ՀՀ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշում է, որ ՊՆ-ն կապի մեջ է Սիրիայում ՀՀ ԶՈՒ մարդասիրական առաքելության հետ, որեւիցե խնդիր չկա: Պարբերականորեն զեկուցվում է վիճակը, նշում է նա՝ խոսելով այն մասին, թե արդյո՞ք վտանգավոր է հայկական հումանիտար առաքելության համար ՝ Սիրիայում ստեղծված վիճակը:
Թուրքիան հոկտեմբերի 10-ից ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում, որտեղ առկա է նաեւ հայ բնակչություն: Նրանց մի մասն արդեն հեռացել է ռազմական գործողությունների գոտուց: Հայաստանը դատապարտել է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա՝ նշելով, որ այն կարող է հանգեցնել նոր հումանիտար ճգնաժամի: Արդեն միջազգային մամուլը հայտնում է տասնյակ զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին: Շատերն ուղղակի փախնում են հակամարտության գոտուց:
«Մենք պատրաստ ենք հայ բնակչությանը ցուցաբերելու այն օժանդակությունը, որի համար մեր առաքելությունը գտնվում է այնտեղ: Այն քաղաքներում, որտեղ ռմբակոծություն է եղել եւ զոհեր են գրանցվել մոտ 2 ժամ առաջվա դրությամբ նրանց մեջ փառք Աստծո ազգությամբ հայ որեւիցե զոհի մասին տեղեկություն չկա: Հուսով ենք այդպես էլ կշարունակվի: Առաքելությունը բնականոն ընթացքով շարունակում է իր գործունեությունը, պլանային աշխատանքներ են կատարում՝ ե՛ւ բուժօգնություն, ե՛ւ ականազերծման աշխատանքներ։ Իրականացնում են իրենց համար նախատեսված գործառույթային պլանները»,- ասաց Բալայանը:
Հարցին՝ ՀՀ առաքելությունը մո՞տ է այն քաղաքներին, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, Բալայանը պատասխանեց. «Ոչ, բավական հեռու է», հայտնում է ՀԺ-ն:
Անդրադառնալով հարցին` եթե ամեն դեպքում իրավիճակը Սիրիայում ավելի սրվի, արդյո՞ք հայկական կողմը հետ է կանչելու ուղարկված առաքելությունը, Բալայանը պատասխանեց. «Առաքելությունն այնտեղ է գտնվում օրենսդրության շրջանակներում եւ եթե այնպիսի վիճակ ստեղծվի, որ առաքելության անվտանգությանը կարող է սպառնալիք լինել, այդ պարագայում կառավարությունը կքննարկի ու իր որոշումը կհրապարակի»:
Ընդհանուր առմամբ իրավիճակը, իհարկե, շատ մտահոգիչ է եւ վտանգավոր, նշում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը: «Ինչպես գիտեք, Սիրիայի այդ հատվածում արաբների, քրդերի, ասորիների եւ այլ փոքրամասնությունների հետ միասին ապրում են նաեւ հայեր, եւ այս օրերին, երբ այդ անօրինական ներխուժումը իրականացվել է դեպի Սիրիայի տարածք, բոլորիս ուշադրությունը սեւեռված է առաջին հերթին մեր հայրենակիցների ուղղությամբ: Սիրիայում, ինչպես գիտեք, գործում է ՀՀ դեսպանություն եւ գլխավոր հյուպատոսություն, առաջնորդարան, որոնք այս օրերին մշտական կապի մեջ են այնտեղ գտնվող հայ ազգաբնակչության հետ, որպեսզի կարողանան անհրաժեշտ պահին անհրաժեշտ աջակցություն եւ արձագանք ցուցաբերել: Մենք էլ մեր հերթին ենք անընդհատ կապի մեջ դեսպանության եւ գլխավոր հյուպատոսության հետ եւ նրանցից ենք ստանում տեղեկություններ տարածաշրջանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ», - ասում է նա:
Պաշտոնյան ընդգծում է, որ հայերը Սիրիայի հյուսիսարեւելյան շրջանում բնակվում են հիմնականում Կամիշլի քաղաքում, Թել Աբյադում եւ մի քանի այլ բնակավայրերում: Թուրքական ներխուժման գլխավոր թիրախներից մեկը համարվող Թել Աբյադից հայերը հիմնականում դուրս են եկել իրենց նախաձեռնությամբ: «Մեր ունեցած տվյալների համաձայն՝ այնտեղ երեկվա դրությամբ կար հայկական 16 ընտանիք: Այս պահին արդեն մնացել է միայն 1 ընտանիք, որը, ըստ երեւույթին, ցանկություն չի ունեցել հեռանալու: Մնացածը բարեհաջող տեղափոխվել են Հասակե քաղաք», - ասել է նա:
Իսկ Կամիշլիում, նշում է նա իրավիճակը նույնն է, ինչ երեկ: «Այնտեղ մոտ 400-420 հայ ընտանիք կա, այսինքն՝ մոտ 3000 հոգի: Շատ ինքնակազմակերպված համայնք է. իրենք իրար հետ բոլորը կապի մեջ են եւ նաեւ մշտական կապի մեջ են դեսպանության եւ գլխավոր հյուպատոսության հետ: Այս պահին իրենք տարհանման կարիք դեռեւս չեն զգում: Կամիշլիում կյանքն ընթանում է բնականոն հունով. երեխաները դպրոց են գնում, խանութները աշխատում են եւ այլն», - ասում է նա: