Հայաստանն ու Վիետնամը քննարկել են փոխայցելությունների և դիվանագիտական շփումների օրակարգը
Լուսանկարը` primeminister.am
Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները, կարևորելով Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետագա ընդլայնումը և խորացումը, քննարկել են փոխայցելությունների և դիվանագիտական շփումների օրակարգը, առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության ակտիվացումը, գործարար կապերի խթանումը:
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին տարիներին երկկողմ առևտրաշրջանառությունն աճում է, սակայն առկա է ծավալները հետևողականորեն ավելացնելու մեծ ներուժ:
Այդ առումով, կարևորվել է Հայաստան-Վիետնամ տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:
Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում փոխաջակցությանը, զբոսաշրջության ոլորտում կապերի խորացմանը, փոխադարձ այցելությունների դյուրացման հնարավորություններին: