Թուրքիայի գործողությունները հյուսիսային Սիրիայում սպառնում են վերածվել մարդասիրական ճգնաժամի: Ռազմական գործողությունների գոտում հայտնված ազգաբնակչությունը հեռանում է այստեղի իր բնակավայրերից: Միջազգային և տեղական բազմաթիվ կառույցներ հայտնում են, որ հարյուր հազարավոր մարդիկ հայտնվել են վտանգի ներքո, հայտնում է Ամերիկայի ձայնը:
Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունները հյուսիսային Սիրիայում հանգեցրել են փախստականների նորանոր ալիքների, հատկապես տեղի քուրդ, քրիստոնյա ու եզդի ազգաբնակչության շրջանում:
Հակամարտության տարբեր կողմեր տարբեր մարդկային զոհերի ու վիրավորների տարբերվող թվեր են ներկայացնում: Սիրիայում Քրդական առաջադիմական ժողովրդավարական կուսակցության կենտրոնական կոմիտեից հայտնում են թուրքական ռազմական գործողությունների հետեւանքով տասնյակ զոհերի ու հարյուրավոր վիրավորների մասին, գրում է РИА Новости-ն:
Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում «277 քրդական զինյալների ոչնչացման մասին»:
Միջազգային կարմիր խաչը խոր մտահոգություն է հայտնել Թուրքիայի ներխուժումից հետո հյուսիսային Սիրիայում տեղի շուրջ երկու միլիոն ազգաբնակչության ճակատագրի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջիններս արդեն մի քանի անգամ վտանգի են ենթարկվել Դաեշ-ի և իսլամիստ այլ խմբերի հարձակումների հետևանքով:
Թեեւ Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիս ներխուժումը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների եւ տարածաշրջանից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո, ԱՄՆ-ն շարունակում է հետեւել իրավիճակին:
ԱՄՆ ԶՈՒ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին Սիրիայի իրավիճակը քննարկել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի հետ, հայտնել է Միլիի մամուլի ծառայությունը: Հստակեցվում է, որ նրանց զրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Քննարկվել է Սիրիայում «անվտանգության ոլորտի իրավիճակը»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ամսվա սկզբից սա Միլիի եւ Գյուլերի երկրորդ զրույցն է, երբ ամերիկացի գեներալը ստանձնեց ԱՄՆ ԶՈՒ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահի պաշտոնը:
Թուրքիան ավելի վաղ Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին: Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են հայտնվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով:
Թուրքիան հայտարարում է, որ ներխուժման ու ռազմական գործողության հիմնական նպատակն է մաքրել այս տարածքներն ահաբեկիչներից և ստեղծել այստեղ անվտանգության գոտի, ուր կտեղափոխվեն բազմաթիվ փախստականներ Սիրիայից: Սակայն տեղական և միջազգային մարդասիրական կառույցները վերապահումով են մոտենում Թուրքիայի նախագահ Էրդողանի այս հայտարարությանը՝ ընդգծելով, որ գործողությունները որևէ աղերս չունեն ահաբեկչության դեմ պայքարի հետ և միտված են փոխելու այս տարածքների ժողովրդագրական կազմը:
Իրաքի Քրդստանի շրջանի իշխանությունները հայտարարել են, որ չունեն համապատասխան միջոցներ և հնարավորություն Սիրիայի հյուսիսից բոլոր տեղահանվածներին ապահովելու համար: Միևնույն ժամանակ Սիրիայի դեմոկրատական ուժերը, ուր գերիշխում են քրդական զորամիավորումները, կոչ են անում միջազգային հանրությանն օգնություն ցուցաբերել հյուսիսային Սիրիային՝ ընդգծելով, որ իրավիճակն այստեղ մոտ է մարդասիրական ճգնաժամին:
Վերլուծաբանների կարծիքով՝ սակայն, չնայած արտաքին դժգոհությանը, Թուրքիան կշարունակի իր գործողություններն այստեղ, քանի որ Անկարայի հիմնական նպատակներից է դեպի այս շրջաններ հնարավորին չափով մեծաթիվ փախստականներ տեղափոխելը: Դա այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: