Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների: Այս մասին Հունաստանի ԱԳՆ-ում իր ելույթի ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վստահ եմ, որ ձեզ կհետաքրքրի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ մեր մոտեցումը: Ինչպես գիտեք, Հայաստանի նախագահը նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին եւ ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, եւ դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որեւէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, եւ մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեալյի 69-րդ նստաշրջանի ժամանակ, հայտարարեց, որ արձանագրություններն արդեն տարիներ «շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը»: Նա նաեւ ընդգծեց, որ Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը:
«Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, և ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը» , - հայտարարեց նա:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սառեցված գործընթացի մասին վերջերս խոսել էր նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հայտարարել է, որ Հայաստանը, հատկապես իր սփյուռքի ազդեցության ներքո, փակել է Թուրքիայի հետ համագործակցության բոլոր ուղիները և «այդ իսկ պատճառով մնացել է բոլոր էներգետիկ, տրանսպորտային և առևտրային նախագծերից դուրս»:
Մինչդեռ Վրաստանը, նրա խոսքով, մի կողմից դարձել է Թուրքիայի և Արևմուտքի միջև, իսկ մյուս կողմից ՝ Կովկասի և Միջին Ասիայի միջև կամուրջ և այդպիսով ապահովել իր ապագան: «Այս երկու օրինակները շատ ցայտուն են. ձեռք է բերում նա, ով մեզ հետ ընկերություն է անում, իսկ ով չարացած է՝ կորցնում է»,- հավելել է նա:
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին շվեյցարական Ցյուրիխում ՀՀ-ի եւ Թուրքիայի Ագ նախարարները ստորագրեցին երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատամն եւ սահմանների բացման մասին արձանագարություններ։
Սակայն դիվանագիտական հարաբերությունների կարգավորման Հայաստանի նախաձեռնած այդ քայլը հաջողությամբ չպսակվեց, քանի որ Թուրքիան հենց սկզբից էլ ցույց է տվել, որ չի պատրաստվում վավերացնել արձանագրությունները մինչ դեռ լուծված չէ Արցախի խնդիրը Ադրբեջանի օգտին: Ի պատասխան դրան Հայաստանի նախագահը տեւական դադարից հետո հայտարարեց հետ կանչեց Ազգային ժողովի օրակարգում գտնվող արձանագրությունները: