Մամուլ. Ինչո՞ւ Սերժ Սարգսյանին չեն հրավիրել Աստանա
Աստանայում մարտի 12-13-ը նախատեսված է ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը: Գագաթաժողովին այլ հարցերին զուգահեռ քննարկելու են նաև Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը պատրաստվում են քննարկել նաև առևտրա-տնտեսական հարցերը՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ժամանակակից միտումները և եվրասիական տարածքում առևտրային կապերի խորացումը:
Հանդիպմանը հրավիրված չէ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը հայկական վերլուծական շրջանակներում և ԶԼՄ-ներում, մեղմ ասած, ոչ միանշանակ է ընկալվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որը ՀՀ-ը հունվարի 2-ից դարձել է ԵՏՄ-ի լիիրավ անդամ: Շատերը դա գնահատել են որպես Հայաստանի շահերի արհամարում, որը, ըստ "եվրասիական սկեպտիկների", ավելորդ <<բեռ>> է եվրասիական այդ կառույցում: Սակայն նախօրեին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպմանն քննարկվող թեմաները չեն առնչվում ՀՀ-ին և հենց այդ հանգամանքով է բացատրվում հայկական պատվիրակության բացակայությունը գագաթաժողովին:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավոր չէ, որ ՀՀ-ն իր ներդրումն ունենա քննարկվող հարցերի լուծմանը Քոչարյանը արձագանքել է, որ եթե Երևանը հրավեր ստանա, ապա կքննարկի մասնակցելու հնարավորությունը: Մեկնաբանելով Քոչարյանի պատասխանը, մասնավորապես, "168 ժամ" թերթը գրում է, որ փոխարտգործնախարարի մեկնաբանություններն այնքան էլ վստահ չեն հնչում, իսկ հայաստանյան փորձագիտական հանրության զգալի հատվածը ՀՀ-ի չմասնակցելը գագաթաժողովին համարում է Երևանի դեմ ուղղված առհամարական ժեստ:
Նշվում է, որ չմասնակցելու պատճառը գագաթաժողովի հյուրընկալող կողմի՝ Նազարբաևի և ՀՀ-ի նախագահի ոչ այնքան լավ հարաբերություններն են: Ինչպես հայտնում է yerkir.am-ը Նազարբաևը, որպես ինքնիշխան երկրի նախագահ ինքն է որոշում, թե ում հրավիրել և ում՝ ոչ, սակայն գագաթաժողովին քննարկվող երեք հարցերից երկուսը անմիջականորեն վերաբերվում են ՀՀ-ին, որպես ԵՏՄ-ի անդամ: Կայքը նշում է, որ ՀՀ-ի մասնակցությունը այդ գագաթաժողովին ոչ թե ցանկալի էր, այլ՝ պարտադիր: Եվ եթե Սարգսյանի չմասնակցելը գագաթաժողովին բացատրվում է հրավերի բացակայությամբ, ապա դա ցույց է տալիս Նազարբաևի ոչ հարգալից վերաբերմունքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, այսինքն, նաև ՀՀ-ի նկատմամբ: