Freedom House-ը հրապարակել է 2018 թվականի համացանցի ազատության մասին իր տարեկան զեկույցը: Այն արձանագրում է աշխարհում համացանցի վերահսկողության աճ: Փոխարենը Հայաստանը կիսով չափ ազատ երկրների շարքից դարձել է համացանցի առումով ազատ երկիր:
Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Հայաստանը առաջընթաց է գրանցել համացանցի ազատության առումով եւ կիսով չափ ազատ կարգավիճակ ունեցողից դարձել է ազատ երկիր, արձանագրում է Freedom House կազմակերպության 2018 թվականի «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը:
«Այս առաջընթացի հիմքում է ընկած մեծ մասամբ այն հանգամանքը, որ այսպես կոչված թավշյա հեղափոխության օրերին ակտիվ կիրառվել են թվային գործիքներ»,- ասում է Freedom House կազմակերպության Տեխնոլոգիաների ու ժողովրդավարության ծրագրի ղեկավար Ադրիան Շահբազին:
Զեկույցն ընդգծել է, որ Հայաստանը «կիսով չափ ազատ»-ից բարձրացվեց «ազատ» կարգավիճակի նրանից հետո, երբ երկրի քաղաքացիները հաջողությամբ օգտագործեցին սոցիալական ցանցերը, հեռահաղորդակցման հավելվածներն ու ուղիղ եթերի հանրավորույթունը երկրում այս տարվա գարնանը քաղաքական փոփոխությունների հասնելու համար:
Ըստ զեկույցի, որը ուսումնասիրել է համացանցի ազատության առումով իրավիճակը 65 երկրներում, միայն 19 երկրում է գրանցվել առաջընթաց: Ամենամեծ առաջընթացն են գրանցել Հայաստանը եւ Գամբիան, որի արդյունքում այս երկրներին է տրվել համացանցի ազատության առումով ազատ երկրի կարգավիճակ:
Զեկույցում ներկայացված են երկրների կառավարությունների կողմից համացանցի վերահսկողության եւ ազատության ճնշման տարբեր ձեւեր, ներառյալ համացանցի ազատությունը սահմանափակող օրենքների ընդունումը, ակտիվ օգտատերերի նկատմամբ ֆիզիկական բռնության, ձերբակալության դեպքերը, համացանցի արգելափակումն ու այլ միջոցներ: Հայաստանի դեպքում գրանցվել է միայն ակտիվ օգտատերերի կամ բլոգերների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի առկայություն: Այս տեսանկյունից եւս Freedom House-ը արձանագրել է առաջընթաց Հայաստանի պարագայում:
«Մենք նաեւ արձանագրել ենք նվազում իրավական եւ ոչ իրավական գործողությունների ընդդեմ լրագրողների ու բլոգերների՝ չնայած երկրում ընթացող կարեւոր զարգացումների»,- ասում է Շահբազին
Եվրասիական տարածաշրջանի երկրներից Վրաստանն ու Հայաստանն են զբաղեցնում համապատասխանաբար առաջին եւ երկրորդ տեղերը որպես ազատ համացանց ունեցող երկրներ: Նրանց են հաջորդում կիսով չափ ազատ Ղրղըզստանը, Ուկրաինան եւ Ադրբեջանը: Ոչ ազատ համացանց ունեցող երկրներն են, ըստ Freedom House-ի, Ղազախստանը, Բելառուսը, Թուրքիան, Ռուսաստանն ու Ուզբեկստանը:
Կազմակերպության ներկայացուցիչը լիահույս է, որ այսօր Հայաստանի գրանցած առաջընթացը ժողովրդավարության զարգացման եւ խոսքի ազատության առումով կլինի շարունակական:
«Մենք գիտակցում ենք, որ սա դեռեւս սկիզբն է, սակայն հույս ունենք, որ այս ամենը ազդանշան է դրական զարգացումների»,- ասում է Շահբազին:
Ընդհանուր առմամբ զեկույցն արձանագրում է աշխարհում համացանցի վերահսկողության մեծացման մտահոգիչ միտում եւ համացանցի ազատության անկում վերջին 8 տարիների ընթացքում:
«Այս տարի մենք հայտնաբերել ենք երեք գլոբալ միտումներ, որոնք բացատրում են համացանցի ազատության նվազումը: Այն կապված է Չինաստանի կողմից իր թվային ավտորիտարիզմի մոդելի արտահանման, կառավարությունների կողմից այլակարծությունը ճնշելու նպատակով «կեղծ լուրեր» որակման օգտագործման եւ իշխանությունների կողմից մարդու անձնական տվյալների հավաքագրման չարաշահման հետ, որը խախտում է անձնական տվյալների գաղտնիության իրավունքը»,- նշել է Շահբազին:
Freedom House-ն ընդգծում է, որ նման զարգացումները հակասում են ժողովրդավարության սկզբունքներին: Ըստ կազմակերպության զեկույցի, համացանցային ապատեղեկատվությունն ու քարոզչությունը զգալի վնաս են հասցնում հանրային կարծիքին: Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում, որ երկրներից շատերը հետեւում են չինական համացանցի վերահսկողության մոդելին եւ շարժվում դեպի թվային ավտորիտարիզմ: