Հայաստանը կարեւորում է Թաիլանդի հետ հարաբերությունների խորացումը
Հայաստանը կարեւորում է Թաիլանդի հետ հարաբերությունների խորացումը: Միջխորհրդարանական համագործակցությունը կարեւոր մեխանիզմ է տարբեր մակարդակներում կապերի ամրապնդման համար: Հայաստանի խորհրդարանում գործում է Հայաստան-Թաիլանդ բարեկամական խումբը եւ թաիլանդական կողմից փոխադարձ քայլը՝ բարեկամական խմբի ձեւավորումը, անշուշտ, կնպաստի երկխոսության ակտիվացմանը ոչ միայն երկկողմ հարթակներում, այլեւ՝ ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցությանը: Մենք պատրաստ ենք առավելագույն ջանքեր գործադրել հաղորդակցության ակտիվացման ուղղությամբ: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Թաիլանդ բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը Թաիլանդի ԱԳ նախարարության պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
«Սա մեր առաջին այցն է Հայաստան: Տպավորված ենք Հայաստանով»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ասել է Թաիլանդի Թագավորության ԱԳՆ եվրոպական հարցերի վարչության գլխավոր տնօրեն Կրոնգկանիթ Ռաքչարեոնը: Նա գոհունակություն է հայտնել այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկված հարցերի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկկողմ քաղաքական տնտեսական կապերի զարգացումը, ընդգծվել, որ առկա է չիրացված մեծ ներուժ:
Նարեկ Բաբայանի դիտարկմամբ համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, առեւտրի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում կարող է ամուր հիմքեր ստեղծել երկկողմ հարաբերություններում: Բարեկամական խմբի ղեկավարը խոսել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին՝ ընդգծելով, որ ակնկալվում է էապես բարձրացնել մատուցվող բարձրագույն կրթության ծառայությունների որակը, ապահովել կրթական գործընթացի անմիջական կապը մրցունակ գիտական հետազոտությունների հետ: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրին:
Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Ալխաս Ղազարյանն ու Հայկ Ցիրունյանը: Բարեկամական խմբի անդամները եւս ընդգծել են արդյունավետ բազմոլորտ համագործակցության կարեւորությունը: