Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, դուք հաղթե՛լ եք: Այս հայտարարությամբ սկսեց իր ելույթը հանրահավաքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ երեկ առավոտյան տեղի ունեցավ իր և Սերժ Սարգսյանի հայտնի հանդիպումը, որի կեսից նա թողեց ու հեռացավ.
«Այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ նա այլևս հեռացել է նաև վարչապետի պաշտոնից: Երբ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ ինձ առևանգեցին և տանում էին հույժ գաղտնի պայմաններում Սևանի ոստիկանության բաժին, ես նրանց հետ կատակներ էի անում ու բացատրում, որ Սերժի իշխանությունն այլևս չկա և որ նրանք չեն հասկանում, որ ՀՀ-ում այլևս նոր իշխանություն՝ Հայաստանի ժողովուրդ: Ինձ պահում էին կատարյալ մեկուսացման պայմաններում, բայց մի պահից, երբ իմ խուց սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները ես հասկացա, որ մեր հռչակած թավշյա հեղափոխությունը հաղթել է: Այսօր առավոտյան ինձ առաջարկում էին համաձայնվել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, երկու ժամից ինձ առաջարկում էին, որ նա հրաժարական տա մի ամսից, ավելի ուշ ինձ առաջարկեցին, որ Սարգսյանը հրաժարական տա ապրիլի 25-ին: Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և արեցի իմ սեփական առաջարկը՝ ձեր անունից, և ասացի, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա երկու ժամվա ընթացքում և նա հրաժարական տվեց»,- պատմեց նա անցած 24 ժամվա իրողությունները: Այնուհետ վանկարկեց՝ «հաղ-թա-նակ»:
Շարունակելով իր խոսքը նա ասաց.
«Ես ուզում եմ տոնելով տոնենք այս իրադարձությունը, որ հեղափոխությունը տարել է իր առաջին, ամենակարևոր հաղթանակը: Բայց ուզում եմ հիշեցնել, որ մեր օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր դրված՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին և դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, դրանից առաջ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո ՀՀ-ում տրամաբանական ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք ասացինք, որ պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացման և իշխանության անցնցում փոխանցման պայմանները և հիմա, քանի որ նա հեռացել է, մենք պատրաստվում ենք չորեքշաբթի օրը, առավոտյան ժամը 11.00-ին Մարիոթ հյուրանոցում շարունակել բանակցությունները իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ Կարեն Կարապետյանի հետ: Եվ հույս ունեմ, որ ՀՀԿ վերնախավը միանշանակ և անվերապահորեն կճանաչի ժողովրդական թավշյա ոչ բռնի հեղափոխության հաղթանակը: Եվ որքան շուտ, այնքան ավելի լավ ՀՀ համար և Արցախի համար»,- հայտարարեց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ, այն պետք է շարունակվի մինչև վերջ և հույս հայտնեց, որ բոլորը կանգնած են հանուն այդ հաղթանակի:
«Եթե Հանրապետականը և Սերժ Սարգսյանը հույս ունեն, որ իրենք շարունակում են ստվերային կառավարում իրականացնել, ես հորդորում եմ բոլորին մոռանալ այդ միտքը: Ժողովուրդը հաղթել է և այդ հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն և առանց նախապայմանների»,- ավելացրեց նա:
Նա նաև հավելեց, որ բոլոր նրանք, ովքեր հիմա ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են այդ մասին, բոլոր գործարարները, որոնք վախենում են, որ Հայաստանում վենդետտա ու վրեժխնդրություն չի սկսվելու: Ըստ նրա, այս պահից սկսած ՀՀ-ում հաստատվելու է ազատության, եղբայրության, օրիանականության և ազգային միասնության մթնոլորտ: