Հայ-ռուսական հարաբերությունները անցել են ժամանակի փորձությունը: Այդ մասին սլովենական Delo թերթին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն է թողել Գյումրիի դեպքը երկու երկրների հարաբերությունների վրա:
Լրագրողը հավելել է, որ Արևմուտքը հույսեր է փայփայում, որ
Գյումրու ողբերգական միջադեպը և տնտեսական խնդիրները կվատթարացնեն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները: Նալբանդյանը նշել է, որ այդ հույսերը լուրջ չեն՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները ռազմավարական են, դաշնակցային, նրանք անցել են ժամանակի փորձությունը և հենց դա է խորհրդանշում երկու երկրների ղեկավարների հարաբերությունները:
Նախարարի խոսքով, այն ինչ տեղի է ունեցել Գյումրիում՝ ահավոր ողբերգություն է: Նալբանդյանը նշել է, որ այս պահին քննություն է ընթանում և իրենք վսհահ են, որ մեղավորները կկրեն պատիժը օրենքի ողջ խստությամբ: Ըստ նախարարի, ՌԴ-ի հետ հարաբերությունները ամրապնդվում, ընդլայնվում և զարգանում են, այդ թվում առկա է սերտ ռազմական համագործակցություն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև:
Նալբանդյանի խոսքով, ինչ վերաբերվում է Գյումրու ռազմաբազային, ապա այն գտնվում է Հայաստանի տարածքում միջպետական համաձայնագրի հիման վրա և հանդիսանում է անվտանգության ապահովման լուրջ գործոն: Նախարարը նշել է, որ ՀՀ-ը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, միաժամանակ ունենալով լավ տնտեսական հարաբերություններ ԵՄ-ի երկրների հետ:
"Եթե առկա են առավելություններ, ապա իրենք անպայման դրանք օգտագործել են ի շահ Հայաստանի, ինչպես նաև իրենց եվրասիական և եվրոպական գործընկերների: Ճիշտ չէր լինի գաղափարականացնել տնտեսական հարաբերությունները՝ ԵՏՄ-ին անդամակցությունը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ-ի համար", - հայտարարել է Նալբանդյանը՝ հավելելով, որ դա հնարավորություն է տալիս ՀՀ-ին ավելի դյուրացված մուտք ունենալ պաշտպանված ապրանքային շուկաներ, ԵՏՄ-ի ծառայությունների մատուցման միասնական շուկա, ներդրուներ ներգրավել, ստեղծել արդյունաբերական և գյուղատնտեսական կոոպերացիա, առանց մաքսատուրքերի մուտք ունենալ ռեսուրսային բազային, մուտք ունենալ ԵՏՄ-ի տրանսպորտային միջանցքներ, դյուրացնել միգրացիոն ռեժիմը և այլն:
Նախարարը հավելել է, որ ինքը մասնագետ չէ այդ ոլորտում, տնտեսագետ չէ, սակայն առավելությունները ակնհայտ են: