24.11.2024
Առաջընթաց է գրանցել. Հայաստանում համացանցն ազատ է. Freedom House
prev Նախորդ նորություն

Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ 14 միլիոն դոլար կաշառք է տվել Արամ Հարությունյանին

Գործարար Սիլվա Համբարձումյանն պնդում է, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ-ի հանրապետական պատգամավոր Արամ Հարությունյանին:


«8 միլիոնը փոխանցել եմ Դուբայի իր ներկայացրած հաշվին, և 6 միլիոնը կանխիկ մաս-մաս տվել եմ Ավագյան Սուրենի միջոցով: Արամ Հարությունյանի հետ ես 2007 թվականին շփվել էի և իրենից գնել էի երեք կազմակերպություն: Հետո, երբ որ ես հանքերի անուններ տվեցի, ինձ ասեց, որ՝ էսինչ մարդը էս գումարն ա տալիս, էսինչ մարդը էս գումարն ա առաջարկել, ես ասեցի՝ քո վերջի թիվը ասա, նա էլ ասեց՝ 14 միլիոն: Տվեց Արաքս Դիլանյանի հաշվի համարը, և ես փետրվարի 2-ին 2008 թվականի այդ գումարը փոխանցեցի», - «Ազատության» հետ զրույցում ասել է Համբարձումյանը:


Նա հայտարարեց, թե կաշառք տալուց հետո լիցենզիան ստացել է, բայց կարճ ժամանակ անց առանց պատճառաբանության այն կասեցվել է: Գործարար կնոջ խոսքով՝ երբ Արամ Հարությունյանից պահանջել է գումարը վերադարձնել, վերջինս փոխարենն անշարժ գույք է խոստացել, հետո դա էլ չի տվել․ - «Ասեցի՝ ի՞նչ ես մտածում, ասեց՝ ինչ ուզում ես, գնա արա, ես ոչինչ չունեմ տալու․․․ Այդ հանդիպումից հետո ես անմիջապես 6-րդ վարչություն գնացի, հայտարարություն տվեցի»:


Համբարձումյանը պատմեց, որ Արամ Հարությունյանի պահանջած գումարն ինքը մաս-մաս փոխանցել է Արաքս Դիլանյան անուն-ազգանունով քաղաքացու հաշվեհամարին, նա էլ այդ գումարը փոխանցել է ՀՀ 3 քաղաքացիների՝ Դուբայի հաշվեհամարներին․ - «Հայաստանի քաղաքացիները Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանն է, մյուսը իրեն աշխատող Վիկտոր Մարտիրոսյանը: Երրորդին ես չգիտեի: Այդ թղթերը ստանալուց հետո բացահայտվեց, որ երրորդը Արմեն Խաչատրյանն է, որը զբաղեցնում է Արամ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող որևէ մեկի տնօրենը»:


Անցած շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ պատգամավորներից մեկը կասկածվում է խոշոր կաշառք ստանալու մեջ, մամուլում շրջանառվեց հենց Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի անունը: Փաշինյանը նաև ասել էր, որ այլ երկրներից մեկի արտգործնախարարությունից փաստաթղթի են սպասում:


Սիլվա Համբարձումյանն ասաց, որ գործը վերջնականապես ավարտին հասցնելու համար շուտով Դուբայից նշված երեք քաղաքացիների վերաբերյալ թուղթ են ստանալու․ - «Մեր քննչական ծառայությունը ուզում է ճշտել այդ մարդկանց անձնագրերը, որ ուղարկեն: Շուտով դա էլ կուղարկեն»:


Հարցին, թե ընդունում է, որ իր կաշառք տալը նույնպես քրեորեն պատժելի արարք է, Համբարձումյանը պատասխանեց, որ 2008-ին այդ օրենքը չկար․ - «Ես համարում եմ և միշտ էլ համարել եմ, որ դա պատժելի է, բայց քանի որ նախկին իշխանությունների հետ առնչվելու որևէ տարբերակ չկար՝ որևէ գործունեություն ծավալելու առանց որևէ մի կաշառքի, իմ նման երևի շատ մարդիկ կան, որ ստիպված կաշառքներ են տվել»: