25.11.2024
Նախարար. 2019 թվականը կամփոփենք 7 տոկոս արտահանման աճով
prev Նախորդ նորություն

Այս պահին Սիրիայի հյուսիսային շրջաններից հայերի դուրսբերման հարց դրված չէ. ԱԳՆ

Սիրիայում ՀՀ դեսպանատունը, Հալեպում՝ հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ  Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Կամիշլիի և Սիրիայի հյուսիսային շրջանների համայնքային կառույցների հետ:


Նրա խոսքով, մշակվում ու ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի բոլոր մեր հայրենակիցները, ովքեր ցանկություն են հայտնել տեղափոխվել, այս գործում աջակցություն ստանան.


«Մենք օպերատիվ տեղեկատվություն ենք ստանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններից տեղերում մեր հայրենակիցների վիճակի վերաբերյալ»,- ասաց խոսնակը:


Նաղդալյանը տեղեկացրեց, որ Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը կազմում է երեք հազար, նրանք հիմնականում կենտրոնացած են Կամիշլի և Մալիքիա բնակավայրերում: Այս պահի դրությամբ, ասաց ԱԳՆ ներկայացուցիչը, այդ հատվածների մոտակայքում զինված բախումներ չեն եղել.


«Այս պահին դրված չէ այդտեղից հայերի դուրսբերման հարցը»,- հավելեց նա:


Հիշեցնենք, հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիա: ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որտեղ դատապարտել է ներխուժման այդ գործողությունը:


Թուրքիայի գործողությունները դատապարտել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.


«Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետեւ մեր գնահատմամբ այդ գործողությունն էլ ավելի կխորացնի Սիրիայում մարդասիրական ճգնաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու եւ Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:


Այս առումով ուզում եմ ընդգծել, ինչպես տեղյակ եք ՀՀ-ն Սիրիայում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն, եւ մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը»: