Լարված իրավիճակ Ջավախքում. հնչել են կրակոցներ, կան ձերբակալվածներ (տեսանյութ)
30.09.2017
Ջավախքի տարածաշրջանի Ախալքալաքիի հայաբնակ Գումբուրդո գյուղի բնակիչներն այսօր ցանկացել են խաչքար տեղադրել Գումբուրդո գյուղի եկեղեցու բակում թաղված հին շիրիմների հիշատակին: Սակայն ոստիկանությունը ժամանել է գյուղ և արգելել խաչքարի տեղադրումը՝ շրջափակելով եկեղեցու տարածքը:
Ինչպես հայտնում է «Հետք»-ը, Գումբուրդոյի բնակիչներից մեկը (խնդրեց չնշել իր անունը) պատմել, որ գյուղացիները շարունակում են պնդել, որ խաչքարը պետք է տեղադրեն: Իսկ ոստիկանությունը շարունակում է ուժեր կուտակել և ամրացնել շրջափակումը: Հնչել են կրակոցներ և հատուկ ջոկատայիններ ժամանել, կան ձերբակալվածներ:
Գումբուրդոյում է գտնվում Սբ. Համբարձման եկեղեցին, որտեղ Վրաստանի կառավարությունը` ի դեմս Մշակութային ժառանգության պահպանման գործակալության, սկսել է վերկանագնման աշխատանքներ իրականացնել: Ընթացքում ոսկորներ են ի հայտ եկել, որոնք այնուհետև կրկին թաղվել են: Եվ գումբուրդոցիները որոշել են դրանց հիշատակն «ամրացնող» խաչքար տեղադրել:
Այս եկեղեցու շուրջ վեճեր նախկինում էլ են ծագել: Վրացական կողմը պնդում է, որ այն վրացական եկեղեցի է և պետք է հանձնվի Վրաց ուղղափառ եկեղեցուն:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր ջավախքյան աշխատության մեջ անդրադարձել է ճարտարապետական բարձրարժեք այս եկեղեցուն՝ նշելով, որ այն ի սկզբանե հունածես եկեղեցիներից մեկն էր եղել՝ հիմնադրված Հովհաննես եպիսկոպոսի կողմից և օծված Սբ. Համբարձման անվամբ:
Ըստ հուշարձանագետի՝ տաճարի կառուցման աշխատանքները շարունակվել են մինչև 11-րդ դարի առաջին քառորդը: «Եկեղեցու տարածքում պահպանված բեկորված խաչքարերը, որոնք փաստում են միջնադարում տեղում հայոց գերեզմանոցի գոյությունը, վերաբերում են առնվազն 15-րդ դարին և անուղղակիորեն վկայում են, որ Սբ. Համբարձման եկեղեցին արդեն այդ ժամանակաշրջանում օծված է եղել որպես հայ-առաքելական և գործել ըստ այդմ»,- գրում է Սամվել Կարապետյանը իր «Ջավախք» գրքում:
Հուշարձանագետի փաստարկներով, 1830-ական թվականներին հինավուրց գյուղատեղիում հաստատված Կարնո նահանգի հայ գաղթականները փառավոր տաճարը գտել են լքված ու կիսավեր: Նրանք այդ եկեղեցու արևմտյան խաչաթևի հատվածը, որից կանգուն էին մնացել միայն պատերը, փայտածածկով նորոգելուց հետո հոգևոր իշխանության թույլտվությամբ օծել են Սբ. Համբարձման անունով և դարձրել ծխական եկեղեցի, բայց արդեն 1860-ականներին վրաց հոգևորականությունը վեճ է հարուցել եկեղեցին հայերի կողմից յուրացնելու կապակցությամբ:
Այնուհետև ավերակ և ամայի է մնացել մինչև խորհրդային կարգերի հաստատումը: Իսկ վերջին օծմամբ եկեղեցու արևմտյան խաչաթևը մնում է որպես հայոց ծխական եկեղեցի: