25.11.2024
Հայաստանում աննախադեպ կոռուպցիոն բացահայտումներ են սկսվել. Deutsche Welle
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը գրոհում է. Զապի, Կանեւսկոյի, Օշականցի Գեւորիկի տները խուզարկվում է

Այսօր տեղեկացրել էինք, որ ոստիկանները խուզարկություններ են իրականացրել երեք տասնյակից ավելի քրեական հեղինակությունների եւ օրենքով գողերի բնակարաններում:


“Հայկական ժամանակը”, հղում կատարելով իր աղբյուրներին, նշում է, որ ոստիկանները, մասնավորապես՝ խուզարկել են հետեւյալ անձանց բնակարանները:


Օրենքով գողեր՝ Մանեթի տղա Սամվելիկ, Խոյեցյան Աֆոյի՝ Խոյեցյան Ռաֆիկի որդու, Շահումյանցի Ժիրոյի, Քոչոյի, Զապյի (թագից զրկված), Լենականցի Սուրոյի, Օշականցի Գեւորիկի տները:


Քրեական հեղինակություններից խուզարկություններ են կատարվում Նորատուսցի Արա Բանդուրյանի` Ալիկ Բանդուրյանի եղբոր, Պիստի, Պռատի, Բաքսյոռ Ռաֆոյի, Արտյոմ Կանեւսկոյի, Քանաքեռցի Տույի տները:


Սա մի մասն է: Նրանց բնակարանները խուզարկվել են քրեական գործի շրջանակներում: Թե ինչ գործի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ:


Նշվում է նաեւ, որ ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկել են նաեւ քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի բնակարանը: Խուզարկությունն իրականացվել է ոստիկանությունում նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում:


Ոստիկանությունից հաստատեցին խուզարկությունների մասին տեղեկությունները, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին: Տարբեր տեղեկություններով, Վստրեչի Ապերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:


Ավելի վաղ ՀՔԾ-ն սույն դեպքով հետեւյալ հաղորդագրությունն է տարածել.


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առեւանգմանը:


ՀՔԾ լրատվական ծառայության փոխանցմամբ, Ա. Վ.-ն, կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու եւ Գ. Հ.-ին պատժելու նպատակով, նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առեւանգումը կազմակերպելու համար:


Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա. Վ.-ի ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ 2017թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առեւանգել են Գ. Հ.-ին եւ տեղափոխել Երեւան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Վ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս եւ զենքով սպառնացել սպանել նրան:


Շուրջ 3 ժամ Գ. Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա. Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ. Հ.-ն մեկնել է ՀՀ-ից եւ վերադարձել 2018թ. ապրիլ ամսին:


Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 18.06.2018թ.-ին Ա. Վ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում: