Շուրջ 1115 զինծառայող եւ 300 միավոր տեխնիկա. ՀԱՊԿ երկրները զորավարժություններ կանցկացնեն
ՀԱՊԿ անդամ երկրների ավելի քան 1000 զինծառայողներ կմասնակցեն Եկատերինբուրգի մոտ անցկացվող Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2018» համատեղ զորավարժությանը, այսօր հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զորավարժությունները կանցկացվեն ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության շրջանակում:
«Զորավարժությանը կներգրավվեն 1115 զինծառայողներ եւ 300 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 25 ավիացիոն: Մասնակիցները կմշակեն Կենտրոնասիական տարածաշրջանում՝ ՀԱՊԿ անդամ չհամարվող պետության տարածքում խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստումն ու վարումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Անխախտելի եղբայրություն-2018»-ը կանցկացվի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը՝ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի ղեկավարությամբ:
Նշենք, որ ՀԱՊԿ-ի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: