Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևին, ովքեր Երևանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հանդիպմանը կառավարությունների ղեկավարների հետ միասին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Հանրապետության հախագահը ողջունել է ինտեգրացիոն միավորման անդամ երկրների վարչապետներին և վստահություն հայտնել, որ Երևանում այսօր կայանալիք միջկառավարական խորհրդի նիստն արդյունավետ կլինի ու կծառայի եվրասիական ինտեգրացիան առաջ մղելու շահերին, ինչպես նաև կնպաստի երկու շաբաթ առաջ ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը:
Ընդգծելով, որ ծանոթ է երևանյան նիստի օրակարգին, նախագահ Սարգսյանը, ի թիվս քննարկման ներկայացված մի շարք հարցերի, նշել է հատկապես տեխնիկական արգելքների վերացման հարցը, որը, հանրապետության նախագահի համոզմամբ, խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, ինչը բացասաբար է անդրադառնում ինտեգրացիոն գործընթացներից սպասվող արդյունքի վրա: Նախագահը հույս է հայտնել, որ ինչպես այդ, այնպես էլ օրակարգում ներառված մյուս արդիական հարցերը համատեղ քննարկումների արդյունքում լուծումներ կգտնեն և նիստի աշխատանքին մաղթել է հաջողություն:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները նշել են, որ տրամադրված են հանգամանորեն քննարկելու օրակարգում ներառված՝ մասնակից երկրների համար արդիական բոլոր հարցերը, համատեղ լուծումներ գտնելու, շարժվելու առաջ և պահելով տեմպը՝ իրականացնելու այն որոշումները, որոնք ընդունվում են ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովներում:
ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը իրականացվող աշխատանքը կարևորել է նաև տնտեսական կյանքի ժամանակակից միտումներին համապատասխան առաջ ընթանալու տեսանկյունից, որպեսզի միության անդամ երկրների տնտեսությունները կարողանան պահպանել մրցունակությունը՝ ապահովելով իրենց քաղաքացիների համար հարմարավետ կյանք և բարեկեցություն: