Նալբանդյան. Նավթի գների անկումը կսթափեցնի Բաքվում տաք գլուխներին
Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների հետ ջանքեր է գործադրում, որպեսզի հասնի ղարաբաղյան կարգավորման բացառապես խաղաղ լուծման: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, դեռևս չկա կարգավորում, սակայն որոշակի արդյունք կա, քանի որ հարցը բարձրացվել է ամենաբարձր մակարդակի՝ երեք համանախագահների, որոնք ունեն միջազգային մանդատ՝ Ռուսաստան, ԱՄՆ-ը և Ֆրանսիա:
«Այդ երկրները նախագահների մակարդակով հինգ հայտարարություն են ընդունել: Աշխարհում գրեթե չկա այլ հայտնի հակամարտություն, որտեղ այդ երկրները ընդունեին կոնկրետ հայտարարություններ: Ոչ թե ընդհանուր արտահայտություններով՝ "տղաներ, եկենք ապրենք խաղաղ", այլ կոնկրետ առաջարկություններ այն մասին, թե ինչպես կարող է այդ հակամարտությունը լուծվել: Եվ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը հայտարարել է նախագահների մակարդակով արված այդ հայտարարություններից յուրաքանչյուրից հետո, որ մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել համանախագահների հետ համատեղ, որոնք ուղղված կլիննեն հակամարտության կարգավորմանն այդ հայտարարությունների հիման վրա»,-հայտարարել է Նալբանդյանը BBC-ի ռուսական ծառայությանը:
Ի տարբերություն Երևանի, Ադրբեջանը հրաժարվում է այդ հիմքով գնալ կարգավորման, ավելին, ամեն տարի ավելացնում է իր ռազմական բյուջեն:
«Վերջին տաս տարվա ընթացքում 160 միլիոն դոլարից այն հասել է հինգ միլիարդ դոլարի: 30 անգամ վերջին տաս տարվա ընթացքում: Ես չեմ կարծում, որ աշխարհում կա ևս մեկ երկիր, որը 30 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն: Եվ ոչ միայն ավելացրել է, այլ անընդհատ գնում է սադրանքների, անընդհատ այդպիսի հռետորաբանություն է օգտագործում: Սպառնացող, ագրեսիվ, որ շուտով նոր պատերազմ է սկսելու: Հայտնի է, թե ինչով է ավարտվել արկածախնդրությունը Ադրբեջանի համար, որին նա դիմել էր մի քանի տարի առաջ: Հավանաբար, նրանք դասեր չեն քաղել և այժմ Ադրբեջանը կրկին՝ կորցնելով իրականության զգացումը, կրկին սկսում է սպառնալ»,-նշել է նախարարը:
Բաքուն ամեն անգամ համառորեն հերքում է միջորդների բոլոր առաջարկությունները, որոնք ուղղված են վստահության մթնոլորի և հրադադարի ռեժիմի ամրապնդմանը:
«Բաքուն ուղղակի շատ մեծ իլյուզիա ունի, որ նավթից և գազից ստացված հեշտ փողերը, որոնք այժմ անկում են ապրում՝ կարող են նրանց սթափեցնել, նրանք կարող են գնել ամեն ինչ՝ և ընկերներ, և նրանց շահերից բխող կարգավորում: Սակայն դա այդպես չէ: Երբ ամբողջ աշխարհը քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքները, իսկ իրավիճակը այնտեղ շատ վատ է, ապա ադրբեջանական ղեկավարությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել հակամարտության գոտում լարում ստեղծելով:
Սակայն դա նրանց չի օգնում: Մեծ գումարներ են նրանք ծախսում ինչ-որ շոու-միջոցառումների վրա և դա նույնպես ազդեցություն չի ունենում, քանի որ Ադրբեջան ժամանող լրագրողները տեսնում են, թե այնտեղ ինչ է կատարվում և՛ քաղբանտարկյալների, և՛ ոչ կառավարական կազմակերպությունների, հատկապես նրանց հետ, որոնք կողմ են հակամարտության կարգավորմանը: Նրանք բոլորը հայտնվում են բանտում և նրանց բոլորին անվնանում են Հայաստանի լրտեսներ: Եթե նրանք կարծում են, որ Հայաստանը այդքան ուժեղ է, որ Ադրբեջանի կեսին լրտես պահում, ապա…»,-նշել է Նալբանդյանը: