Ապակայունացնող «կայծ». Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ լարվածությունը Ջավախքում
01.10.2017
Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի իրադարձություների վերաբերյալ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, հայտնում է Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հայալեզու հարթակը:
Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի (Ջավախք) Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի բնակիչները սեպտեմբերի 30-ին փորձել են խաչքար տեղադրել եղբայրական գերեզմանատանը, որտեղ ամփոփվել են գյուղում գտնվող 10-րդ դարի սուրբ Համբարձման եկեղեցու վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները: Վրաստանի ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայության ներկայացուցիչները չեն թույլատրել բնակիչներին տարածք մուտք գործել, այնուհետև բնակիչների ու ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել: Գյուղ են ժամանել հատուկ ջոկատայիններ:
Բերման են ենթարկվել, սկսվել է հետաքննություն
Վրաստանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում մի խումբ տեղացիներ փորձել են ներխուժել մշակութային ժառանգության հուշարձանի տարածք:
«10-րդ դարի եկեղեցին, որը վերականգնվում է, պահպանում է ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայությունը: Անվտանգության ծառայության ներկայացուցիչները քաղաքացիներին եկեղեցու տարածք մուտք գործելու հնարավորություն չեն տվել, ինչից հետո մի խումբ տեղացիներ փորձել են ուժով ներխուժել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, ինչի հետևանքով ոստիկաններ են վիրավորվել: Վնասվել է նաև ՆԳՆ-ին պատկանող մի քանի ավտոմեքենա:
Ստեղծված իրավիճակից ելնելով, կարճ ժամանակ անց դեպքի վայր է մեկնել ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին և հանդիպել գյուղի բնակչությանը: Այս պահին իրավիճակը հանգիստ է: Տեղի ունեցածի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 353-րդ, 187-րդ հոդվածի 1-ին, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով», - ասված է հայտարարության մեջ:
Գյուղացիների եւ ոստիկանների միջեւ բախումների հետեւանքով գյուղի երկու բնակիչ բերման էր ենթարկվել: Գումբուրդո ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբվիշվիլիի հետ բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվել:
Ինչպես հայտնում է Jnews.ge տեղական կայքը բացի վրաստանի ՆԳ նախարարից, դեպքի վայրում են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանն ու «Վրաց հայրենասերների դաշինք»-ից Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը:
Նախարարը բանակցություններ է վարել, որից հետո հայտարարվել է, թե խաչքարի տեղադրման հարցը պետք է լուծվի հոգևորականների մասնակցությամբ:
Ավելի ուշ, եկեղեցու տարածք է մեկնել նաև Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեն: Նրա խոսքով, անհասկանալի է, թե ինչու է այսօր նման իրավիճակ ստեղծվել, քանի որ նորոգման աշխատանքները երկու տարի շարունակ ընթացել են առանց խնդիրների:
«Կարծում եմ աշխատանքները կշարունակվեն առանց որևէ խնդրի»,- հավելել է Անթիձեն:
Եկեղեցու շուրջ վեճն ու պատմությունը
Հայաբնակ Ախալքալաքի շրջանի Գումբուրդոյում է գտնվում Սբ. Համբարձման եկեղեցին, որտեղ Վրաստանի կառավարությունը` ի դեմս Մշակութային ժառանգության պահպանման գործակալության, սկսել է վերկանագնման աշխատանքներ իրականացնել: Ընթացքում ոսկորներ են ի հայտ եկել, որոնք այնուհետև կրկին թաղվել են: Եվ գումբուրդոցիները որոշել են դրանց հիշատակն «ամրացնող» խաչքար տեղադրել, որը եւ հանդիսացել է սեպտեմեբերի 30-ին տեղի ունեցած միջադեպի պատճառը:
Այս եկեղեցու շուրջ վեճեր նախկինում էլ են ծագել: Վրացական կողմը պնդում է, որ այն վրացական եկեղեցի է և պետք է հանձնվի Վրաց ուղղափառ եկեղեցուն:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր ջավախքյան աշխատության մեջ անդրադարձել է ճարտարապետական բարձրարժեք այս եկեղեցուն՝ նշելով, որ այն ի սկզբանե հունածես եկեղեցիներից մեկն էր եղել՝ հիմնադրված Հովհաննես եպիսկոպոսի կողմից և օծված Սբ. Համբարձման անվամբ:
Ըստ հուշարձանագետի՝ տաճարի կառուցման աշխատանքները շարունակվել են մինչև 11-րդ դարի առաջին քառորդը: «Եկեղեցու տարածքում պահպանված բեկորված խաչքարերը, որոնք փաստում են միջնադարում տեղում հայոց գերեզմանոցի գոյությունը, վերաբերում են առնվազն 15-րդ դարին և անուղղակիորեն վկայում են, որ Սբ. Համբարձման եկեղեցին արդեն այդ ժամանակաշրջանում օծված է եղել որպես հայ-առաքելական և գործել ըստ այդմ»,- գրում է Սամվել Կարապետյանը իր «Ջավախք» գրքում:
Հուշարձանագետի փաստարկներով, 1830-ական թվականներին հինավուրց գյուղատեղիում հաստատված Կարնո նահանգի հայ գաղթականները փառավոր տաճարը գտել են լքված ու կիսավեր: Նրանք այդ եկեղեցու արևմտյան խաչաթևի հատվածը, որից կանգուն էին մնացել միայն պատերը, փայտածածկով նորոգելուց հետո հոգևոր իշխանության թույլտվությամբ օծել են Սբ. Համբարձման անունով և դարձրել ծխական եկեղեցի, բայց արդեն 1860-ականներին վրաց հոգևորականությունը վեճ է հարուցել եկեղեցին հայերի կողմից յուրացնելու կապակցությամբ:
Այնուհետև ավերակ և ամայի է մնացել մինչև խորհրդային կարգերի հաստատումը: Իսկ վերջին օծմամբ եկեղեցու արևմտյան խաչաթևը մնում է որպես հայոց ծխական եկեղեցի:
Արձագանքներ Հայաստանից եւ ոչ միայն
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, հայ-վրացական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել վրաստանցի գործընկերոջ հետ՝ իր անհանգստությունը հայտնելով ստեղծված իրավիճակի առիթով: Շարմազանովը հույս է հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի հնարավորինս սեղմ ժամկետներում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱԺ փոխնախագահի գրասենյակը։
Վրացի խորհրդարանականները ևս նշել են, որ պետք է հնարավոր լարումից խուսափել:
Թեման լայն քննարկումների առիթ է դարձել նաև սոցիալական ցանցերում: Մասնավորապես՝ «Ռուսթավի 2», Tabula և Interpressnews լրատվականների ֆեյսբուքյան պաշտոնական էջերում տեղադրված նյութերի մեկնաբանություններում տեղ են գտել այնպիսիններ, որոնք կարող են դասվել ազգային հողի վրա ատելություն հրահրող հայտարարությունների շարքին (մեկնաբանություններում տեղ գտած հայհոյանքների պատճառով զերծ ենք մնում օրինակներ նշելուց): Միևնույն ժամանակ, նույնը կարծես, նկատվում է նաև հայաստանյան սոցտարածքում, գրեթե նույն բովանդակությամբ (Tert.am), գրում է «Ալիք մեդիան»:
Հատկանշական է, որ ինչպես վրաստանյան, այնպես էլ հայաստանյան լրատվամիջոցները իրադարձությունը լուսաբանելիս նշում են, թե միջադեպը տեղի է ունեցել հայ գյուղացիների և վրաց ոստիկանների միջև, («Էթնիկ հայերի առճակատումը վրաց ոստիկանների հետ», «Գումբուրդոյի հայ բնակչության և ոստիկանության միջև միջադեպ է տեղի ունեցել», «Ջավախքում բախումներ են տեղի ունեցել հայերի և ոստիկանների միջև» և այլն) մինչդեռ տեղում աշխատող Jnews լրատվականի լրագրող Աղունիկ Այվազյանը նշում է, որ երկու կողմից էլ եղել են և՛ վրացիներ, և՛ հայեր:
Քաղաքական հետեւանքները
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով Գումբուրդոյի միջադեպը կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ եւ կապված լինել հոկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ: Նրա խոսքով, իրավապահների կողմից բնակչության նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը եւ տեղացիների հնարավոր սադրիչ գործողությունները կարող են տարածաշրջանն ապակայունացնող «կայծ» հանդիսանալ:
«Դա կարող է վտանագավոր լինել Վրաստանի ներքաղաքական իրավիճակի համար եւ ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա», - նշում է նա:
Միեւնույն ժամանակ Ախալքալաքիի շրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ով եւս առաջադրել է իր թեկնածությունը ՏԻՄ ընտրություններին, կատարվածը չի կապում ընտրությունների հետ եւ չի տեսնում քաղաքական ենթատեքստ: «Գյուղում ամեն ինչ հանգիստ է, բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել: Լարվածություն չկա: Սպասվում է հայ եւ վրացի հոգեւորականների հանդիպումը, նրանք կվորոշեն խաչքարի տեղադրման հարցը», - նշել է նա: