Երեկ առանց սելֆիի գնացել եմ ՀՔԾ, պատասխանել եմ քննիչի հարցերին. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու։ Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:
«Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում, իսկ լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ, անհեթեթ և մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով հանրությանը միտումնավոր ապակողմնորոշելու փորձերից»,- ասված է կառույցի լարտվական ծառայության հաղորդագրության մեջ։
Այդ այցելությանն այսօր անդրադարձավ նաև Փաշինյանը.
«Երեկ առանց սելֆիի գնացել եմ, քննիչի սենյակում պատասխանել եմ վերջինիս հարցերին»,- Կապանում ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ զարմանալով, թե ինչ մանիպուլյացիաների է ենթարկվում այս փաստը:
Նշենք, որ «Հրապարակ»-ը երեկ գրել էր, թե Փաշինյանն այցելել է Հատուկ քննչական ծառայություն, իսկ այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, որ ՀՔԾ-ում բունտ է հասունանում՝ քննիչները դեմ են ՍԴ անդամների եւ նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։ «Վարչապետը հավաքել է ՀՔԾ ղեկավար կազմին եւ հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը, չվախենալ անօրինականություններից՝ «ինքը տեր է»»,- գրել էր թերթը։