Եվրոպական ընտանիքի անդամ 28 պետությունները ողջունում են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, միաժամանակ ընդգծում՝ հարաբերությունների հետագա սերտացումը կախված է կայուն բարեփոխումների ընթացքից:
«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող թղթակցի ձեռքի տակ է հայտնվել համատեղ հայտարարության այն նախագիծը, որը Եվրամիության անդամներն ու Արեւելյան գործընկերության երկրները պատրաստվում են ընդունել նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովում. հենց այդ հավաքին էլ, ակնկալվում է, որ կստորագրվի Հայաստանի հետ Եվրամիության նոր համաձայնագիրը:
Հայտարարության նախագծով Բրյուսելը վերստին աջակցություն է հայտնում նախկին Խորհրդային Միության վեց պետությունների, այդ թվում Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմանը՝ փաստելով. «Հետագա համագործակցության շրջանակը եւ խորությունը որոշելիս հաշվի են առնվելու ոչ միայն երկկողմ կարիքները եւ հավակնությունները, այլեւ՝ իրականացվող բարեփոխումների ընթացքն ու որակը»:
Պատրաստակամություն հայտնելով շարունակել ֆինանսական աջակցությունը գործընկեր երկրներին, նախագիծը շեշտում է՝ օգնության չափը կախված է լինելու հստակ բարեփոխումներից. ավելի շատ կստանան այն երկրները, որոնք ավելի արդյունավետ քայլեր կձեռնարկեն ժողովրդավարություն, օրենքի գերիշխանություն ու ազատ շուկայական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:
Առանց որեւէ պետություն մատնանշելու՝ փաստաթղթի նախագիծը նաեւ շեշտում է, որ Արեւելյան գործընկերությունը միտված չէ որեւէ երրորդ երկրի դեմ, ինչպես նաեւ վերահաստատում, որ ցանկացած երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ ինչպես է ցանկանում շարունակել հարաբերությունները Եվրամիության հետ:
Ի տարբերություն երկու տարի առաջ Ռիգայում ընդունված համատեղ հայտարարության, այս տարվա նախագծում բավական ընդհանուր են ձեւակերպումները տարածաշրջանի հակամարտությունների վերաբերյալ: Հասցեական չառանձնացնելով որեւէ տարածքային վեճ՝ նախագիծը կոչ է անում ակտիվացնել ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա: «Հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումը եւ բարիդրացիական հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն տնտեսական ու սոցիալական զարգացման համար», - ասված է փաստաթղթում:
Նախագծի տեքստն արդեն համաձայնեցվել է Եվրամիության անդամների միջեւ եւ այժմ ուղարկվել է Արեւելյան գործընկերության երկրներ: «Փաստաթուղթը մինչեւ նոյեմբերյան գագաթնաժողովը կարող է եւ խմբագրվել, սակայն լուրջ փոփոխություններ չեն ակնկալվում», - հաղորդում է «Ազատության» Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվիակը՝ փաստելով. «Եվրամիության անդամ 28 երկրները հազիվ թե ետ կանգնեն ձեւակերպումներից, որոնց շուրջ համաձայնության գալու համար նրանցից ավելի քան երեք ամիս ժամանակ է պահանջվել»:
Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նախաստորագրվել է այս տարվա մարտի վերջին: