Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի (հրատապ) համարվող ծրագրերի իրականացումը:
Որոշմամբ առաջարկվում է 1212 ծրագրի 32001 «ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացում» միջոցառման ՀՀ կառավարության տողից վերաբաշխել ընդհանուր 639,336․5 հազար դրամ, որից՝ ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմին հատկացնել 130,000․0 հազար դրամ, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին` 219,013․8 հազար դրամ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել 199,559․4 հազար դրամ, ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին՝ 392․0 հազար դրամ, ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին` 78,596․3 հազար դրամ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին՝ 7,425․0 հազար դրամ և ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել 4,350․0 հազար դրամ։
Վարչապետը մանրամասնել է, թե որ հրատապ հարցերի մասին է խոսքը.
«Արագածոտնի մարզում քամու հետևանքով Ապարան համայնքի վնասված տանիքների վերանորոգում: Աշխատանքների պայմանագիրը կնքված է: Արմավիրի մարզում Արմավիր համայնքի Հերացի փողոցի թիվ 8 և թիվ 10 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների կառուցման աշխատանքների իրականացում: Աշխատանքների պայմանագիրը կնքված է: Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Հայկ Դանղյան, Եղիշե Չարենցի փողոցներում և Էջմիածին-Արտիմետ խճուղում կոյուղագծերի փոխարինման աշխատանքներ: Գործընթացը գտնվում է մրցույթային փուլում:
Գեղարքունիքի մարզում քամու հետևանքով Գավառ համայնքի Ազատության երկրորդ փողոցի չորրորդ փակուղի թիվ 2 և Կաբելագործների թիվ 6 շենքերի վնասված տանիքների վերանորոգում: Պայմանագիրը կնքված է: Գավառ համայնքի Հացառատ թաղամասի կեղտաջրերի կենտրոնական կոլեկտորի և ապակենտրոնացված մաքրման կայանի կառուցում: Պայմանագիրը կնքված է: Ճամբարակ քաղաքի գլխավոր մուտքի հարակից փլուզված հենապատի վերանորոգում: Պայմանագիրը կնքված է: Լոռու մարզում աղետի հետևանքով վնասված մեքենայի փոխհատուցման տրամադրում: Որոշման ընդունումից հետո, կփոխհատուցվի: Շիրակի մարզում Գյումրի, Արթիկ, Ախուրյան և Անի համայնքներում 2025 թվականի մայիսի 28-ին և հունիսի 14-ին քամու հետևանքով վնասված տանիքների վերանորոգման աշխատանքների իրականացում: Անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրված են:
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի վերանորոգման աշխատանքներ համար նախագծանախահաշվային փաստաթղթերին ձեռքբերում: Պայմանագիրը կնքված է: Մ-2 միջպետական ճանապարհն Արտավան բնակավայրին կապող միակ ճանապարհի վրա գտնվող կամրջի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում: Պայմանագիրը կնքված է: Մ-2 միջպետական ճանապարհը Մոզրով բնակավայրին կապող ճանապարհի վրա գտնվող կամրջի վերանորոգման և ամրակայման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերին ձեռքբերում: Պայմանագիրը կնքված է: Տավուշի մարզում Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրի գյուղամիջյան կամրջի հենապատի ուժեղացման և բացօթյա լողավազանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում: Պայմանագիրը կնքված է: Տավուշի մարզի Նորաշեն, Մովսես տեղական նշանակության ավտոճանապարհի 8-րդ կիլոմետր հատվածի հողային պաստառի վերականգման և հենապատի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերին ձեռքբերում: Պայմանագիրը կնքված է»: