Կառավարության անդամները ծափահարեցին գործարարներին և բուժաշխատողներին
Հայաստանի կառավարության անդամներն այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին գործարարներին և բուժաշխատողներին՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում իրենց կատարած աշխատանքի համար:
«Ուզում եմ կրկին ընդգծել մեր գործարարների բացառիկ տաղանդը: Ես երեկվա ու այսօրվա թվերը, որ տեսա, զարմացա, բոլորս գիտենք՝ Լարսը փակ է, Իրանի հետ մեր սահմանը փակ է, ամեն ինչ փակ է, բայց միևնույն է, մեր գործարարները կարողանում են գտնել ճանապարհներ, ներմուծել սննդամթերք, և ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Առաջարկում եմ, որ մեր գործարարներին ծափահարենք այս ընթացքում նրանց կատարած աշխատանքի համար»,- ասաց վարչապետը։
Այնուհետև Փաշինյանն անդրադարձավ առողջապահական համակարգի աշխատակիցներին և նշեց, որ նրանք են մեր ժամանակների գլխավոր հերոսները։
«Եթե գործարարների դեպքում այս ամբիոնից ասելու անհրաժեշտություն տեսա, ապա առողջապահության համակարգի աշխատողների դեպքում նման կարիք չկա, որովհետև այդ գնահատանքը համատարած է և ամենուր: Բայց կարծում եմ, որ իրոք մեր խոնարհումը և գնահատանքի խոսքը մեր առողջապահական համակարգի աշխատողներին պետք է, և նրանց նույնպես ծափահարենք»,- ասաց վարչապետը։