Հայաստանն ու Չինաստանը պաշտոնապես ամրագրել են ռազմավարական գործընկերության մակարդակի անցումը՝ ընդունելով համապարփակ համատեղ հռչակագիր։ Այս փաստաթուղթը ոչ թե պարզապես արարողակարգային հայտարարություն է, այլ մանրամասն մշակված ճանապարհային քարտեզ, որը սահմանում է խորը և բազմաշերտ համագործակցության ուղեգծերը՝ հիմնված ժողովուրդների դարավոր բարեկամության և ավելի քան երեք տասնամյակի հաջող դիվանագիտական հարաբերությունների վրա։
Համագործակցության նոր փուլի հիմքում, ինչպես բխում է փաստաթղթի նախաբանից, ընկած է բոլոր առանցքային ոլորտներում՝ քաղաքականությունից ու տնտեսությունից մինչև մշակույթ և համաշխարհային անվտանգության ապահովում, փոխգործակցությունն ընդլայնելու փոխադարձ ձգտումը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել իրենց հարաբերությունները կառուցել հավասարության, փոխադարձ հարգանքի, վստահության և փոխշահավետության սկզբունքների վրա՝ դրանով իսկ ստեղծելով ամուր հենք երկարաժամկետ դաշինքի համար։
Քաղաքական երկխոսություն. ինքնիշխանություն և փոխադարձ աջակցություն
Հռչակագրում կենտրոնական տեղ է զբաղեցնում քաղաքական երկխոսությանը նվիրված բաժինը։ Այնտեղ ընդգծվում է, որ Երևանն ու Պեկինը առաջնորդվում են խաղաղ գոյակցության անսասան սկզբունքներով, ներառյալ՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքը, միմյանց ներքին գործերին չմիջամտելը և ագրեսիայի բացառումը։ Փաստաթուղթը հստակորեն ամրագրում է երկու երկրների համար առանցքային նշանակություն ունեցող փոխադարձ պարտավորություններ։ Մի կողմից, հայկական կողմը վճռականորեն վերահաստատում է իր հավատարմությունը «Մեկ Չինաստանի» սկզբունքին՝ ճանաչելով Թայվանը որպես ՉԺՀ անբաժանելի մաս և Պեկինի կառավարությանը՝ որպես ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարություն։
Մյուս կողմից, ինչը կենսականորեն կարևոր է Հայաստանի համար, «չինական կողմը վերահաստատում է իր ամուր աջակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը»։ Պեկինը նաև պաշտոնապես ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և սատարում Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգին։ Այսպիսով, հռչակագիրն ամրագրում է փոխադարձ քաղաքական աջակցության բանաձև՝ յուրաքանչյուր կողմի համար առավել զգայուն հարցերում։ Բացի այդ, տեքստը պարունակում է աշխարհակարգի վերաբերյալ ընդհանուր տեսլական. կողմերը համատեղ դեմ են հանդես գալիս «առճակատում խրախուսող աշխարհաքաղաքական ինտրիգներին» և տարածաշրջանն ապակայունացնող քայլերին։
Տնտեսություն և ենթակառուցվածքներ. առևտրից՝ համատեղ նախագծերի
Հռչակագրի տնտեսական բաժինը վկայում է ոչ միայն ապրանքաշրջանառությունը մեծացնելու, այլև համալիր տնտեսական գործընկերություն կառուցելու կողմերի մտադրության մասին։ Ողջունելով վերջին տարիներին երկկողմ առևտրի կայուն աճը՝ փաստաթուղթը նախանշում է դրա հետագա խթանմանն ուղղված կոնկրետ քայլեր։ Խոսքը հայկական արտադրանքի արտահանմանը դեպի չինական ընդարձակ շուկա աջակցելու և չինական ներդրումները ներգրավելու մասին է, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին մասնակցության միջոցով։
Այս նպատակներին հասնելու համար, ինչպես նշված է հռչակագրում, կողմերը պայմանավորվել են բարձրացնել Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մակարդակը, ինչը նոր խթան կհաղորդի դրա աշխատանքին։ Հատուկ ուշադրություն է դարձվում ցուցահանդեսային գործունեությանը՝ որպես ապրանքների և ծառայությունների առաջմղման գործիք։ Հայաստանը ողջունում է չինական ընկերությունների մասնակցությունն իր ցուցահանդեսներին, ինչպիսիք են «DigiTec Expo»-ն և «Industrial Armenia EXPO»-ն, իսկ Չինաստանն իր հերթին հրավիրում է Հայաստանին ակտիվորեն մասնակցել ՉԺՀ-ում անցկացվող տասնյակ խոշոր միջազգային ցուցահանդեսների։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտ և հումանիտար կապեր
Փաստաթղթում առանձնահատուկ տեղ է հատկացված ոլորտային համագործակցությանը, որտեղ գերակա են համարվում նորարարությունները, տեղեկատվական տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը։ Հռչակագիրն ուղղակիորեն մատնանշում է համագործակցության հնարավոր հարթակներ՝ դիտարկելով հայկական «Ինժեներական քաղաք» և «Ակադեմիական քաղաք» նախագծերը որպես համատեղ հետազոտական և ինկուբացիոն կենտրոնների ստեղծման հարթակներ։ Սա վկայում է մտադրությունների ոչ թե հռչակագրային, այլ առարկայական բնույթի մասին։
Հումանիտար ոլորտում կողմերը պարտավորվում են խորացնել կապերը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում։ Նախատեսվում է աջակցել չինարենի և հայերենի ուսուցմանը, այդ թվում՝ Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի միջոցով, և համագործակցել մշակութային ժառանգության պահպանման հարցերում։ Առանձին ընդգծվում է առանց վիզայի ռեժիմի կարևորությունը, որն արդեն իսկ զգալիորեն խթանել է զբոսաշրջային հոսքերը և մարդկանց միջև շփումները։
Համաշխարհային համագործակցություն և ռազմավարությունների համադրում
Միջազգային փոխգործակցության բաժնում Հայաստանը պաշտոնապես ողջունում է Չինաստանի կողմից առաջ քաշված Գլոբալ զարգացման, Գլոբալ անվտանգության և Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունները։ Սա ցույց է տալիս առանցքային համաշխարհային խնդիրների նկատմամբ մոտեցումների ընդհանրությունը, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա։
Հռչակագրի առանցքային ռազմավարական կետը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության և հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համադրման շուրջ պայմանավորվածությունն է։ Փաստաթղթում նշվում է այս երկու նախաձեռնությունների շրջանակներում «համապատասխան համատեղ նախագծերի իրականացմանն ակտիվորեն նպաստելու» պատրաստակամության մասին։ Նման համադրումը Հայաստանի համար նոր հեռանկարներ է բացում՝ որպես միջտարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական միջանցքների համակարգում կարևոր օղակ։
Նշվում է, նաև Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) Հայաստանի կարգավիճակի բարձրացմանն ուղղված ձգտմանը Չինաստանի աջակցությունը և Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) շրջանակներում համագործակցության մասին: