VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները հայտնվել են բարդ իրավիճակում։ Ընտրական օրենսգրքի տապալումից, պարզվում է, տուժելու է առաջին հերթին հենց ՀՀԿ-ն։ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին կանգնեցրել է փաստի առաջ՝ նրանց առջև պայման են դրել՝ ով ուզում է ցուցակում լինել, պիտի նաև ռեյտինգայինով առաջադրվի։ Այդ թվում՝ «քաղաքական թևը»․ Արմեն Աշոտյան, Շարմազանով, ՀՀԿ-ական կանայք ու մյուսները, որոնք մինչ օրս խորհրդարանում իրենց տեղն ամրագրել են ռեյտինգայինների ծախսած փողերի ու բերած ձայների հաշվին։ Հիմա նրանք ստիպված են լինելու «թևերը քշտած»՝ մտնել թեժ պայքարի մեջ, որտեղ պարզ կերևա, թե ով որքան կշիռ ու հեղինակություն ունի։ Սա արդեն իսկ անհանգստություն է առաջացրել որոշ հանրապետականների շրջանում, որոնք խնդիր ունեն նորից հաջորդ ԱԺ-ում լինելու, բայց, բնականաբար, հասկանում են, որ ռեյտինգայինով գնալը հեշտ բան չէ։ ՀՀԿ-ն այս քայլին ճարահատյալ է գնում, քանի որ նրա համար մշտապես ձայն ապահոված ռեյտինգայիններն այսօր «թռել» են իրենց վրայից՝ անցնելով Նիկոլի կողմը։ Արդյունքում ամեն ինչ մնացել է գաղափարական հանրապետականների փխրուն ուսերին։ Կարճ ասած՝ Ընտրական օրենսգրքի տապալումը, իրականում, ՀՀԿ-ականների շահերից չէր բխում, պարզապես «հանուն սկզբունքի» տապալեցին ու ընկան կրակը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նախկին փեսացուի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, դատի է տվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ կառավարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա հոկտեմբերի 30-ին դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել է անվավեր ճանաչել «Երևան կենտրոն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հարություն Սարգսյանին շնորհված ներման մասին մարտի 31-ի հրամանագիրը: Հիշեցնենք, որ 2012 թվականին սպանվել էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն, որի համար 15 տարվա ազատազրկման դատապարտվեց Հարություն Սարգսյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին գործարք են առաջարկում` ազատության դիմաց նա պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ: Գրիգորյանը հրաժարվել է նման գործարքից և սպասում է իր գործով դատական նիստերի սկզբին: Քննությունն էլ, կարծես թե, հակված է գործը շուտ ավարտել և ուղարկել դատարան, որովհետև ամենաէական մեղադրանքը, որ կա Մանվել Գրիգորյանի դեմ, ապօրինի զենք-զինամթերք պահելն է: Իրավապահները հասկանում են, որ ԵԿՄ նախագահին նման մեղադրանքով դատարան տանելը կարող է հակառակ էֆեկտն ունենալ, և Մանվել Գրիգորյանը մեղադրյալից վերածվի մեղադրողի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Համաներման նախագծի քննարկումը խորհրդարանում երեկ հլու-հնազանդ, սկզբից մինչև վերջ իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀԿ-ի մականունավոր պատգամավորները՝ Հակոբ Բեգլարյան, Աշոտ Արսենյան, Նաիրի Սահակյան և այլք, որոնք վերջին շաբաթներին մոռացել էին ԱԺ-ի ճանապարհը։ Փորձեցինք պարզել, թե ինչով է բացատրվում սույն օրենսդիրների հետաքրքրությունը նախագծի հետ կապված։ Նրանցից մեկը խոստովանեց, որ եկել է քվեարկելու, որպեսզի բերդից դուրս գան հեղափոխության և 2016-ի ՊՊԾ գնդի հայտնի դեպքերի զանգվածային անկարգությունների գործով անցնող իր ընտրատարածքի տասնյակ մասնակիցներ։ Գաղտնիք չէ, որ մականունավորներն անձնական հրոսակախմբեր ունեն»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես նշել էինք, ՀԱԿ վարչությունը քվեարկությամբ որոշել էր մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, վարչության անդամներից 13-ը կողմ էին քվեարկել, 6-ը՝ դեմ: Հիմա պարզվում է, որ դեմ քվեարկողները ունեն իրենց շարժառիթները: Նրանք հույս ունեն, որ եթե ՀԱԿ-ը առանձին չմասնակցի ընտրություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ որոշ ներկայացուցիչների կընդգրկի ՔՊ ցուցակ: Մասնավորապես Արամ Մանուկյանը, ով դեմ է արտահայտվում մասնակցությանը, հույս ունի, որ իր որդին՝ Արեն Մանուկյանը, կլինի ՔՊ ցուցակում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կցանկանաք հետագայում մնալ Ձեր պաշտոնի՞ն, թե՞ դառնալ պատգամավոր՝ հարցրեցինք ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանին։ «Կառավարության անդամները խորհրդարանական ընտրություններում մաս են կազմում իրենց համամասնական ցուցակներին։ Ես, այո, կլինեմ ցուցակում, բայցեւ համակարգը, որն այսօր ղեկավարում եմ, շատ եմ սիրում, կապվել եմ։ Կմնամ, թե ոչ, իմ որոշելիքը չէ։ Խորհրդարանական աշխատանքի որոշակի փորձ նույնպես ունեմ, որովհետեւ խորհրդարանի հետ տարբեր ժամանակներ տարբեր նախագծերի մշակմանն եմ մասնակցել»։ ՀՅԴ պատգամավորներից մեկը մտահոգություն էր հայտնել, որ մենաշնորհը ԱԺ-ում հաղթած ուժին հնարավորություն կտա օրինականացնել մարիխուանայի օգտագործումը, միասեռ ամուսնությունները՝ գումարած ռուսական ռազմաբազայի դուրսհանումը Հայաստանից․ կիսո՞ւմ եք այդ մտավախությունները։ «Գիտեք, կարծում եմ՝ մենք ունենք ընկերներ, որոնք սիրում են հողմաղացների հետ կռիվ անել՝ ստեղծել թիրախներ, անձնազոհաբար պայքարել դրանց դեմ եւ հաճույք ստանալ»։ Միասեռականների խնդրին ինչպե՞ս եք վերաբերվում։ «Ցանկացած խմբի մասին կարծիք հայտնելիս ես առաջնորդվում եմ Հայաստանի սահմանադրության պրիզմայով»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը փորձում է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել իր ընկերների համար: Հիշեցնենք՝ նախարարը Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, երջանկահիշատակ Արա Ասոյանի որդուն ազատեց աշխատանքից՝ հայտարարելով, թե պետք է վերջ դրվի ժառանգականությանը: Այնուհետեւ հաստատության տնօրեն նշանակեց Մհեր Դավիդյանցին: Նրա նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, եւ լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, ինչի արդյունքում էլ հաղթել է մրցույթը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմա էլ հիվանդանոցի տնօրենների եւ տեղակալների աշխատավարձը բարձրացրել է: Տնօրենի աշխատավարձն, օրինակ, 350 հազարից դարձել է 710 հազար դրամ: Դավիդյանցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է այդ լուրը. «Ես չեմ փոփոխել: Դա փոփոխվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին Փարիզում տեղի ունենալիք Առաջին աշխարհամարտի 100-ամյակի միջոցառմանը Հայաստանից մասնակցելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այդ միջոցառման շրջանակներում տեղի է ունենալու նաեւ Պուտին-Թրամփ հանդիպումը, որին շունչը պահած հետեւում է ողջ աշխարհը՝ սպառազինության նոր մրցավազքի մտահոգությամբ։ Մենք կառավարությունից հետաքրքրվեցինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի՞ ստացել այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր։ Ասացին․ «Այո, ստացել է, մասնակցության հարցը կորոշվի այսօր-վաղը»։ Իսկ նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Օրվա առաջին կեսին ԱԳ նախարարների հավաքն է, երկրորդ կեսին՝ ղեկավարների։ Օրակարգը հայտնի չէ, սակայն, դատելով ՀԱՊԿ պաշտպանության նախարարների օրերս քննարկած հարցերի շրջանակից, այդ թվում եւ համատեղ ՀՕՊ համակարգին առնչվող, այդ խնդիրը կքննարկվի նաեւ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։ «Սակայն գագաթնաժողովի ինտրիգը, չի բացառվում՝ Խաչատուրովի եւ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ն ղեկավարել-չղեկավարելու հարցը լինի»,- ասաց փորձագետներից մեկը։ Հարցին՝ Փաշինյանը մասնակցելո՞ւ է Խաչատուրովի ղեկավարած ՀԱՊԿ սամիթին, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը պատասխանեց․ «Վարչապետի այցերի մասին մենք տեղեկացնում ենք այցից մի քանի օր առաջ՝ հավուր պատշաճի»։ Կառավարությունում գտնում են, որ բացի անվտանգության խնդիրներից, հնարավոր է վերջին վայրկյանին ինչ-որ բան փոխվի նրա աշխատանքային գրաֆիկում, ասենք՝ մեկ այլ պաշտոնյա մեկնի, այդ պատճառով կանխավ չեն տեղեկացնում։
«Փաստ» օրաթերթը գրում է. Գրեթե վստահությամբ կարելի է ասել, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը օրենքի ուժով կարձակվի, ինչից հետո կհայտարարվի արտահերթ ընտրությունների օրը: Ինչպես դեռևս օրեր առաջ նշել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ընտրությունը կլինի դեկտեմբերի 9–10–ը: Դրա համար օրենսդրական բոլոր ժամկետները բավարար են: Բնականաբար, ամենահավանական ժամկետը դեկտեմբերի 9–ն է, քանի որ օրը կիրակի է: Սակայն, մեր հավաստի տեղեկություններով, այս հարցի վերաբերյալ դեռևս 100 տոկոսանոց որոշում վարչապետը չունի: Ըստ մեր աղբյուրների, վարչապետի առավել ուշադիր թիմակիցները, որոնք նաև հետևում են տեղեկատվական հոսքերին, զգուշացրել են, որ դեկտեմբերի 9–ի առումով խնդիր կա: Բանն այն է (այս մասին ժամանակին գրել է նաև «Փաստը»), որ այդ դեպքում քարոզարշավի վերջին օրը համընկնում է 1988–ի ավերիչ երկրաշարժի տարելիցի հետ, ու հազիվ թե արդարացված է այդ օրը կազմակերպել ամփոփիչ հանրահավաքներ, առավել ևս՝ համերգներ: Իսկ փորձը ցույց է տալիս, որ քարոզարշավը հենց այդպես էլ ավարտվում է: Վարչապետին, մեր տեղեկություններով, առաջարկվել է ընտրությունները նշանակել դեկտեմբերի 10–ին: Այդ դեպքում ուղղակի հարկ կլինի այդ օրը հայտարարել ոչ աշխատանքային կամ ուղղակի աշխատանքային օրը տեղափոխել առաջիկա որևէ շաբաթ օր, ինչի իրավունքը կառավարությունն ունի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու համար մեղադրանք է առաջադրել այդ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նաև միջնորդություն է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ըստ ՀՔԾ հաղորդագրության` Հարությունյանն ի պաշտոնե հայտնաբերել է, որ մարտի 1-ի իրադարձություններին ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք այդ ընթացքում նաև հրազեն են գործադրել, բայց այդ փաստերը թաքցնելու համար դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված պարկուճները ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով փոխարինելու հրահանգ է տվել: Եվ այդպես կեղծվել են ապացույցները: ՀՔԾ այս բացահայտումը միանգամայն սպասելի էր: Ի վերջո, այս տասը տարիների ընթացքում մշտապես խոսվել է, որ Վահագն Հարությունյանը եղել է մարտի 1-ի դեպքերի գլխավոր պարտակողը: Ընդ որում, սպասվում էր՝ նրան մեղադրանք կառաջադրվի հենց հանցագործություն պարտակելու համար, այնինչ պարզվում է` ժամանակին Հարությունյանը շատ հեռուն է գնացել ու ապացույցներ կեղծել: Բնականաբար, այս ամենը նա ինքնագլուխ չի արել, ու ՀՔԾ-ն դեռ պետք է պարզի՝ կոնկրետ ում հրահանգով է Վահագն Հարությունյանն այդ ամենն արել: Ի վերջո, քրեական գործի նախաքննությունը հիմնականում ընթացել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, և Հարությունյանին մեղսագրվող արարքներն արվել են, երբ նախագահը Սարգսյանն էր: Հուսանք՝ ՀՔԾ-ն կպարզի այս հարցերի պատասխանները: Թեև այս գործով ՀՔԾ-ի դանդաղկոտությունը մի տեսակ կասկածելի է, քանի որ Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց բավական ուշ` հնարավորություն տալով թաքնվել նախաքննական մարմնից: Ի վերջո, երբ պարզ դարձավ, որ մարտի 1-ի գործին կցված չէ բանակի ներգրավվածության մասին նախկին Փաստահավաք խմբի զեկույցը, առնվազն որպես կասկածյալ պետք է ընդգրկվեր նաև նույն Հարությունյանը կարևոր փաստերը թաքցնելու համար: Բայց դա չարվեց, ու հիմա նրան փնտրում են՝ հայտարարելով հետախուզում»:
