի աճին համընթաց առաջացող խնդիրներին ու խոչընդոտներին, դեպի մարզեր ընդլայնման հնարավորություններին՝ առցանց հարթակների տեխնիկական սպասարկման, լոգիստիկ, առաքման ընդլայնման եւ մի շարք այլ հարցերի:


Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համախմբելու ուժերը երկրում ստեղծված իրավիճակում հանրությանը՝ առցանց առեւտրի միջոցով հնարավորինս հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով: