23.11.2024
Պուտինը կմասնակցի ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների՞ն Երևանում
prev Նախորդ նորություն

Ընդդիմության ջախջախումից հետո վերսկսվեցին սահմանադրական բարեփոխումները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական կուսակցությունների հետ սկսել է քննարկումներ իր նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների շուրջ: Երկրի ղեկավարը արդեն քննարկումներ է ունեցել մի քանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Նախագահի կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները ենթադրում են երկրի սահմանադրության մեջ մի շարք փոփոխություններ, սակայն կարևորագույն բարեփոխումը կարող է լինել պետության կառավարման մոդելի փոփոխությունը: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ենթադրում է գործող կիսանախագահական կառավարման մոդելից անցում լիովին խորհրդարանական կառավարման մոդելի:

Ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից սահմանադրական փոփոխությունների օգտին է արտահայտվել ՀՅԴ, իսկ դեմ՝ ՀԱԿ-ը, Ժառանգությունը և ԲՀԿ-ն: Սահմանադրական բարեփոխումներին կողմ չի արտահայտվել նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ելնելով դրանից՝ նախագահը մինչև փետրվար սառեցրել էր սահմանադրական բարեփոխումների իրականացումը՝ ավելի լայն քաղաքական կոնսոլիդացիա ձևավորելու համար:

Սակայն ընդդիմության և նրա միջուկը հանդիսացող ԲՀԿ-ի կազմաքանդումից և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո իշխանությունները վերականգնել են ժամանակին ընդհատված գործընթացը: Ընդհանուր առմամբ քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը կամ կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, կամ չի ցանկացել վերջնական կարծիք հայտնել դրանց վերաբերյալ: Դեռևս նրանք ընդհանուր արտահայտություններ են անում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

Ընդդիմադիր ՀՀՇ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ ՀՀՇ, իհարկե, որոշ խնդիրներ է տեսնում հայեցակարգի մեջ, սակայն, ընդհանուր առմամբ, աջակցում է սահմանադրական փոփոխություններին: "Կան խնդիրներ ընդդիմության վերահսկողական գործառույթների և ընտրական համակարգի հետ, սակայն ընդհանուր առմամբ իրենք աջակցում են սահմանադրական բարեփոխումներին", - նշել է նա:

Սահմանադրական փոփոխություններին աջակցում է նաև ՀՅԴ: Կուսակցության դիրքորոշումը կրկին վերահաստատել է "Դաշնակցություն" խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հավելելով, որ կուսակցության առաջարկները սահմանադրական փոփոխությունների մասով իրագործելի են: "Այս պահի դրությամբ գրեթե բոլոր կետերի մասով կա փոխըմբռնում, և մեր առաջարկությունները իրականանալու են", - նշել է Արծվիկ Մինասյանը:

Ավելի զգուշավոր և առանց կոնկրետ այո կամ ոչ ասելու է արտահայտվել ընդդիմադիր Միավորված աշխատանքային կուսակցություն (ՄԱԿ) առաջնորդ Գուրգեն Արսենյանը: Պատասխանելով այն հարցին աջակցում է արդյոք իրենց կուսակցությունը սահմանադրական բարեփոխումներին Արսենյանը նշել է. "Դեռևս քննարկումներ են ընթանում և բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն կունենան արտահայտել իրենց դիրքորոշումը":

Արսենյանը նաև հավելել է, որ նախագահի հետ հանդիպմանը ՄԱԿ-ի ներկայացուցիչները համաձայնվել են մասնակցել սահմանադրական բարեփոխումների իրականացման աշխատանքային խմբի գործունեությանը և հանդես գալ առաջարկություններով:

Նախագահի հետ հանդիպել են նաև ԲՀԿ-ի ներկայացուցիչները, ովքեր Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո հայտնվել են բավականին բարդ իրավիճակում: Նախագահի հետ հանդիպման արդյունքներով ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որ կուսակցության դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել:

Մինչ այդ ԲՀԿ-ն դեմ էր արտահայտվում սահմանադրական փոփոխություններին` նշելով, որ դա իշխանությունների վերարտադրության մեխանիզմ է: Սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները գտնում են, որ այդ որոշումը կոնյուկտուրային է և թելադրվում է քաղաքական նպատակահարմարությամբ՝ իշխող էլիտայի պետության ղեկին գտնվելու գործընթացը երկարաձգելու համար:

Նրանք գտնում են, որ դրանով Սերժ Սարգսյանը կպահպանի վերահսկողությունը քաղաքական լծակների նկատմամբ կամ իբրև կուսակցության նախագահ կամ նախագահի աթոռը կփոխարինի ԱԺ խոսնակի պաշտոնով:

Սահմանադրական փոփոխություններին կտրուկ դեմ է արտահայտվել և հրաժարվել է նախագահի հետ հանդիպել ընդդիմադիր ՀԱԿ-ը: "Մենք կտրուկ դեմ ենք արտահայտվում սահմանադրական փոփոխություններին: Մեր դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել: Եթե նույնիսկ մենք միայնակ մնանք, ապա շարունակելու ենք պայքարը սահմանադրական փոփոխությունների դեմ", - նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: