Կիեւում Սահակաշվիլիին ազատ արձակեցին դատական նիստերի դահլիճից
Կիեւի դատարանը մերժել է Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը, ինչպես նաեւ մերժվել է նրա նկատմամբ տնային կալանք սահմանելը: Այս մասին հայտնում է РИА-ն:
«Նոր ուժերի շարժումը» կուսակցության առաջնորդը բաց է թողնվել դատական նիստերի դահլիճից: Որոշման հրապարակումից հետո նրա դեմքին հայտնվել է լայն ժպիտ ու նա ձեռքով հաղթանակի նշանն է ցույց տվել:
Իսկ 112 Украина հեռուստաալիքի հաղորդմամբ, դատական նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 14-ը:
Ավելի վաղ դատախազը պահանջել էր ուղարկել Սահակաշվիլիին տնային կալանքի:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրանք էր առաջադրվել` հանցավոր կազմակերպությունների անդամների հետ համագործակցելու եւ նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու համար: Նրան սպառնում էր 3-5 տարվա ազատազրկում:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, թե Կիեւում Սահակաշվիլու կողմից անցկացվող ակցիաները ֆինանսավորվում են երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նրա շրջապատի` մասնավորապես գործարար Կուրչենկոյի կողմից ու տանում են դեպի երկրում իշխանափոխության: Կուրչենկոն մեղադրվում է ազգային դավաճանության մեջ ու հետախուզվում:
Ի պատասխան` Միխայիլ Սահակաշվիլին այդ մեղադրանքները կեղծ էր անվանել, իսկ նրա համակիր Դավիթ Սակվարելիձեն հայտնել էր, որ այդ ձայնագրությունները պետք է հաստատվեն ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի անկախ փորձագետների կողմից: