ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի ներկայացրել է օրինագիծ, որը զգալիորեն կրճատում է օրինական ներգաղթը և ներկայիս աշխատանքային վիզաները փոխարինում միավորների համակարգով: Այս մասին գրում է CNN-ը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա: Դրան փոխարինող նոր համակարգը Միացյալ նահանգներ ներգաղթելու հնարավորություն կտա առավել կրթված և հմուտ անձնավորություններին:
Այս ծրագիրը ստեղծվել է Ավստրալիայի և Կանադայի ծրագրերի նմանությամբ, որոնք Թրամփը նախկինում բազմիցս գովել է: Այն միավորներ է տրամադրում պոտենցիալ ներգաղթյալներին՝ մի շարք կատեգորիաների վրա հիմնելով: Տարեկան այս համակարգով հասանելի է 140.000 վիզա, որոնք կտրամադրվեն ամենաշատ միավորներ հավաքածներին:
Նախագծի համաձայն, որը դեռ պետք է արժանանա Կոնգրեսի հավանությանը, ամենաշատ միավորներ հավաքած թեկնածուն, օրինակ, կլինի 26-31 տարեկան, ԱՄՆ-ում դոկտորական կամ այլ աստիճան ստացած, անգլերենի լավ տիրապետող և իր երկրում միջին եկամտից երեք անգամ ավելի շատ եկամուտ ունեցող թեկնածուն:
Թեկնածուն դիմելու համար պետք է ունենա առնվազն 30 միավոր: Ահա, թե այդ միավորներն ինչպես են հավաքվելու.
Տարիքը
Առաջնահերթությունը տրվում է հիմնական աշխատանքային տարիքային խմբերին: 18-ից 21 տարեկանները կստանան վեց միավոր, 22-ից 25 տարեկանները՝ ութ միավոր, 26-ից 30 տարեկանները՝ 10 միավոր: Այնուհետև միավորները նվազում են: 31-ից 35 տարեկանները կստանան ութ միավոր, 36-ից 40 տարեկանները՝ վեց միավոր, 41-ից 45 տարեկանները՝ չորս միավոր, և 46-ից 50 տարեկանները՝ երկու միավոր:
18 տարեկանից ցածր և 50 տարեկանից բարձր մարդիկ ոչ մի միավոր չեն ստանում:
Կրթություն
Միավորները բաշխվում են մարդու ստացած ամենաբարձր աստիճանի հիման վրա: Մեկ միավոր է տրամադրվում ԱՄՆ-ի ավագ դպրոցի դիպլոմի կամ դրա օտարերկրյա համարժեքի դեպքում, օտարերկրյա բակալավրի աստիճանի համար՝ հինգ միավոր, ամերիկյան բակալավրի աստիճանի համար՝ վեց միավոր, գիտության, տեխնոլոգիաների, ինժեներության և մաթեմատիկայի ոլորտում օտարերկրյա մագիստրոսական աստիճանի դեպքում՝ յոթ միավոր, ամերիկյան մագիստրոսական աստիճանի դեպքում՝ ութ միավոր: Դոկտորական աստիճանի դեպքում տրվում է 10 միավոր, իսկ դրա ամերիկյան համարժեքի դեպքում՝ 13:
Անգլերենի իմացություն
Միավորներ տրամադրվում են նաև անգլերենի իմացության համար՝ ստանդարտացված անգլերենի թեստի հիման վրա: Լեզվի իմացության 60 տոկոսից ցածր ցուցանիշի դեպքում ոչ մի միավոր չի տրվում, իսկ 100 տոկոսի իմացության դեպքում տրվում է 12 միավոր:
Աշխատանքի առաջարկ
Աշխատանքի առաջարկի դեպքում միավորների բաշխման վրա ազդում է ԱՄՆ-ում աշխատավարձի չափը: Հինգ միավոր տրամադրվում է, եթե դիմորդն ունի աշխատանքի առաջարկ, որը համապատասխանում է այն նահանգում, որտեղ նա աշխատելու է, միջին եկամտի 150 տոկոսին: Եթե խոստացվող աշխատավարձը լինի միջին եկամտի 200 տոկոսի չափով, անհատը կստանա 8 միավոր, իսկ 300 տոկոսի դեպքում՝ 13 միավոր:
Նոբելյան մրցանակ
«Բացառիկ նվաճումների» համար նախատեսված են բոնուսային միավորներ, որոնք հիմնականում նախատեսված են միջազգային խոշոր մրցանակների համար: Համակարգը 25 միավոր է տրամադրում Նոբելյան մրցանակի կամ դրան «համարժեք» այլ մրցանակների համար:
Օլիմպիական մրցանակ
15 միավոր կտրամադրվի այն անձանց, ովքեր Օլիմպիական մեդալ ունեն կամ համանման միջազգային մարզական մրցանակ:
Ներդրողներ
Օրինագիծը նախատեսում է դադարեցնել այն կատեգորիայի վիզաների տրամադրումը, որն ԱՄՆ-ում օտարերկրյա ներդրումներ է խրախուսել՝ EB-5 ծրագիրը: Այն, մասնավորապես, օգտագործել է Թրամփի փեսա Ջարեդ Քուշների ընտանեկան բիզնեսները՝ խոշոր անշարժ գույքի նախագծեր ստեղծելու համար: Համակարգը վեց միավոր է նախատեսում դիմորդի համար, ով 1,35 միլիոն դոլար կներդնի ԱՄՆ-ում «նոր կոմերցիոն ձեռնարկությունում», որը կաշխատի երեք տարի և որի կառավարումը կլինի հայտ ներկայացնողի գործունեության հիմնական բնույթը, 1,8 միլիոն դոլարի ներդրման դեպքում տրամադրվող միավորների թիվը հասնում է 12-ի:
Ամուսիններ
Օրինագիծը պահանջում է նաև վիզայի համար դիմողներին, եթե նրանք ցանկանում են իրենց հետ ամուսնուն բերել՝ հաշվարկել միավորները, որ նրանք կստանային նույն կատեգորիայում:
Մանրամասներն այստեղ: