«Շատ լավ փոխգործակցություն». Մոդին՝ ՇՀԿ գագաթնաժողովում Փաշինյանի հետ զրույցի մասին
Լուսանկարը` primeminister.am
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բարձր է գնահատել Չինաստանում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած իր զրույցը։
«X» սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ Հնդկաստանի ղեկավարն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ջերմ և բարեկամական բնույթը։
Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող խոշոր միջազգային համաժողովի շրջանակում տեղի է ունեցել կարճ, սակայն բովանդակալից զրույց Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունների ղեկավարների միջև։ Դրա արդյունքներով վարչապետ Նարենդրա Մոդին կիսվել է իր տպավորություններով։
«Շատ լավ փոխգործակցություն ունեցանք Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ։ Հնդկաստանն ու Հայաստանը կապված են ջերմ և զարգացող հարաբերություններով, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ համագործակցության վրա», – նշել է Մոդին իր գրառման մեջ։
Բարձր մակարդակով կարծիքների այս փոխանակումը վերահաստատում է հայ-հնդկական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը և բազմաշերտ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված փոխադարձ հետաքրքրվածությունը։ ՇՀԿ գագաթնաժողովն անցկացվում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։