25.11.2024
Ալեն Սիմոնյանը հորդորում է մոռանալ աղբարկղերը և ՀՀԿ-ականներին նվիրել ծաղիկներ
prev Նախորդ նորություն

Նոր խորհրդարանն արցախյան հարցում լինելու է ավելի անզիջում

Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի նոր ղեկավարությունը «կհասկանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերը հանելու անհրաժեշտությունը»:


«Հույս ունենք՝ այդ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը կհասկանա, որ երկրի կայուն զարգացման համար դրանից բացի այլ ճանապարհ չկա», – ասված է հաղորդագրությունում:


Բաքուն ևս մեկ անգամ մեսիջ ուղարկեց Երևանին, որ ադրբեջանական դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվելու ՀՀ-ում իշխանափոխության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից անկախ: Ադրբեջանը շարունակում է միակողմանի ներկայացնել բանակցային սեղանին առկա մադրիդյան փաստաթուղթն ու մաքսիմալիստական հայտարարություններ անում:


Ինչ վերաբերվում է դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին, ապա հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը հավաքելու է մեծամասնություն: ԱԺ-ում հավանաբար տեղ է գտնելու նաև ԲՀԿ-ն` Փաշինյանի հետ համագործակցության հուշագիր ստորագրած ուժը, իսկ ահա ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասով դեռ կան վերապահումներ:  


ԱԺ-ում իրենց տեղն է ցանկանում ունենալ նաև «Սասնա ծռեր» կուսակցությունը, որտեղ ներկայացված են ղարաբաղյան պատերազմի վետերաններ, ովքեր միշտ էլ անզիջում դիրք են գրավել Արցախում որևէ տարածքային զիջումների հետ կապված: Իրենց կոշտ, անզիջում դիրքորոշումը հայտնելու համար Ծռերը գրավեցին Երևանի ՊՊԾ գունդը, դրանով դեմ արտահայտվելով նախկին իշխանությունների կողմից ղարաբաղյան հարցում որևէ զիջմանը` տարածքային կամ կարգավիճակի հետ կապված: Եթե Ծռերը հայտնվեն ԱԺ-ում, ապա դա կնշանակի, որ նոր խորհրդարանը արցախյան հարցում լինելու է էլ ավելի չզիջող, քանի որ այս ուժը պատրաստ կլինի ճնշել գործող իշխանություններին և թույլ չի տա գնալ միակողմանի որևէ զիջման: Բացի այդ, Փաշինյանն էլ բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Արցախի փոխարեն չի բանակցելու և չի պատրաստվում Բաքվից հնչող սպառնալիքների պայմաններում գնալ զիջումների:


Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին, եթե նրանք չանցնեն խորհրդարան, ապա անգամ արտախորհրդարանական ուժերի ֆորմատով նրանք ևս դեմ են հանդես գալու ղարաբաղյան հարցում որևէ զիջման: Ակնհայտ է, որ գործող իշխանությունների կողմից Արցախում որևէ զիջման պարագայում այս ուժերը փորձելու են ռևանշի հասնել ու հայրենասիրական և երկիրը փրկելու կոչերի ներքո գալ իշխանության:


Չմոռանանք, որ ՀՅԴ-ն միշտ էլ համարվել է ազգային շահերը հետապնդող կուսակցություն, որն ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան պատերազմում ու Սփյուռքում ունի լուրջ կառույցներ ու աջակցություն: Դաշնակցությունը Սփյուռքում նույնպես կարող է բողոքի ձայն բարձրացնել, եթե գործող իշխանություններն ու ԱԺ մեծամասնությունը փորձի գնալ միակողմանի զիջումների:


Այսպիսով, ԱԺ-ի ընտրությունների արդյունքում կձևավորվի ուժերի այնպիսի կոնֆիգուրացիա, որը թույլ չի տա գնալ զիջումների արցախյան հարցում: Դա էլ ավելի է սրելու իրավիճակը Արցախում ու Բաքվի կողմից ընկալվելու է, որպես նոր պատերազմի քարտ-բլանշ:


Բաքուն հասկանում է, որ Փաշինյանը չի գնալու միակողմանի զիջումների ղարաբաղյան հարցում, քանի որ դա հղի է իշխանությունը կորցնելու վտանգով. հիշենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը արցախյան հարցում դիրքորոշման պատճառով հեռացվեց իշխանությունից:


Բացի այդ, ԱԺ-ում առկա և խորհրդարանից դուրս գտնվող ուժերը սպասելու են նոր իշխանությունների սայթաքմանն արցախյան հարցում, որպես ռևանշի հասնելու միջոցի: Իսկ սա նշանակում է, որ նոր իշխանությունները գտնվելու են հասարակության, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ճնշման և հսկողության տակ: