VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ». «Հոկտեմբերի 24-ին մասնակցելով պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտի նոր ուսումնական ծրագրի մեկնարկի արարողությանը՝ Սերժ Սարգսյանն իր ունեցած ելույթում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Ժնևի հանդիպմանը: Ընդ որում, Սարգսյանի անդրադարձը բավականին տարօրինակ է և հակասական: Բանն այն է, որ Սարգսյանը, մի կողմից ոչինչ չի ասել սահմանին լարվածությունը մեծացնելու՝ Ադրբեջանի այսպես ասած հետժնևյան քայլերի մասին՝ համենայնդեպս ուղիղ իմաստով, մյուս կողմից՝ նա գործնականում հայտարարել է, թե կա՛մ բանակցում են, կա՛մ կրակում՝ երկուսը մեկտեղ հնարավոր չէ: Սակայն հատկանշական է նաև, որ Սարգսյանը չի խոսել հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման անհրաժեշտության մասին, թեև, օրինակ, նախօրեին ադրբեջանական կողմից «Սպայկ» հրթիռների և արկերի կիրառումը կարծես թե Երևանին հնարավորություն և առիթ է տալիս ընդգծել իր դիրքորոշման իրավացիությունը, որ քանի դեռ չկան այդ մեխանիզմները, բանակցությունն անիմաստ է:
Ավելին, Սարգսյանը հայտարարել է, թե անհամբեր սպասում է Ալիևի հետ հաջորդ հանդիպմանը՝ նրան հարցնելու համար, թե Ժնևի հանդիպման այդ ինչ պայմանավորվածություն է խախտել ինքը, ինչպես հայտարարել էր Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովը: Ինչպես հայտնի է, Մամեդովը հայտարարել էր, թե Սարգսյանը խախտել է հանդիպմանը քննարկված բովանդակությունը չբարձրաձայնելու մասին լռությունը, շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանն արված հայտարարություններով: Մի բան շատ հետաքրքիր է՝ Ժնևից առաջ Սերժ Սարգսյանն իր խոսնակի միջոցով ուղղակի անխնա անարգանքի ենթարկեց Ալիևին, արձագանքելով նրա հայտարարությանը, թե հայկական կողմը հանդիպման է գնում՝ հրաժարվելով իր դրած նախապայմաններից կամ պայմաններից: Սերժ Սարգսյանի խոսնակի արձագանքը գրեթե հայհոյանք էր Ալիևի հասցեին: Իսկ ահա Ժնևի հանդիպումից հետո ակնառու է դառնում Սարգսյանի հոգատարությունը Ալիևի հանդեպ: Օրինակ, Ժնևից առաջ Սարգսյանը նրան մեղադրում էր պայմանավորվածությունները խախտելու համար:
Ժնևից հետո Ալիևը հրթիռակոծում է հայկական դիրքերը, սակայն Սարգսյանը խնայում է Ալիևին և նրան չի ուղղում գրեթե ոչ մի մեղադրանք: Ինչո՞վ է պայմանավորված այդ դիվանագիտական «հոգատարությունը» Ալիևի նկատմամբ, որ ցուցաբերում է Սարգսյանը: Նա հայտարարում է, թե «անհամբեր սպասում» է հաջորդ հանդիպմանը, որպեսզի հարցնի Ալիևին, թե ինչն է նրան այդպես զայրացրել: Այստեղ իհարկե հարց է առաջանում նաև, թե արդյո՞ք արդեն իսկ կա հաջորդ հանդիպման պայմանավորվածություն, թե՞ Սարգսյանը հընթացս հանդես է գալիս դրա առաջարկով: Ավելին, կա տպավորություն, համենայնդեպս, դատելով Սարգսյանի արձագանքի այսպես ասած մեղմությունից, որ Ժնևից հետո սահմանին իրավիճակի որոշակի լարումը հայկական կողմի համար ամենևին անակնկալ չէր: Եվ հարց է առաջանում, արդյո՞ք դա Սերժ Սարգսյան-Ալիև զրույցի մաս էր:
Ընդհանրապես, Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել են լիովին այլ հարցեր, որոնք չեն առնչվում շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանն ասվածին, և իր այդ հայտարարություններով ինքը կես բառ անգամ չի գաղտնազերծել իրենց զրույցը, ինչպես հայտարարել է Սարգսյանն այսօր: Այդ առումով էլ հարց է առաջանում, թե, ուրեմն ի՞նչ են քննարկել Սարգսյանն ու Ալիևը, եթե ոչ այն, ինչի մասին Սարգսյանը հետո հայտարարել էր հայկական համայնքի հետ հանդիպմանը: Ո՞րն է եղել նրանց զրույցի թեման: Եվ արդյո՞ք այդ համատեքստում իրավացի չէր հանդիպումից հետո մեր այն գնահատականը, որն առիթ ենք ունեցել հնչեցնել, այն մասին, որ Սարգսյան-Ալիև Ժնևի հանդիպման օրակարգում ավելի շուտ եղել են Հայաստանի և Ադրբեջանի ներքին իշխանական և քաղաքական իրավիճակներին առնչվող հարցեր, քան բուն ղարաբաղյան թեմատիկային: Եվ այդ իմաստով, հայտնելով, որ չի գաղտնազերծել և ոչ մի բառ, Սերժ Սարգսյանը գործնականում բավական նրբորեն գաղտնազերծում է Ժնևը»:
«Ժողովուրդ». «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ Երևանում հայտարարել է, թե Հայաստանի համար գազի սակագինը հաջորդ տարի չի բարձրանա: «Մենք նման համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,- ասել է Մեդվեդևը: Սա նշանակում է, որ ՀՀ սահմանին գազի սակագինը 1 հազար խմ-ի համար կմնա 150 դոլար նաև 2018 թվականին: ՌԴ վարչապետի պատվիրակության կազմում Հայաստան այցելած «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերն էլ հայտարարել է, թե Հայաստանը հիմա արդեն ավելի շատ գազ է սպառում. «2017-ի առաջին 9 ամիսներին 2016-ի այդ նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարումներն աճել են մոտ 200 մլն խորանարդ մետրով»,- նշել է նա:
Փաստորեն, շնորհիվ ՌԴ վարչապետի՝ պարզվեց հերթական գազային սկանդալը: ՀՀ իշխանությունների հետ ռուսական կողմը պայմանավորվածություն էր ձեռք բերել գազի սակագինը հաջորդ տարի վերանայելու և բարձրացնելու մասին, բայց որպես բարի կամքի դրսևորում՝ «Գազպրոմ»-ը հիմա չի գնա այդ քայլին: Իսկ Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահել այդ հեռանկարի հավանականությունը ճիշտ այնպես, ինչպես թաքցրել էին նախորդ դեպքերում. հիշում եք՝ 2013թ. համապետական ընտրություններից հետո պարզվեց` գազի սակագինը տարիներ շարունակ Հայաստանի սահմանին բարձրացել էր, արդյունքում` հսկայական պարտքեր էին կուտակվել, և իշխանությունները թաքցրել էին այդ փաստը` պարտքն էլ փակելով ՌԴ-ին «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասը վաճառելով:
Ավելին՝ երբ 2016թ. դեկտեմբերին վարչապետ հարցրել էին ՀՀ ԱԺ ընտրություններից հետո գազի սակագինը բարձրացնելու հեռանկարի մասին, նա բացասական պատասխան էր տվել: Բայց, փաստորեն, միաժամանակ ռուսական կողմի հետ ՀՀ իշխանություններն այլ պայմանավորվածություն են ունեցել` 2018-ից գազի սակագնի վերանայման մասին»:
«Ժողովուրդ». «Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունն իսկական գլխացավանք է դարձել: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հերթական անգամ անդրադարձել է այդ ճանապարհի կառուցման աշխատանքներին` ընդգծելով որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը և ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինիի հետ զրույցում պահանջել իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջացած բոլոր խնդիրները վերացնելու համար:
Նկատենք, որ առաջին անգամը չէ՝ ՀՀ պաշտոնյաները դժգոհում են հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներից. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոշտ գնահատականներ էր հնչեցրել աշխատանքների որակի վերաբերյալ: Կարեն Կարապետյանն էլ երկու անգամ դիտողություն էր արել շինաշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Ու, փաստորեն, խնդիրները շարունակում են մնալ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է գրելու, որ 556 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերջնական կառուցումը Հայաստանի համար կարժենա ավելի քան 2 միլիարդ դոլար, չնայած, երբ 2012 թվականին մեկնարկեց այս ծրագիրը, հայտարարվեց, որ Մեղրիից մինչև Բավրա ձգվող մայրուղին կարժենա 962 միլիոն դոլար»:
«Հրապարակ». «Վերջին տարիներին յուրաքանչյուր տոնի առիթով համաներում սպասողներին կրկին հիասթափություն է սպասվում՝ 2017-ի տարեվերջին նույնպես այն չի լինելու, և հենց այդ պատճառով ներքին հրահանգ է իջեցվել՝ վաղաժամկետ ազատման ինստիտուտը գործի դնել։ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից մեզ հայտնեցին, որ վերջին 2 ամսվա ընթացքում 103 դատապարտյալ է ազատ արձակվել, օգոստոսին՝ 62 անձ, սեպտեմբերին՝ 41։ Համեմատության համար նշենք, որ 2016 թ․ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին դատարանների որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ընդամենը 27 դատապարտյալ, ինչից ակնհայտ երևում է, որ դատարաններն այս տարի շատ ավելի բարյացակամ են դատապարտյալների նկատմամբ»: