25.11.2024
Դատապարտում ենք Հայաստանի տնտեսական շրջափակումը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի տանը մոտ $1,75 մլն է գտնվել. դրանք հանձնվեցին ԿԲ-ին

Հունիսի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչագան Ղազարյանի բնակարանում:


Բանն այն է, որ «Յանս» ակումբի սեփականատերը Վաչագան Ղազարյանի կինն է, հայտնում է «Հայկական ժամանակը»: Հենց Վաչագան Ղազարյանի բնակարանի խուզարկությամբ է առանձնապես խոշոր չափի կանխիկ գումար հայտնաբերվել:


ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել է, որ քրեական գործի շրջանակում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է 1.100.400 դոլար, 230 հազար 500 եվրո, 36 միլիոն դրամ: Տռուզյանն ասաց, որ այն ի պահ է հանձնվել ՀՀ կենտրոնական բանկին, մինչեւ քննությամբ կպարզվի դրանց ծագումը:


Նշենք, որ սա, ըստ էության, առաջին անգամ է, երբ խուզարկությամբ բնակարանից առանձնապես խոշոր չափի գումար է հայտնաբերվում:


Մեր տեղեկություններով, այս գործով դեռ միակ մեղադրյալը հաշվապահն է, որն էլ ցուցմունք է տվել «Յանս» ակումբի տնօրինության դեմ: Բացի այդ՝ երեկ խուզարկությամբ հայտնաբերված ատրճանակները մեր տեղեկություններով, օրինական են եղել:



Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը 2018 թվականի մայիսի 29-ի դրությամբ՝ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը, հայտարարագրել է ընդամենը 11 մլն դրամ, $9500 և €12.500 (ընդհանուր առմամբ մոտ $47.000):


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում եղած տվյալների համաձայն, Ղազարյանի կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, հայտարարագրել է 25 մլն դրամ, $29.000 և €17.400 (ընդհանուր առմամբ մոտ $110.000): Ստացվում է՝ ամուսինները միասին հայտարարագրել են մոտ $160.000:


Իրավապահների՝ Ղազարյանի տանն իրականացրած խուզարկության արդյունքում հայտնաբերած ավելի քան 1,74 մլն դոլարից, որի ծագումը պարզում է ՀՀ քննչական կոմիտե, ստացվում է, որ Ղազարյանների ընտանիքը մոտ 11 անգամ քիչ գումար է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, քան գտնվել է նրանց տանը:


Ղազարյանի ընտանիքին պատկանող «Յանս» ակումբում իրավապահները հայտնաբերել են ավելի քան $1 մլն: