Հայաստանն ու Ադրբեջանը կհասնեն այդ կետին, երբ խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին կստորագրեն խաղաղության համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ ճեպազրույցին։
Նրա խոսքով՝ ամենակարևոր արձանագրումն այն է, որ Հայասնանն Ադրբեջանի հետ ոհասել է խաղաղության՝ Ադրբեջանի հետ հրաձգությունների, բախումների արդյունքում չունենք զոհեր և վիրավորներ:
«Եվ առաջին անգամ մեր համատեղ պատմության ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը օգտագործում են կամ նույն, կամ շատ նման խոսույթ: Մասնավորապես ես ինքս էլ շատ հաճախ եմ ասում դրա մասին: Ադրբեջանի նախագահը նույնպես ասում է, որ խաղաղությունը նոր հանգամանք է մեր կյանքում և մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում: Ավելին ասեմ՝ մենք դեռ ուզում ենք հասկանալ, թե ինչ է դա, ինչ է իրենից ներկայացնում խաղաղությունը, ինչ տեսք և պատկեր ունի խաղաղությունը», - ասաց նա:
Դրա հետ մեկտեղ, Փաշինյանը նշեց, որ հայկական կողմի համար շատ կարևոր է խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը: «Բայց ես նաև ուզում եմ ընդգծել, որ սխալ է այն կարծիքը, թե այսօր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե հիմք չունի կամ պարտադիր իրավական ուժ չունի: Դա ճիշտ տեսակետ չէ: Որովհետև 2024 թվականին Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել և երկու երկրներում վավերացրել են սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը, որը մեր երկրների միջև ստորագրված առաջին միջպետական համաձայնագիրն է, որն ունի պարտադիր իրավական ուժ երկու երկրներում: Այդ համաձայնագրի համաձայն՝ Ալմա-Աթայի հռչակագիրը ընդունվում է որպես բազային սկզբունք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման համար: Ինստիտուցիոնալացման արտահայտություն է նաև այն, որ Հայաստան արդեն իսկ շուրջ 26 000 տոննա բեռ է ստացել Ադրբեջանի երկաթուղով և սկսել է նավթամթերք ներկրել Ադրբեջանից», - ասաց նա:
Փաշինյանը նաև նաև նշեց, որ տասնամյակների թշնամությունը հնարավոր չէ մեկ շարժումով «անջատել»։ «Ի վերջո, 40 տարի Հայաստանը և Ադրբեջանը ապրել են թշնամության միջավայրում, և հնարավոր չէ ուղղակի անջատել թշնամանքը, սեղմել խաղաղության կոճակը և ասել՝ այլևս թշնամություն չկա, միայն խաղաղություն է: Սա ես ասում եմ նրա համար, որ և Հայաստանում, և Ադրբեջանում դեռևս կարելի է տեսնել խոսույթներ, որոնք բխում են կոնֆլիկտի ժամանակներից: Բայց մենք պետք է հասկանանք, որ դա անխուսափելի իներցիոն գործընթաց է: Նույնիսկ եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված լինի, ամենակարևոր ինստիտուցիոնալացումը տեղի է ունենում մարդկանց մտքերում և սոցիալ-հոգեբանական մակարդակում», - նշեց վարչապետը:
Ըստ նրա՝ այս ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները թվերով արտահայտված չեն, բայց այդ ուղղությամբ «ինստիտուցիոնալացումը» տեղի է ունենում շատ ավելի արագ, քան կարելի էր սպասել: