25.11.2024
Քրդական վա-բանկ. Էրդողանը երկիրը տանո՞ւմ է դեպի կազմաքանդում
prev Նախորդ նորություն

Ուորլիք. Հակամարտության գոտում լարվածությունը վերադառնում է

«Տարածաշրջանի ժողովուրդները պատրաստ են խաղաղությանը, սակայն արդյոք առկա՞ է քաղաքական կամք՝ բանակցությունների միջոցով կարգավորմանը հասնելու համար», - «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը:

Նրա կարծիքով, ղարաբաղյան խնդրի կարգավորման համար հակամարտող երկրների առաջնորդներից քաղաքական կամք կպահանջվի, որպեսզի որոշեն, որ ժամանակն է եկել խաղաղության: «Մենք՝ համանախագահներս, Միացյալ Նահանգները, ցանկանում ենք օգնել բանակցությունների միջոցով հասնելու կարգավորմանը եւ տեւական խաղաղության հաստատմանը: Ժամանակը եկե՛լ է, եւ ես հավատում եմ, որ մարդիկ կողջունեն բարգավաճումը, որն այն տարածաշրջան կբերի խաղաղությունը: Տարածաշրջանն՝ ինքը կփոխվի, եթե մեզ հաջողվի խաղաղ կարգավորման հասնել», - նշել է ամերիկացի համանախագահը:

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պարտավորվել էին շարունակել բանակցային գործընթացը: Ուորլիքի խոսքով, երկու նախագահներն էլ ասել են, որ իրենք ցանկանում են արագացնել բանակցությունները, եւ համանախագահները դա ողջունում ենք: «ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում մենք երկու արտգործնախարարներին կհանդիպենք, եւ կնախապատրաստենք այս տարվա վերջում նախագահների հանդիպումը: Այնպես որ, մենք պատրաստվում ենք արտգործնախարարների հետ մանրամասներ քննարկել եւ աշխատել նախագահների սպասվող հանդիպման օրակարգի շուրջ», - ասել է Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով, այժմ ժամանակն է շարունակել հանդիպումները: «Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում նրանք որոշակի առաջընթաց են գրանցել: Մենք ականատեսն ենք եղել որոշ առաջընթացի։ Ամեն ինչը չէ համաձայնեցված անշուշտ, սակայն դա եւս մեկ հիմնավորում է, որպեսզի նրանց հանդիպումը կազմակերպենք», - նշում է նա:

Ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակի սրումը, ըստ Ուորլիքի, մտահգում է համանախագահներին: «Մենք շատ մտահոգված ենք վերջին դեպքերի կապակցությամբ, որոնք իրոք սաստկացան տարվա սկզբին: Փաստորեն, հունվարը հրադադարի հաստատումից ի վեր ամենամահացու ամիսն էր: Բարեբախտաբար դրան հաջորդեց որոշակի խաղաղ ժամանակաշրջան, սակայն այժմ մենք տեսնում ենք, որ լարվածությունը վերադառնում է», - փաստել է նա:

Նա տեսնում է կոնֆլիկտի դինամիկայում որոշակի բացասական զարգացում: «Երբ ես ստանձնեցի համանախագահի պաշտոնը, վտանգը բխում էր դիպուկահարներից, որոնք, շփման գծի երկու կողմերում տեղակայված, միմյանց էին կրակում: Մարտավարությունը, սակայն, փոխվել է. այժմ հարձակումներ են տեղի ունենում, ականանետեր եւ այլ ծանր հրետանի է օգտագործվում, եւ ցավոք մենք ականատեսն ենք լինում քաղաքացիական անձանց կորուստների: Դա անընդունելի է, եւ մենք պնդում ենք, որ կողմերն անեն ամեն ինչ՝ այս կորուստներից խուսափելու համար», - նշում է նա:

Այս կապակցությամբ, նա կարեւորում է խաղաղ կարգավորման հասնել, որպեսզի վերջապես տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Այս առոմով, նշում է Ուոլիքը, համանախագահներն աջակցում են վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր միջոցները եւ ցանկանում են աշխատել կողմերի հետ այդ ուղղությամբ:

Նրա խոսքով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև եղած հակասությունները և խնդիրները չեն կարող ազդել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման վրա, որտեղ երկու կողմերը հանդես են գալիս որպես միջնորդ: «Ինչպես տեղյակ եք, մեր եւ Մոսկվայի միջեւ բազմաթիվ լարվածություններ կան, սակայն, Լեռնային Ղարաբաղը դրանցից մեկը չէ: Մենք պատրաստակամ ենք Ռուսաստանի հետ համագործակցել՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հայթայթման ուղղությամբ: Ես սերտ համագործակցում եմ Ռուսաստանի իմ գործընկերոջ եւ Ֆրանսիայի իմ գործընկերոջ հետ։ Եվ մենք հանդիպում ենք երես առ երես: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ակտիվ ներգրավումը կարգավորման հայթայթման գործընթացում», - ասել է նա:

Խնդրի կարգավորմանը հասնելւ համար ըստ ամերիկացի համանախագահի պետք է հարգել զինադադարը: «Առանց զինադադարը հարգելու, շատ բարդ է առաջընթաց արձանագրել բանակցություններում: Մենք հույս ունենք, որ կողմերը դա կճանաչեն եւ մենք հույս ունենք, որ կհարգեն զինադադարը ու զերծ կմնան հակամարտությունից, որը կարող է անմեղ քաղաքացիական անձանց վնասել», - եզրափակել է նա: