Նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 13-ին հանդիպել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը: Նախագահը մասնավորապես նշել է, որ քաղաքական հավանության կարժանացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչը նշանակում է քննարկումների նոր փուլի սկիզբը:
«Սկսվում է աշխատանքի նոր, ավելի բարդ ու ծավալուն, միևնույն ժամանակ՝ պատասխանատու փուլ: Վստահ եմ, որ մենք ամիսներ անց ունենալու ենք հստակ մոտեցումներով ու լուծումներով փաստաթուղթ», - հայտարարել է նախագահը:
Նախօրեին Սերժ Սարգսյանը քաղաքական կուսակցությունների հետ
սկսել էր քննարկումներ սահմանադրական բարեփոխումների շուրջ: Նախագահի կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները ենթադրում են երկրի սահմանադրության մեջ մի շարք փոփոխություններ, սակայն կարևորագույն բարեփոխումը կարող է լինել պետության կառավարման մոդելի փոփոխությունը: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ենթադրում է գործող կիսանախագահական կառավարման մոդելից անցում լիովին խորհրդարանական կառավարման մոդելի:
Ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից սահմանադրական փոփոխությունների օգտին է արտահայտվել ՀՅԴ, իսկ դեմ՝ ՀԱԿ-ը, Ժառանգությունը և ԲՀԿ-ն: Սահմանադրական բարեփոխումներին կողմ չի արտահայտվել նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ելնելով դրանից՝ նախագահը մինչև փետրվար սառեցրել էր սահմանադրական բարեփոխումների իրականացումը՝ ավելի լայն քաղաքական կոնսոլիդացիա ձևավորելու համար:
Սակայն ընդդիմության և նրա միջուկը հանդիսացող ԲՀԿ-ի կազմաքանդումից և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո իշխանությունները վերականգնել են ժամանակին ընդհատված գործընթացը: Ընդհանուր առմամբ քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը կամ կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, կամ չի ցանկացել վերջնական կարծիք հայտնել դրանց վերաբերյալ: Դեռևս նրանք ընդհանուր արտահայտություններ են անում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Մանսկագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորել է սահմանադրական բարեփոխումները՝ տեղեկացնելով, որ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել է հայեցակարգի նախագիծը և դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Նա վերահաստատաել է իր համոզմունքը առ այն, որ սահմանադրական բարեփոխումներն իսկապես կարևոր են և, որ դրանք կարող են իրականացվել միայն լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու հատվածին, Սարգսյանը թեև համարել է մասնագիտական հանձնաժողովի փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ, սակայն միևնույն ժամանակ տեղեկացրել, որ կառավարման գործող համակարգի օգտին նախկինում արտահայտած իր դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել:
«Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում: Պատահական չէ, որ հայեցակարգում դուք ևս մտահոգություն եք հայտնել խորհրդարանական կառավարման համակարգի կայունության վերաբերյալ և առաջարկել այդ խնդրի լուծման նախնական մոտեցումներ: Բնականաբար, հաշվի առնելով հայեցակարգի օբյեկտիվորեն ակնկալվող ընդհանրության աստիճանը, այդ լուծումները չէին կարող խիստ մանրակրկիտ և լիարժեք լինել», - հայտարարել է նա:
Այս ամենով հանդերձ, Սարգսյանը նշել է, որ քաղաքական հավանություն կտա հայեցակարգին, որովհետև համոզված է, որ պետք է օգտագործել պետության համար դրական զարգացում ապահովող ցանկացած հնարավորություն: «Առավել ևս, որ իմ հանդիպումների ժամանակ քաղաքական որևէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի հաստատման վերաբերյալ: Միաժամանակ խնդրում եմ ձեզ նախագծել սահմանադրական այնպիսի կարգավորումներ, որոնք աներկբա կերաշխավորեն կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի ներդաշնակ համատեղումը պետության անվտանգության և կայունության հետ», -նշել է երկրի ղեկավարը:
Սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստելիս Սարգսյանը անհրաժեշտ է համարել նաև մշակել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ մասնագիտական քննարկումներն ապահովող արդյունավետ ձևաչափ:
«Երեկ բոլորը դրա մասին շատ հանգամանալից և հիմնավորված խոսում էին: Ինձ համար կարևոր է, որպեսզի նախագծի մշակման բոլոր փուլերում՝ բաժին առ բաժին, գլուխ առ գլուխ հետադարձ կապի սկզբունքով քննարկումներ լինեն քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հետ: Այստեղ ես կարևորում եմ նաև, որպեսզի այն քաղաքական ուժերի հետ քննարկումների ժամանակ, որոնք կողմ են ներկա, գործող կառավարման համակարգը կատարելագործել, քննարկումներ անցկացնել նաև այս ուղղությամբ. արդյունքում հնարավոր է ունենալ, թե՛ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու, թե՛ գործող կառավարման համակարգի կատարելագործված ձևը: Շատ հնարավոր է, որ դրանով բոլորը համոզվեն նոր ձևի արդյունավետության և ճիշտ լինելու մեջ», - եզրափակել է նա: