«Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա. քաղաքապետ
Այս տարի, ինչպես ամեն տարի, «Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա։ Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
"Տարածված այն խոսակցություններն ու ասեկոսեները, թե տոնակատարությունը չի անցկացվելու կամ չտոնելու որևէ այլ պատճառներ կան, իրականությանը չեն համապատասխանում։ Տոնի հետ կապված որոշ հարցերը ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ Քաղաքապետարանի Մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն։
Մշակույթի բաժնի պետն արդեն իսկ նկատողություն է ստացել։
Հաշվի առնելով բնակիչների ակնկալիքները և ավանդույթները՝ տոնը անպայման տեղի կունենա, և քաղաքը իր ավանդական տոնախմբությամբ կնշի «Գյումրիի օրը»»։
VERELQ-ը հիշեցնում է, որ Գյումրիի ավագանին սեպտեմբերի 16-ի նիստում չեղարկել է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը։ Քաղաքապետարանից հայտնել էին, որ նիստի օրակարգում ընդգրկված էր նաև տոնակատարության կազմակերպման և անցկացման հարցը։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը զեկուցման ժամանակ նշել է, որ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ է 6 միլիոն դրամի հատկացում։
Քվեարկությունից առաջ առաջարկով հանդես է եկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն՝ առաջարկելով հանել հարցը օրակարգից։ «Առաջարկում եմ հանել այս հարցը, որովհետև զգում եմ՝ տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»,-պարզաբանել է Գյումրիի քաղաքապետը։