5.05.2026
Ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը. Ամբողջական տեքստ
prev Նախորդ նորություն

Խաղաղության համաձայնագրի ստորագրումով գործընթացը չի ավարտվում

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը չի նշանակում, որ աշխատանքն ավարտվեց: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։


Նրա խոսքով՝ ընդհակառակը՝ աշխատանքը դրանով նոր է մեկնարկում։ «Հենց համաձայնագրի տեքստից ակնհայտ է, որ ստորագրումից հետո բազմաթիվ ուղղություններով մեզ պետք է լինի ստորագրել նորանոր համաձայնագրեր, այդ թվում՝ ոլորտային համագործակցության», - ասաց վարչապետը։ Նա հավելեց, որ այդուհանդերձ տրանսպորտի ոլորտում «մենք այսօր համագործակցում ենք առանց որևէ համաձայնագրի»:


Նա չափազանց կարևոր համարեց TRIPP նախագիծը և այն տրանսպորտային նախագծերը, որոնք այսօր քննարկվում են Եվրոպական միության հետ: «Երբ մենք լիարժեք բացենք ճանապարհները միմյանց համար և այդ թվում Թուրքիայի հետ սահմանը բացվի — իսկ որ դա տեղի է ունենալու, ես ոչ մի րոպե չեմ կասկածում, դա ինձ համար շատ ակնհայտ է — դա նույնպես խաղաղության ինստիտուցիոնալացման շատ կարևոր քայլ է», - պնդում է Փաշինյանը:


«Ընդ որում՝ մենք մեր ճանապարհները միմյանց տրամադրելու ենք ազատ տեղաշարժի և ազատ բեռնափոխադրումների երթևեկության համար, երկկողմ առևտրի իմաստով՝ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի ճանապարհով, Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի ճանապարհներով, ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև անխոչընդոտ կապը: Բոլոր դեպքերում դա հիմնված է լինելու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա: Եվ մասնավորապես TRIPP նախագծի դեպքում այդ բանաձևերը արձանագրված են այդ նախագծի իրականացման շրջանակում, որը 2026 թվականի հունվարի 14-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների կառավարության միջև», - նշեց նա:


Փաշինյանը նաև հավելեց, որ այս ոլորտում ահռելի պոտենցիալ կա, որը արդեն գտնվում է իրագործման փուլում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների տեսանկյունից: «Ես համոզված եմ, որ այդ ուղղությամբ մենք շատ լուրջ ռազմավարական նշանակության նախագծեր ենք իրականացնելու: Այսօր մենք առիթ ունեցել ենք քննարկել այդ նախագծերի հայեցակարգը և արձանագրել, որ ունենք ընդհանուր ըմբռնում՝ շարժվել հենց այդ ուղղությամբ», - եզրափակեց նա:


 


 


 

Հնարավոր չէ ուղղակի անջատել թշնամանքը, սեղմել խաղաղության կոճակը - Փաշինյան
Հաջորդ նորություն next