500 հազար դրամի դիմաց. ՊՊԾ գնդի գրավման գործով ամբա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ վճռեց փոխել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանի խափանման միջոցը: Նա ազատ արձակվեց գրավի դիմաց, որը կազմում է 500.000 դրամ:
Դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների քրեական գործով պաշտպան Արայիկ Պապիկյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց փոխել իր պաշտպանյալ Արմեն Լամբարյանի խափանման միջոց կալանքը ստորագրությամբ չհեռանալու մասին կամ կիրառել գրավ 500 000 դրամ չափով։
Լամբարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելը:
Արմեն Լամբարյանը դարձավ «Սասնա ծռեր» խմբի 10-րդ անդամը, որի խափանման միջոց կալանքը փոխվեց և նա ազատ արձակվեց։ Մինչ այդ կալանքից ազատ էին արձակվել՝ Հովհաննես Հարությունյանը, Արեգ Կյուրեղյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Մանուկյանը, Արամ Հակոբյանը, Սեդրակ Նազարյանը, Արթուր Մելքոնյանը և Արթուր Սողոմոնյանը։