ԲՀԿ-ն առաջարկում է քրեականացնել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը. ԱԺ-ն դեմ է
Այսօր ՀՀ պետականության, մեր ժողովրդի գլխին կախված վտանգներից մեկը ոչ ավանդական սեռական կողմնորոշման վտանգն է: Այս վտանգը կանխելու նպատակով ԲՀԿ-ն հեղինակել է նախագիծ, որով առաջարկում է Քրեական օրենսգրքում կատարվի լրացում՝ 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Այս մասին Աժ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նա նշեց, որ կառավարությունն այս նախագծին բացասական եզրակացություն է տվել երկու պատճառաբանությամբ։ Այն է՝ պարզ չէ, թե ի՞նչ ասել է ոչ սեռական ավանդական կողմնորոշում, դա անորոշ հասկացություն է։
«Այստեղ մարդ կա՞ որ այդպես է մտածում»,- հետաքրքրվեց պատգամավորը։
Երկրորդ պատճառաբանությունը, ըստ ԲՀԿ-ականի այն է, որ նման հանցակազմ արդեն իսկ կա քրեական օրենսգրքում։
«Վկայակոչում են հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում անառակաբարո գործողությունների համար, իսկ մյուս հոդվածը՝ պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու համար։ Կառավարությունը դրանք նույնականացնո՞ւմ է ոչ ավանդական սեռական կողմնորշման քարոզի հետ»,- շարունակեց հարցադրում անել Գևորգ Պետրոսյանը։
Պատգամավորը վստահեցրեց՝ սա այն հարցն է, որ ԲՀԿ խմբակցության համար որևէ նահանջի տեղ չի ենթադրում, քանի որ խոսքը մեր երեխաների անշեղ ապագայի մասին է. «Եկեք ընդունենք այս նախագիծը, որպեսզի ապահովենք մեր երեխաների անշեղ ապագան»,- հավելեց նա դահլիճում հնչող ծափահարությունների ներքո։
Սակայն Գևորգ Պետրոսյանի բոցաշունչ ելույթը չստիպեց պատգամավորներին կողմ քվեարկել՝ նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։