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը նորանշանակ թաղապետին ներկայացնելիս՝ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր. «Մենք պարտադիր պետք է շնորհակալ լինենք նախորդ իշխանություններին՝ կատարված աշխատանքի համար, որովհետև, այո, մեծ աշխատանք է կատարվել: Միգուցե եղել են թերացումներ, բայց, միևնույն է, ծառայություն է մատուցվել բնակչությանն ու մեր քաղաքին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ»: Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում էլ նոր թաղապետին ներկայացնելիս Մարությանը շնորհակալություն էր հայտնել նախորդ թաղապետին ու թաղապետարանի աշխատակազմին կատարած աշխատանքի համար: Օրերս հայտնի դարձավ նաև, որ Մարությանը նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանին առաջարկելու է իր խորհրդականի պաշտոնը: Հայկ Մարությանի այս հայտարարությունները հարուցել են հեղափոխության համակիրներից շատերի զայրույթը, և նախորդ օրերին այդ զայրույթը բավական հաճախ ու տհաճ կերպով դրսևորվում էր սոցիալական ցանցերում: Ինչ–որ առումով, իհարկե, կարելի է հասկանալ զայրույթի հիմքերը՝ հաշվի առնելով հեղափոխական էյֆորիան ու անցյալը մերժելու բավական մոդայիկ հռետորաբանությունը մեր օրերում: Բայց սրանով հանդերձ, Մարությանը փաստացի գործնականում անում է այն, ինչ քանիցս հայտարարվել է հեղափոխական իշխանության ու անձամբ Փաշինյանի կողմից, որ ոչ միայն վենդետա չի լինելու, ավելին, պրոֆեսիոնալ կադրերը շարունակելու են աշխատել, իսկ ինստիտուցիոնալ հիշողության բաղադրիչը ունենալու է էական նշանակություն:
Մարությանը, փաստացի, այդ բոլոր դիրքորոշումները իրականացնում է շատ կոնկրետ հայտարարությունների ու քայլերի տեսքով: Հասկանալի է, որ հեղափոխական հռետորաբանությունը՝ հեղափոխական հռետորաբանություն, բայց կան շատ կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծելու համար հինը բացառապես մերժելն ու զրոյից նորը կառուցելը առնվազն անարդյունավետ մոտեցում է: Ընդհանրապես, եթե փորձենք պարզ տարանջատում մտցնել, ապա Հայաստանում նորընտիր ու նորանշանակ պաշտոնյաները բաժանվում են երկու խմբի: Առաջին խմբում նրանք են, ովքեր պաշտոնավարման առաջին օրվանից սկսած հայտարարում են հինը մերժելու մասին, դիրքավորվում են որպես կոռուպցիայի դեմ պայքարի անխոնջ մարտիկներ, աջ ու ձախ սպառնում են քանդել «դժոխքն» ու «դրախտ» կառուցել: Եվ երկրորդ խմբի պաշտոնյաները, որոնք գալիս են նախ՝ իրենց ոլորտի առանձնահատկությունները հասկանալու, երկրորդ՝ իրենց առաքելությունն այդ պաշտոնում արձանագրելու հստակ գիտակցմամբ: Երկրորդ խմբի պաշտոնյաները ավելի քիչ են ու, ըստ էության, ավելի քիչ ծափերի են արժանանում, բայց արդյունավետության առումով ակնհայտորեն ավելի խոսուն ցուցանիշներ ունեն, քան առաջին խմբի պաշտոնյաները:
Միաժամանակ չենք կարող չնշել, որ Մարությանի հայտարարություններին հետևած տհաճ արձագանքները հետևանքն են այն քաղաքական հռետորաբանության, այն ժխտողական մոտեցման, որը գեներացվում է հենց հեղափոխության ճամբարից: Սա, ըստ էության, մի մեդալ է, որի երկրորդ, հակառակ երեսը նոր է սկսում դրսևորվել, երբ իրենք՝ հեղափոխականները, առերեսվելով կառավարման առանձնահատկությունների հետ՝ սկսում են հետ կանգնել ծայրահեղական հռետորաբանությունից, բայց իրենց աջակցողները դեռևս շարունակում են մնալ նույն տրամաբանության մեջ: Ժամանակն է, որ հենց ինքը՝ հեղափոխական իշխանությունը, հստակ մեսիջներով փորձի հեղափոխական էյֆորիայի չափաբաժինն իջեցնել, քանի որ եթե նախկինում այդ էյֆորիան գործիք էր ՀՀԿ–ին ու Սերժին մերժելու համար, ապա այժմ այդ գործիքը սկսել է աշխատել իրենց դեմ»: