Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերն ավելացան 7-ով՝ հասնելով 122-ի: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա տեղեկացրեց, որ նոր դեպքերը կապված են արտադրամասի օջախի հետ և ի սկզբանե եղել են նախարարության ուշադրության ներքո: Նա նաև զգուշացրեց, որ սպասվում է, որ արտադրամասից դեպքերի քանակն ավելանալու է։
«Դա իհարկե իրավիճակը ինչ-որ չափով լավավնում է, բայց ոչ ամբողջությամբ, քանի որ սպասում ենք, որ արտադրամասի դեպքերի թիվը մեծանալու է՝ կապված դրա մեծության եւ աշխատանքների կազմակերպման բնույթի հետ», - ասել է նախարարը։
«Հաշվի առնելով զարգացումները, մենք կունենանք առանձին հիվանդանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով վարակվածներին: Օրինակ, Իտալիայում հազարավոր բժիշկներ են վարակվել և դարձել վարակի աղբյուր պացիենտների համար: Մարզային ԲԿ-ներում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով պացիենտներ չեն բուժվելու, նրանք բուժվելու են կենտրոնացված հիվանդանոցներում, որոնց ցանկը հետագայում կհրապարակվի: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը մնալու է կենտրոնական օղակը՝ ամեն ինչը համակարգելու առումով»,- ասաց Թորոսյանը:
Նախարարի խոսքով, վարակի տարածմանը զուգընթաց ամբողջ աշխարհում ավելանում են երկրները, որոնք հրաժարվում են հատուկ վայրերում կարանտինից ու կենտրոնանում ինքնամեկուսացման վրա: Երկրներ կան, որ դրա խախտման համար նախատեսում են պատասխանատվություն, ինչը արվելու է նաև Հայաստանում.
«Այսինքն, եթե անձին պարտադրված է, ցուցված է ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը պետք է ունենա հետևանքներ՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն: Մենք հիմա աշխատում ենք այդ օրենքների նախագծի վրա»,- շեշտեց նա՝ հավելելով, որ պետք է հասկանանք, որ սա մեկ-երկու ամսվա խնդիր չէ, և պաշտպանիչ միջոցառումները պետք է տարածենք ժամանակի մեջ, նույնիսկ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո: