Կալիֆորնիայում նոր օրինագծով արգելել են ներդրումներ կատարել Թուրքիայում
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր ժողովի հատկացումների հարցերով հանձնաժողովը Թուրքիայի դեմ ընդունել է AB 1597 օրինագիծը, որով արգելվում է Կալիֆորնիայի պետծառայողներին եւ ուսուցիչների կենսաթոշակային համակարգերին ներդրումներ անել Թուրքիայի կառավարության կողմից իրականացվող ծրագրերում:
Asbarez.com-ը գրում է, որ օրենսդիր ժողովի անդամ Ադրին Նազարյանը իր շնորհակալությունն է հայտնել գործընկերներին իրեն սատարելու համար.
«Անչափ երախտապարտ եմ գործընկերներիս Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակի արդարության համար մղվող պայքարում ինձ միանալու համար»,- ասել է նա:
Ապրիլի 19-ին օրենսդիր ժողովի Աշխատանքի, կենսաթոշակի եւ սոցիալական անվտանգության հարցերով հանձնաժողովն ընդունել էր օրինագիծ, որով կոչ էր անում ԱՄՆ պետական կենսաթոշակային հիմնադրամներին հրաժարվել Թուրքիայում ներդրումներ կատարելու ծրագրերից: Միաձայն ընդունված օրինագծի հեղինակն օրենսդիր ժողովի անդամ Ադրին Նազարյանն էր:
Օրենսդիր ժողովի 2 պալատների կողմից ընդունվելու, ինչպես նաեւ Կալիֆորնիայի նահանգապետի կողմից ստորագրվելու դեպքում օրինագիծը կարգելի CalPERS եւ CalSTRS պետական կենսաթոշակային հիմնադրամներին նոր ներդրումներ կատարել Թուրքիայում: