Իհարկե ռուսալեզու նյույորքյան հեռուստաալիքին Վահագն Խաչատուրյանի տված հարցազրույցն ունի նաեւ զավեշտալի միտք:
Մասնավորապես, նա ասում է, որ Հայաստանը կախվածություն ունի ռուսական տնտեսությունից, բայց Ռուսաստանն էլ տնտեսական կախվածություն ունի Հայաստանից:
Կան մտքեր, որ մեկնաբանելն իհարկե շատ դժվար է: Բայց, այստեղ հարցն այն է, որ այդպիսի մտքեր կարող են արտահայտել այսպես ասած «քաղաքագետներ», «փորձագետներ», կամ ինչ որ գործիչներ, որոնք իրենց համարում են քաղաքական:
Բայց, երբ այդօրինակ մտքեր հնչում են մարդու շուրթերից, որը զբաղեցնում է Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնը, սա ըստ էության ուղիղ առնչվում է Հայաստանի հանրապետության վարկին: Պետության վարկը այդ պետության բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչող հայտարարությունների լրջմտությունն է, քաղաքական բովանդակության կշիռը, այլ ոչ թե «վեկտորը»:
Երբ Հայաստանի հանրապետության որեւէ բարձրաստիճան պաշտոնյա ասում է, որ Ռուսաստանը տնտեսական կախվածություն ունի Հայաստանից, դա կարող է որեւէ արտաքին միջավայրում առաջացնել միայն ծիծաղ, կամ խղճմտանք Հայաստանի հանդեպ՝ որ ունի այդ մտահորիզոնով պաշտոնյաներ:
Դա մոտավորապես նույնն է, որ ասվի, թե ծովը կախվածություն ունի կաթիլից:
Այո, Հայաստանի տնտեսական ծավալների եւ Ռուսաստանի տնտեսական ծավալների ու պրոցեսների համեմատությունը ունի հենց այդ հարաբերակցությունը: Դա բոլորովին չի նշանակում, որ Ռուսաստանի տնտեսությունը չունի խնդիրներ: Այսօր չկա խնդիր չունեցող տնտեսություն: Բայց, այդ տնտեսության խնդիրների համատեքստում Հայաստանը մեղմ ասած աննշմար կետ է, որովհետեւ ռուսները իրենց խնդիրները փորձում են լուծել Չինաստանի, Հնդկաստանի, արաբական աշխարհի երկրների հետ պայմանավորվածություններով:
Ռուսաստանը անգամ Ադրբեջանի հանդեպ չունի տնտեսական կախվածություն, որն իր տնտեսության ծավալով եւ աշխարհագրական դիրքով ունի ավելի մեծ նշանակություն:
Եթե խոսենք օրինակ քաղաքական հանգամանքների մասին, ապա այստեղ իհարկե պատկերն այլ է, որովհետեւ Հայաստանը՝ կովկասյան համատեքստում նաեւ, Ռուսաստանի համար ունի իհարկե էական նշանակություն: Բայց, սա արդեն խոսակցության բոլորովին այլ նյութ է, այլ բովանդակություն:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան