ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
Եվրամիությունը ողջունում է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությունը: Կառույցի համոզմամբ՝ դա նշանակալի առաջընթաց էր տասնամյակներ տևած հակամարտության դադարեցման ուղղությամբ:
«Այժմ կարևոր է, որ պայմանավորվածությունները ժամանակին իրականացվեն, Խաղաղության պայմանագիրը ստորագրվի և վավերացվի: Դա կարևոր և վճռական քայլ է դեպի երկկողմ հարաբերությունների լիակատար կարգավորում՝ հիմնված երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների փոխադարձ ճանաչման վրա՝ Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ պայմանավորվածությունների իրականացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի ընդհանուր խաղաղ զարգացման վրա:
«ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարիներ շարունակ աշխատել է երկու կողմի և միջազգային գործընկերների հետ՝ կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար»,- նշել են Եվրամիությունից:
Հայտարարությանը միացել են Ալբանիան, Վրաստանը, Իսլանդիան, Մոլդովան, Նորվեգիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն, Սերբիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ: