25.11.2024
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի տանը մոտ $1,75 մլն է գտնվել. դրանք հանձնվեցին ԿԲ-ին
prev Նախորդ նորություն

Մանվել Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են. ԵԿՄ-ն հայտարարություն է ընդունել

ԵԿՄ վարչության անդամների համար ԱԱԾ բացահայտումներն անակնկալ են եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը։


«Երկրապահը գնում է ինքնամաքրման պրոցեսով»,- ասաց նա` կոչ անելով այսօր ԵԿՄ-ում չգտնվող անձանց` Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին, Ալբերտ Բազեյանին միանալ իրենց քննարկումներին ու մասնակցել կառույցի ինքնամաքրմանը։


ԵԿՄ-ի ստացած նվերների, Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված ավտոմեքենաների, ռազմական գույքի մասին հարցերին ԵԿՄ-ականները հրաժարվեցին պատասխանել` վկայակոչելով նախաքննական գաղտնիքը։


«Մենք ոչնչից տեղյակ չէինք։ Եթե մենք իմանայինք, հիմա այստեղ չէինք լինի, կամ նրանք այնտեղ չէին լինի»,- ասաց Ղուկաս Ուլիխանյանը։


Նորացված ԵԿՄ-ն միանձնյա ղեկավար չի ունենալու։ Նախնական պայմանավորվածությամբ, կառույցն ապագայում ոչ թե նախագահի, այլ կոլեգիալ մարմնի կողմից է կառավարվելու։ Սակայն այս հարցը վերջնական լուծում կստանա համագումարի ժամանակ։ Ասուլիսի մասնակիցների խոսքով` իրենք ամբողջ ԵԿՄ-ի անունից որոշում կայացնելու իրավունք չունեն։


Մինչ ասուլիսը Երկրապահ կամավորականների միությունը արտահերթ համագումար անցկացրեց, որից հետո հայտարարություն տարածեց: Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ իրադարձությունները չպետք է հիմք ծառայեն՝ սևացնելու ԵԿՄ-ի անունը։


«ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած հրեշավոր երևույթը»,- ասված է հայտարարության մեջ։


ԵԿՄ վարչությունն առաջարկում է Մանվել Գրիգորյանին զրկել ԵԿՄ նախագահի պաշտոնից, նրա լիազորությունները ժամանակավորապես հանձնել փոխնախագահներին, ժամանակավորապես կասեցնել ֆինանսական հոսքերը:


Հունիսի 24-ին ԵԿՄ վարչությունը ընդլայնված նիստ կհրավիրի, որի ընթացքում կորոշվեն ԵԿՄ-ի հետագա անելիքները:Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն հունիսի 19-ին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա հավանության է արժանացրել Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ իրականացնելու և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու առաջարկները։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել 2 ամսով կալանավորել Մանվել Գրիգորյանին։


ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:


Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…


Մանվել Գրիգորյանը ձերբակալված է։ Նրան մեղադրանք առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։


Դատախազությունը նրան մեղադրում է զինված ուժերի զենքը և այլ ունեցվածքը հափշտակելու համար։ Այդ հոդվածներով 2-6 և 5-8 տարվա ազատազրկում է սպառնում։